Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

ԱՄՆ-ը մտադիր չէ լքելու այն տարածաշրջանները, որոնք համարում է էներգահումքային

ԱՄՆ-ը մտադիր չէ լքելու այն տարածաշրջանները, որոնք համարում է էներգահումքային
02.07.2013 | 11:25

Ղարաբաղյան հարցում առաջացած ներկա իրավիճակը քաղաքական այդ գործընթացի զարգացման բավական որոշակի ելման փուլ ունի։ Սակայն ո՛չ հիմա, ո՛չ էլ սրանից առաջ իրենց քաղաքագետներ երևակայող հայ քաղաքական մեկնաբաններից ոչ մեկի մտքով իսկ չի անցել կառուցել ղարաբաղյան հարցի «կարգավորման» փորձերի ժամանակագրական սխեմա։ Համենայն դեպս, առավել հաճախակի արծարծվում են գործընթացի հրապարակային կողմերը, որոնք վերլուծության առումով ո՛չ իմաստ ունեն, ո՛չ իրական բովանդակություն։
Մոտավորապես 1999-ի աշնան կեսերին ԱՄՆ-ի պետքարտուղար Մադլեն Օլբրայթը պետդեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներից պահանջեց առաջարկություններ մշակել ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ։ Սակայն այդ ստորաբաժանումները չկարողացան կարգավորման իրագործելի նախագիծ առաջարկել։ Դրանից հետո նախագծի մշակման աշխատանքը հանձնարարվեց ԱՄՆ-ի տարբեր վերլուծական և փորձագիտական հիմնարկների։ Այդ ջանքերի շնորհիվ հաջողվեց հավաքել միայն առանձին փորձագիտական գնահատականներ ու ստեղծված իրավիճակի բնութագրումներ։ Աշխատանքին մասնակցում էին վերլուծաբաններ ու փորձագետներ` ինչպես նավթային լոբբիստական շրջանակների հետ կապված, այնպես էլ հայամետ։ Առավել իրատեսական ¥պետդեպի կարծիքով¤ նախագիծն առաջարկել էր Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հարրի Գիլմորը, որը ներկայումս աշխատում է դիվանագիտական ծառայության ուսումնական հաստատությունում։ Գուցե այն պատճառով, որ Հարրի Գիլմորը երկար ժամանակ կապված էր եղել թուրքական խնդիրների հետ, նրա նախագիծը, փաստորեն, շաղկապվում էր թուրք-հայկական հարաբերությունների գերակա կարգավորման խնդրի հետ։ Նախագծի տրամաբանությունն այն էր, որ Հարավային Կովկասում կա երկու առանցքային խնդիր. ռուս-վրացականը և թուրք-հայկականը։ ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ Վրաստանն ավելի հեռանա Ռուսաստանից, նրան տրամադրելով անհրաժեշտ քաղաքական ու ֆինանսական աջակցություն, ու միաժամանակ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները որպես Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վերահսկողության վճռական գործոն։ Հ. Գիլմորի ¥հնարավոր է նաև համահեղինակների¤ կարծիքով, ղարաբաղյան հարցը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների ածանցյալն է, որոնք պետք է քննել համատեղ։
ԱՄՆ-ի այդ նախագիծը նախատեսում է.
. Ադրբեջանի վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղի վերադարձի անհնարինություն,
. Լեռնային Ղարաբաղի կղզիացած գոյության անհնարինության և Հայաստանի հետ հաղորդակցության ապահովման նպատակով նրան Լաչինի շրջանի սահմանակից տարածքների միացման անհրաժեշտություն,
.խնդրի կարգավորման գործում նախորդ բոլոր ¥փաթեթային, թե փուլային¤ մոտեցումների անարդյունավետություն, քանի որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը պատրաստ չեն կարգավորման այդ մոտեցումներին,
. Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև օգտագործման համար բաց ինստիտուցիոնալ հաղորդակցական միջանցքների ստեղծման հիման վրա կարգավորման «բազային» մոտեցման ստեղծում, սկսած տնտեսական հարաբերությունների զարգացումից մինչև միմյանց քաղաքական ճանաչման պայմանավորվածությունների ձեռքբերում,
. այդ հաղորդակցական «միջանցքները» պետք է վերահսկեն ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի, ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմանափակ զորամիավորումները,
. ենթադրվում է ստեղծել հաղորդակցական չորս «միջանցք». Կարս-Գյումրի-Ղազախ, Կարս-Երասխ-Նախիջևան-Մեղրի-Ալյաթ-Բաքու,Նախիջևան-Լաչին-Ստեփանակերտ-Եվլախ։ Հնարավոր է, որ այդ երթուղիները ճշգրտված չեն,

. տնտեսական համագործակցության հիման վրա ընդհանուր պայմանավորվածություններ են ձեռք բերվում ԱՄՆ-ի ու Եվրոպական ընկերակցության մասնակցությամբ երեք պետությունների գոյակցության և քաղաքական-տնտեսական ինտեգրման համակարգի առնչությամբ,
. կարգավորման բոլոր առկա և ենթադրվող մոտեցումները կարող են դիտարկվել որպես երկրորդական այդ նախագծի հանդեպ, որը հանդես է գալիս իբրև հայեցակարգային գործիք։
Այսպիսով, այդ նախագիծը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն էր խոստանում։ Կասկած չկա, որ հենց Հայաստանն է դիտարկվում իբրև առավել շահագրգիռ կողմը հաղորդուղիների ապաշրջափակման գործում։ Նախագիծը ենթադրում է Ռուսաստանի դուրսմղում Հարավային Կովկասից և տարածաշրջանի պետությունների հետ Իրանի հարաբերությունների վերահսկողության սահմանում, ինչպես նաև կարգավորման ու գոյակցության համակարգի ստեղծում։ Այն համանման խնդիրների լուծման մի փորձ է։
Նախագիծը ասպարեզ իջեցվեց 1999-ի աշնան վերջին և 2000-ին զարգացում ստացավ դիվանագիտական խողովակներով։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը չէր փորձում քարոզչությամբ տարփողել այդ նախագիծը։ Փաստորեն այն դուրս չեկավ հույժ գաղտնի քաղաքական շփումների շրջանակներից։ Ընդ որում, հիմքեր կան պնդելու, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու դիվանագիտական ծառայությունը լիովին չեն հասկացել այդ նախագծի կարևորությունը։
Կոնկրետ պաշտոնատար անձանց թվացել է, թե խոսքը մի ինչ-որ մասնավոր նախագծի մասին է, որը միտված է հակամարտ կողմերի միջև հարաբերությունների բարելավմանը։ Թերագնահատվել է Թուրքիայի դերը, որ ենթադրվում էր այդ նախագծով։
ԱՄՆ-ի այդ նպատակների կապակցությամբ հարկ է որոշել Հայաստանի տեղն ու դերը ԱՄՆ-ի արտքաղաքական ռազմավարության մեջ։ Ներկայումս Հայաստանի իրադրությունը շատ է հիշեցնում Սիրիայի իրադրությունն ու դերը Մերձավոր Արևելքում։ Չունենալով նշանակալի ռեսուրսներ, գրավելով խոցելի աշխարհաքաղաքական դիրք, Սիրիան իր առանցքային դերը տարածաշրջանում պահպանում է բազմակողմանի քաղաքականության շնորհիվ, պաշտպանելով արաբական աշխարհի շահերը, չկորցնելով տարածաշրջանային առաջատար ռազմական տերության կարգավիճակը։ Սիրիայում ազդեցության համար պայքար է ընթանում արաբական առաջատար պետությունների, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Իրանի միջև։ Նույն կերպ ներկայացնելով Հայաստանի տեղն ու դերը, հասկանալով, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ընդունակ է զարգացնելու բարձր տեխնոլոգիաները, ունենալու մարտունակ բանակ և միաժամանակ թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի աջակցությունը, ԱՄՆ-ը ձգտում է տեսանելի հեռանկարով «վերապահել» Հայաստանը։ ԱՄՆ-ի համար կարևոր գործոն է, որ մեկուկես միլիոն հայեր ամերիկյան հասարակության օրինապահ, ինտեգրված մասն են։ Այս կապակցությամբ, Հայաստանի վրա ԱՄՆ-ի կոշտ քաղաքական և տնտեսական ճնշման որևէ եղանակ բացառվում է։
Ներկայումս Հ. Գիլմորի նախագիծը, փաստորեն, չի համարվում օրախնդիր և, ամենայն հավանականությամբ, գտնվում է ռեզերվում։ Դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում ակտիվորեն միջամտել հարավկովկասյան հակամարտություններին, որոնք վտանգավոր չի համարում իր աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական նպատակների համար։
Դեմոկրատական վարչակազմի գործունեության վերջին ամիսներին բացահայտորեն դրսևորվել են հանրապետական կուսակցության սկզբունքներն ու մոտեցումները։ Ջ. Բուշի վարչակազմը մտադիր էր նախ և առաջ պաշտպանել ամերիկյան կորպորացիաների շահերը, և տարբեր քաղաքական վարչակազմերի և իրավիճակների հաջորդափոխությունը դիտարկում էր բացառապես ելնելով ազգային անվտանգության շահերից։ Հանրապետական կուսակցության աջ թևի գաղափարախոսները բերում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Իրանում ու Մերձավոր Արևելքում գերմանական ու ֆրանսիական տնտեսական ներթափանցման հաջողության օրինակներ, երբ միաժամանակ քաղաքական ներկայության ապահովման ծախսերն են բացակայում։ Այդ արտքաղաքական գաղափարախոսության շրջանակներում ԱՄՆ-ը ձգտում է որոշ չափով նվազեցնել Կենտրոնական Ասիայում իր պատասխանատվության մակարդակը, ու երևի քննարկում է Հարավային Կովկասում իր քաղաքականության վերաիմաստավորման համանման տարբերակներ։ Առայժմ Հարավային Կովկասի հանդեպ այդ արտքաղաքական գաղափարախոսության իրականացման որոշակի նշաններ չկան։ Սակայն պետք է հասկանալ, որ «պատասխանատվության մակարդակի իջեցում» ասելով մենք հասկանում ենք միայն անվտանգության ապահովմանը մասնակցությունը և ոչ թե քաղաքական ու տեղեկատվական ներկայությունը։ ԱՄՆ-ը մտադիր չէ լքելու այդ տարածաշրջանները, որոնք համարում է էներգահումքային։ Տարածաշրջաններում պատասխանատվության մակարդակը նվազեցնելու այդ ձգտումը անկասկած, նկատվում է նաև Բ. Օբամայի քաղաքականության մեջ, բայց, երևի, որոշ ժամանակ կպահանջվի այդ գաղափարի լեգիտիմության հաստատման համար։
Բայց ԱՄՆ-ի հենց ընդհանուր և մասնավոր արտքաղաքական խնդիրներն ու գերակայություններն էին պայմանավորում Ջ. Բուշի վարչակազմի մտադրությունները նրա աշխատանքի առաջին փուլում։ Ինչպես հայտնի է, Ջ. Բուշը 2001 թ. հեռախոսազրույց էր ունեցել Ժ. Շիրակի հետ և առաջարկել էր ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար։ 1915 թ. ցեղասպանության ընդունումը Ֆրանսիայի կողմից ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս ավելի ճկուն քաղաքականություն վարելու Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչելու 1915 թ. ցեղասպանությունը և դրանով իսկ Եվրամիության հետ համատեղ պայմաններ ստեղծելու Թուրքիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Դա հնարավորություն կտա Թուրքիան կանգնեցնելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության առջև, դրանով իսկ լուծելու ղարաբաղյան հարցը։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի համար մինչև Ջ. Բուշի վարչակազմի իշխանության գալը ԵԱՀԿ-ի և մասնավորապես Մինսկի խմբի գործունեությունը միանգամայն անիմաստ և նույնիսկ վնասակար էր թվում։ Ամերիկացիները նույնիսկ կարծում էին, որ ԵԱՀԿ-ի գործունեությունը կապված է կոռուպցիայի որոշակի հանգամանքների հետ։ Իսկ ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը եվրոպական քաղաքականությունը, որպես այդպիսին, չի ընդունում։ ԵԱՀԿ-ի կողմից ղարաբաղյան և նմանատիպ այլ խնդիրների լուծումը կհանգեցնի այդ կազմակերպության հեղինակության աճին, և հնարավոր է թույլ կտա եվրոպացիներին, հատկապես Ֆրանսիային ու Գերմանիային, ձգտել եվրոպական ատլանտիզմի զարգացմանը։ Այս կապակցությամբ, Հ. Գիլմորի նախագիծը «համաեվրոպական քաղաքականության» չեզոքացման մի գործիք է թվում։ Ժ. Շիրակին Ջ. Բուշի առաջարկությունը կարող էր նպատակ ունենալ փլուզելու եվրոպացիների ցանկացած քաղաքական երկխոսության կառույց` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև եվրոպացիներին ցույց տալու, որ սին են նման հակամարտությունները ինչ-որ «փոխզիջումային» նախագծերի հիմքի վրա կարգավորելու հույսերը, եթե դրանք հաշվի չեն առնում պատերազմի հետևանքով առաջացած նոր իրողությունները։ Այս առումով, կարող ենք ենթադրել, որ տարածքների փոխանակման նախագծերը նորից օրախնդիր կդարձվեն, բայց երբ արդեն վերջնականորեն կվարկաբեկվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում նախատեսող նախագծերը։ Նշենք, որ Եվրախորհրդարանի հավանությանն արժանացած, այսպես կոչված, «ընդհանուր պետության» մոդելն առաջարկել էին ոչ թե եվրոպացիները, այլ ամերիկացիներ Էդվարդ Ջերիջյանը և Փիթեր Ռոզենբլաթը։
Իսկ Ֆրանսիան, հսկայական հաջողությունների հասնելով ավիացիոն և այլ բարձրտեխնոլոգիական շուկաների գրավման հարցում, ըստ էության, իր վերահսկողությունն է հաստատել կասպյան խոշորագույն «Թենգիզ» նավթահանքի նկատմամբ, ձեռք բերելով «Բրիթիշ փեթրոլեումի» մասնաբաժինը, նաև առաջատար դիրքեր ունի Իրանի հարավի նավթի ու գազի շահագործման գործում։ Ֆրանսիան ու Գերմանիան ծայրաստիճան շահագրգռված են իրանական գազի` Եվրոպա արտահանմամբ։ Նրանց կառավարությունները իրենց երկրների խոշորագույն բանկերի հետ համատեղ մշակում էին Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-ՈՒկրաինա-Եվրոպա մայրցամաքային գազամուղի մի նախագիծ։ ԱՄՆ-ը, չնայած «իրանական գործոնի» առկայությանը, շահագրգռված է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախման նվազեցմամբ։ Եվրոպայում գազի գների ազատականացումը կհանգեցնի դրանց բարձրացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովելու իրանական գազի օգտագործման բարձր շահութաբերությունը։ Եվ այս կապակցությամբ Ֆրանսիան, որպես համաեվրոպական քաղաքականության ջատագով, շահագրգռված է Հայաստանում ու Վրաստանում կայունության ապահովմամբ, որոնք առավել խոցելի երկրներն են գազամուղի երթուղում։
Աշխարհաքաղաքական այս պայմանները ԵԱՀԿ-ի համար հիմք են հանդիսանում փորձելու Հայաստանին զիջումների տարբերակներ առաջարկել Լեռնային Ղարաբաղի հարցում` տնտեսական շահի դիմաց։ Ստրասբուրգում Ռ. Քոչարյանի հռչակած կարգավորման սկզբունքները շոկի մեջ գցեցին եվրոպացիներին, սակայն լիովին ձեռնտու էին ամերիկացիներին։ Այդ սկզբունքները հետևյալ բովանդակությունն ունեն։ Ադրբեջանին է զիջվում 1993-94 թթ. գրավված տարածքների մեծ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվում է, Լեռնային Ղարաբաղը Լաչինի շրջանով հանդերձ միացվում է Հայաստանին։ Իսկ Քոչարյանի հռչակած «համասուբյեկտության» և «միջազգային երաշխիքների» սկզբունքները, ավելի շուտ, «ընդհանուր պետության» մոդելին են վերաբերում, որը հիմա նույնիսկ քարոզչական նշանակություն չունի։
Հնարավոր է, որ ներքոհիշյալ արտահայտությունը ընկալվի իբրև բուռն երևակայություն կամ մարտահրավեր, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատկերացում իսկ չունի աշխարհում տեղի ունեցող իսկական քաղաքական գործընթացների մասին։ Դա շատ վտանգավոր է, բայց, դե, իրողություն է։ Անցած տասը տարին շատ բան է փոխվել միջազգային քաղաքականության մեջ, և ԱՄՆ-ը բնավ շահագրգռված չէ այն հաղորդուղիների ապաշրջափակմամբ, որոնք կարող են Թուրքիայի կողմից օգտագործվել իր նվաճողական նկրտումների իրականացման համար։ Թուրքիային զսպելու ամերիկյան քաղաքականությունը պաշտպանություն է գտնում եվրոպացիների կողմից, թեև ԱՄՆ-ը շարունակում է «Եվրամիություն ընդունվելու Թուրքիայի ձգտման» խաղը։ Արդեն ոչ ոք չի փորձում խոսել Մեղրիի միջանցքի և մյուս փոխադրական ուղղությունների բացման մասին։ Կասկած չկա, որ ՌՀՍ-ի մասին և Աֆղանստանում գործողությունների իրականացման նպատակով հաղորդուղիների օգտագործման մասին պայմանագրերի ստորագրմամբ միջազգային հարաբերություններում ղարաբաղյան գործոնի դերը, որպես ճնշման լծակի, կնվազի։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 27199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ