Հունիսի 25
Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների ընկերը։ Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը։ Ես այլափոխում եմ դրանք։ Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհն անգամ կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունն այլափոխում է այն։
Հանգստի օրվա` շաբաթի խաղարկությունը թող համակի ձեր սիրտն ու միտքը։ Կյանքի մտահոգություններից ու սրտացավերից ձերբազատվեք այդ օրը. կանգ առեք զբաղված կյանքի մայրուղու վրա և հանգիստ ու դադար առեք։
Երբևէ պատկերացրե՞լ եք այն սքանչելիքները, որ կարող եք ունենալ Ինձ հետ բարեկամություն անելիս։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ է նշանակում ի զորու լինել` հարկ եղած պահին կանչել աշխարհի արարիչ Աստծուն։
Անգամ երկրավոր թագավորին ներկայացող առանձնաշնորհյալ այցելուի համար կան պալատի նախասենյակն ու սպասասրահը և ընդունման ժամը, որ թագավորի հաճությունից է կախված։ Սակայն Իմ հետևորդներին Ես իրավունք եմ տվել` մտնել Իմ ներկայության մեջ, երբ որ կամենան. դեռ սրանից էլ ավելին եմ տվել։ Նրանք կարող են կանչել Ինձ իրենց անկողնու մոտ կամ իրենց վաճառատանը, և Ես այնտեղ եմ գալիս։
Աստվածային սերը սրանից ավելին կարո՞ղ է անել։ Քո ամենամտերիմ երկրավոր բարեկամն անգամ չի կարող քո կողքին լինել անմիջապես, բայց քո Տերը, քո Իշխանը, քո Աստվածային բարեկամը կարող է։
Երբ մարդիկ կամենում են պաշտել Ինձ, պատկերացնում են այն աշխարհները, որոնց վրա Ես իշխանություն ունեմ, մտածում են արարչության մասին, համատարած կարգ ու կանոնի մասին, և այդ ժամանակ է, որ ապրում են այն երկյուղը, որ հետևում է պաշտամունքին։
Ասում են ձեզ. ապրեք երկյուղը, ապրեք բաղձանքը` երկրպագելու Ինձ սքանչացումի մեջ հիացքի։ Սակայն մտածեք նաև Իմ բարեկամության մասին։ Մտածեք անգամ առօրյա կյանքի ամենատխուր իրադրությունների ժամանակ։