Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Վրաստանի ցանկացած ապագա նախագահ կհամագործակցի Ռուսաստանի հետ

Վրաստանի ցանկացած ապագա նախագահ կհամագործակցի Ռուսաստանի հետ
12.07.2013 | 12:10

Վրաստանում բավական հակասական իրավիճակ է ստեղծվել, ինչն անհնար է չտեսնել` վերլուծելով այդ երկրում տիրող իրադրությունը։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ ոչ լրիվ ինը տարվա ընթացքում Մ. Սաակաշվիլին ու նրա թիմը կարողացել են 5-6 անգամ մեծացնել երկրի ՀՆԱ-ն ու պետբյուջեն, ինչն արտակարգ երևույթ է Արևելյան Եվրոպայի համար։ Ստեղծվել է նոր վարչահամակարգ, մեծ քայլեր են արվել իրավակարգի հիմքեր գցելու համար, և ներկա իրավիճակը չի կարելի համեմատել Է. Շևարդնաձեի ժամանակների հետ, երբ պետությունը կշիռ չուներ, երկրում քաոս էր տիրում, իշխանությունն առանձին քայլերով ու հայտարարություններով էր իրեն զգալ տալիս։ Ներկա հաջողություններն անհնար է անտեսել, բայց պետք է հասկանալ, որ երկրի ունեցած պաշարները և աշխատանքի միջազգային բաժանման գործում նրա նշանակությունը թույլ չեն տալիս հասնել տնտեսական այնպիսի մակարդակի, որն ապահովեր գործազրկության նվազում և բնակչության մեծ մասի սոցիալական պաշտպանություն։ Փաստորեն, երկրի բնակչության կեսից ավելին չի կարող շատ թե քիչ ապահովված համարվել, իսկ մեկ հինգերորդ մասը ծայրաստիճան աղքատության մեջ է ապրում։ Պահպանվում է կոռուպցիան, վարչարարությունը չարաշահվում է, պահպանվում է տնտեսության կլանային կազմակերպման համակարգը։ Արդյունաբերություն գոյություն չունի։ Արտահանությունը խիստ սահմանափակ է, գերիշխում է վերարտահանությունը, ինչը մեծ եկամուտ չի բերում։ Մոտ ապագայում, անգամ բավական էական արտաքին օգնության պարագայում, Վրաստանին չի հաջողվի հաղթահարել այդ բարդ իրավիճակը, ինչը կկանխորոշի արտքաղաքական միտումը երկրում։ Հարկ է նշել, որ անապահով մարդկանց նման մեծ զանգվածը հիմք է հանդիսանում հասարակական ուժեղ դժգոհության, զանգվածային բողոքի ցույցերի, նոր ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների կազմավորման համար։ Դրա հետ մեկտեղ, կան բնակչության բազմաթիվ խավեր, որոնք քիչ առավելության չեն հասել Մ. Սաակաշվիլու քաղաքականության շնորհիվ։ Հարկավոր է նաև նկատի ունենալ, որ երկրի 4360 հազար բնակչությունից ավելի քան մեկ միլիոնը նախընտրում է տնտեսական տարագրությունը, ինչը հանգեցնում է երկրի սոցիալական խեղմանն ու մեղմացնում սոցիալական դժգոհությունը։ Չհասկանալ այդ իրավիճակը կնշանակեր անտեսել իրողությունը, ինչը չի կարող բազային նախադրյալ լինել իրավիճակի վերլուծության համար։ Մ. Սաակաշվիլին դեռ բավական ժողովրդականություն ունի և հենվում է բնակչության մի ստվար զանգվածի վրա, նախ և առաջ երիտասարդության։ Եթե բնակչության մի մասը, այդ թվում մտավորականներն ու միջին տարիքի մարդիկ, խիստ հիասթափված են Մ. Սաակաշվիլուց` հարավօսական արկածախնդրության առթիվ, ապա երիտասարդության զգալի մասը նրան հերոսացնում է և համարում մի քաղգործիչ, որն ընդունակ է վճռական գործողությունների։ Մ. Սաակաշվիլու ժողովրդականության գործոններից մեկն էլ ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունն է, հատկապես տարածաշրջաններում։
Ինքնուրույն քաղաքական գոյության անցած 20 տարին հանգեցրել է վրաց հասարակության մտածողության որոշ կարծրատիպերի ու կողմնորոշումների առաջացմանը։ Վրաց հասարակության լայն շրջանակների խնամառուական հակումը մեծապես տեղափոխվել է արտաքին քաղաքականության ոլորտ, ինչը նշանակում է ԱՄՆ-ի համատարած ու պարտադիր աջակցություն և կոչված է Վրաստանը հեռու պահելու դժվարություններից ու ճգնաժամային երևույթներից, երկիրն առնելու Արևմտյան ընկերակցության լիակատար վերահսկողության ներքո։ Ներկայումս, չնայած վրացիները քանիցս հիասթափվել են ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականությունից, նրանք շարունակում են Արևմուտքը համարել այլընտրանք չունեցող «բևեռ», և առաջատար քաղաքական կուսակցությունները, այդ թվում նաև ընդդիմադիրները, իրենց քաղաքականությունն ու դիրքերը կառուցում են` ելնելով քաղաքական իրողության և հեռանկարի այդ տեսլականից։ Ինչ վերաբերում է վրացական այն քաղգործիչներին, որոնք հարաբերություններ են հաստատում Մոսկվայի հետ, ապա նրանք հաջողությամբ այցելում են Վաշինգտոն ու եվրոպական մայրաքաղաքներ, ձգտելով աջակցության համաձայնություն ստանալ։
Ներկայումս ԱՄՆ-ն ու Եվրոպան մոտավորապես նույն կերպ են վերաբերվում Սաակաշվիլուն։ Նա Արևմուտքի համար խիստ անհարմար գործիչ է, և այնտեղ ուրախ կլինեին ազատվելու այդ անձնավորությունից։ Միաժամանակ, ամերիկացիներն ու եվրոպացիները չէին ցանկանա, որ Վրաստանում ընդդիմադիրներն իշխանության գան օրինական ճանապարհով։ Ամերիկյան փորձագետներն ասում են, որ իրենք դժվարությամբ են Սաակաշվիլուն պատկերացնում նախագահի պոստում ևս երեք տարի, բայց չգիտեն, թե ինչպես ազատվեն այդ գործչից։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն ու Եվրոպան կցանկանային վերահսկել Վրաստանի իրադարձությունները և իրենց «կապել» թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր առանց բացառության բոլոր քաղգործիչներին։ Չի կարելի ասել, թե ինչն է քիչ թե շատ կարևոր քաղաքական խնդիրը, սակայն, այդուամենայնիվ, նման խնդիր կա։ Այս կապակցությամբ կարելի է չկասկածել, որ, եթե նույնիսկ վրացի քաղգործիչները լավ հարաբերություններ հաստատեն Մոսկվայի հետ, նրանց կապերը Վաշինգտոնի հետ չեն թուլանա։
Ելնելով այդ հանգամանքներից, մենք հետևյալ ենթադրություններն ենք անում Վրաստանի նախագահի պոստի թեկնածուների առնչությամբ Ռուսաստանի հնարավոր քաղաքականության վերաբերմամբ։
Իմաստ չունի վրացի քաղգործիչների շրջանում որոնել հակաամերիկյան հայացքների տեր կամ առավելապես դեպի Մոսկվա կողմնորոշված մեկին։ Դա ծայրաստիճան ոչ խելամիտ, միանգամայն միամիտ ու ապարդյուն զբաղմունք կլիներ։ Նման քաղաքական գործիչ Վրաստանում պարզապես չկա։ Ընդհակառակը, քաղաքական առումով արդարացված կլիներ շեշտը դնել այնպիսի մեկի վրա, որն ունենար քաղաքական և վարչական փորձ, եղած լիներ իշխանական միջանցքներում, բավականաչափ ճանաչված լիներ երկրում ու պարտավորեցնող հարաբերություններ ունենար ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների քաղգործիչների հետ։ Ռուսաստանն արդեն ունի միարժեքորեն Ասլան Աբաշիձեի ու Ջոմբեր Պատիաշվիլու վրա հենվելու տխուր փորձ կամ էլ Իգոր Գիորգաձեի, որն այժմ քաղաքական լուսանցքում է գտնվում։
Պետք է հիշել, որ ԱՄՆ-ը կարող էր Ռուսաստանի հետ որոշ պայմանավորվածության գալ Վրաստանի և ամբողջ Հարավային Կովկասի հարցում, և ամերիկացիները շատ մոտ են նման պայմանավորվածությունների։ Ռուսաստանին չի հաջողվի սահմանափակել կամ առհասարակ բացառել ռազմական տարանցումը Հարավային Կովկասի երկրների տարածքով, ինչը շատ կարևոր է ամերիկացիների համար, բայց լիովին հնարավոր է բացառել անգամ ոչ մեծ ռազմական բազաների ստեղծումը տարածաշրջանում, ինչպես նաև այդ պետությունները ՆԱՏՕ-ին միացնելու հարցի քննարկումը։ Վրաստանում «իր մարդուն» նախագահի աթոռին «նստեցնելու» ամեն մի փորձ կարող է հանգեցնել ուժեղ առճակատման, ինչի հետևանքով կկորսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարածաշրջանային քաղաքականության համաձայնեցման հնարավորությունները, դա կարող է նաև առաջ բերել եվրոպացիների հակազդեցությունը։ Ռուսաստանի համար կարևոր է ոչ թե վրացիների կամ մյուս ժողովուրդների անկեղծ սերը, այլ սպառնալիքների բացակայությունը և ուժի ու քաղաքականության համաշխարհային կենտրոնների հետ քաղաքական որոշ խնդիրների համաձայնեցվածությունը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ը նախկին ակտիվությունը չի ցուցաբերում Սև ծովում իր ներկայությունն ընդլայնելու հարցում։ Պատճառն այն է, որ հիմա այդ շրջաններում խնդիրներ չկան ու թե երբ կլինեն, շատ դժվար է ասել։ Նա հիմա հույս ունի որոշ չափով կարգավորելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ՈՒստի Վրաստանի նախագահի թեկնածուն, որը շատ թե քիչ ընդունելի լինի Ռուսաստանի համար, պետք է աջակցություն ունենա կամ գոնե հավանության արժանանա ԱՄՆ-ի կողմից։ Այդ պահանջներին լիովին համապատասխանում է Նինո Բուրջանաձեն։ Նման քաղգործիչ կարող է դիտվել նաև Իրակլի Ալասանիան, թեև նա դեռևս պատշաճ աջակցություն չունի ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ռուսաստանում։ Բայց միայն այդ երկուսի վրա կարող էր շեշտը դնել Ռուսաստանը։ Սակայն հարկ եղավ օգտվել Բ. Իվանիշվիլու երևույթից` ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման համար։ Դա վկայում է, որ հասարակությունը դեռևս բավականաչափ զարգացած չէ և անհրաժեշտ է մեծ փողեր մեջտեղ բերել։ Վարկած կա, որ Բ. Իվանիշվիլու քաղաքական հաջողությունը ֆրանս-ռուսական նախագիծ է, բայց եթե այդպես էլ չէ, ապա հետաքրքիր կլիներ մտածել, որ նոր թիմի իշխանության գալը կապ ունի ինչ-որ փոխզիջումային երկկողմ նախագծի իրականացման հետ։ Համենայն դեպս, այդ դեպքում չի խոսվում ամերիկացիների մասին` որպես այդ «խաղաղ» հեղաշրջման նախաձեռնողների։
Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի ազդելու Վրաստանի և վրաց հասարակության վրա։ Եվ նախագահի շատ թե քիչ ընդունելի թեկնածուի ընտրության գործում Ռուսաստանը կարող էր նրա վրա ներգործության ավելի համակարգված ծրագիր ծավալել։ Նման հնարավորություններ չունեն ո՛չ Եվրոպայի պետությունները, ո՛չ ԱՄՆ-ը։ Վրաց հասարակության նշանակալի մասը ավելի ու ավելի է Ռուսաստանի հանդեպ Սաակաշվիլու քաղաքականությունը համարում անմիտ, իրենց երկրի ազգային շահերից չբխող։ ՈՒստի Ռուսաստանը «երկրորդական» տերության դեր չի ստանձնի Վրաստանի վրա ազդեցության հարցում, եթե վրացի քաղգործիչները շարունակեն սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի ռազմավարությունը պետք է ենթադրի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ասիական տերությունների շահերն ու սպառնալիքները հաշվի առնող քաղաքական մի նախագիծ։
ԱՄՆ-ի համար Կովկասում տիրող ներկա իրավիճակն ու տարածաշրջանում Ռուսաստանի դերը շատ նպաստավոր են։ Ռուսաստանն օբյեկտիվորեն դիմակայում է Թուրքիային, և նրա հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց չի կարող հոգ չտանել նրա քաղաքականությանը հակազդելու մասին։ Ռուսաստանը ինչ-որ չափով մշակել ու առաջադրել է Իրանի առնչությամբ վերափոխված քաղաքականություն, ինչն ապահովում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ նրա հայացքների ու դիրքորոշումների մերձեցում։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանն անչափ շահագրգռված է միջազգային արմատական կառույցների, այդ թվում` Աֆղանստանի արմատականների ու ահաբեկչության դեմ մղվող պայքարի հաջողությամբ։ Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված է Չինաստանի զսպմամբ, հասկանալով, որ Արևելքից բխող նոր ու իրական վտանգ է սպառնում Եվրոպային։ Ռուսաստանը հռչակել է իր աշխարհաքաղաքական շահերը, մատնանշելով ազդեցության գոտիները, ինչն այնքան էլ չի հակասում ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար պետությունների արմատական շահերին։ Ռուսաստանը Արևմուտքի կողմից ավելի ու ավելի քիչ է դիտարկվում իբրև սպառնալիք ու հակառակորդ, նա ավելի շատ ստորադաս գործընկեր է իր խնդիրների լուծման համար, քանի որ Ռուսաստանը կարող է բուֆերի դեր խաղալ իսլամական աշխարհի և Չինաստանի կողմից սպառնացող վտանգը չեզոքացնելու գործում։ Ռուսաստանի համար այդ ոչ այնքան նախընտրելի ու շատ վտանգավոր գործառույթը նրան խուսավարելու և աշխարհում իրավահավասար տեղ բռնելու մեծ հնարավորություն է տալիս։ Այդ իրավիճակն ու հեռանկարը հանգեցնում են այն մտքին, որ կարիք չկա դրամատիկացնելու իրավիճակը Սև ծովի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի առնչությամբ, հասկանալով, որ ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին։ Բավական էր, որ ԱՄՆ-ը փոքր-ինչ թուլացներ ակտիվությունը Արևելյան Եվրոպայում ու Կովկասում, վրացի քաղգործիչներն անմիջապես ակտիվացրին իրենց գործունեությունը Ռուսաստանի ուղղությամբ։ Հարկ է նշել նաև, որ այն հույսերը, թե հանրապետական կուսակցության իշխանության գալով կարող են փոփոխություններ տեղի ունենալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, լուրջ հիմքեր չունեն։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան արդեն Ջ. Բուշի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։ Բ. Օբամայի վարչակազմը սոսկ հաստատեց հանրապետականների արածը։
Վրաց «քաղաքական դաշտը» շատ է խայտաբղետ, և քաղաքական գործիչների շարքում քիչ չեն այնպիսիք, ովքեր կարող են այս կամ այն չափով ռուսամետ թվալ, ինչը, նախապատվության է նման։ Այդ գործիչների մեջ են թե՛ նրանք, ովքեր արդեն երկու տասնամյակ ակտիվ քաղաքականության մեջ են, թե՛ նրանք, ովքեր վերջին տարիներս են քաղաքականություն մտել։ Ըստ էության կարելի է հենվել ցանկացած քաղգործչի վրա, որը «կամուրջները չի այրել» համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ և պատրաստ է իրատես արտաքին քաղաքականություն վարելու։ Մ. Սաակաշվիլու «մոդելը» իդեալական էր կոշտ առճակատման պայմաններում և իրեն սպառեց, երբ առճակատման մակարդակը նկատելիորեն իջավ։ Դեմ առ դեմ կանգնելով իրատես արտաքին քաղաքականություն վարելու խնդրի առջև, Սաակաշվիլին տեսավ, որ քաղաքականության մեջ այլևս մանևրելու ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ժամանակ չունի։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Վրաստանի նախագահի պաշտոնում լինի մեկը, որը կկարողանա ավելի հաշտ ու կանխատեսելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը չի էլ ուզում, որ վրաց-ռուսական հարաբերությունները լիովին կարգավորվեն, սակայն նա շահագրգռված է Կովկասում տիրող իրավիճակի կանխատեսելիությամբ, Ռուսաստանի կողմից որևէ սպառնալիքի բացառմամբ։ Ռուսաստանը ճկունություն և կատարելություն ցուցաբերեց վրացական ռազմական գործողության ժամանակ, երբ թույլ չտվեց որևէ սպառնալիք էներգետիկ ուղիների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի համար այդ ժամանակ ունեին ոչ թե էներգետիկ, այլ խորհրդանշական, այսինքն` հեղինակության նշանակություն։ Ամերիկացիները հասկացան, որ Ռուսաստանը կառավարում են ոչ թե ագրեսորի հոգեբանությամբ տառապող մարդիկ, այլ միանգամայն կանխատեսելի քաղգործիչներ, իսկ ամերիկյան փորձագետները այդ իրադարձությունները գնահատեցին որպես իր հանդեպ հարգալից վերաբերմունքի հայտ Ռուսաստանի կողմից։
Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Վրաստանի նախագահի պոստում տեսնելու շողոմախոս մեկին, որը իրավամբ հենվում է սոսկ հասարակության սահմանափակ խավերի վրա և մտավոր խնդիրներ ունի։ Ռուսաստանը կարող էր շատ կառուցողական հարաբերությունների մեջ մտնել այնպիսի քաղգործիչների հետ, ովքեր հասցրել են ազդարարել իրենց քաղաքականության հիմնադրույթները` որպես արևմտամետ, սակայն իրենց չեն արատավորել հակառուսական անհեթեթություններով, իռացիոնալ, անհամարժեք վարքագծով։ Պետք է համոզված լինել, որ ցանկացած վրացի քաղգործիչ կառաջադրի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը, այստեղ կասկած լինել չի կարող։ Բայց խնդիրն այն է, թե ինչ կերպ կառաջադրվի այդ հարցը` կոշտ ու կոպիտ առճակատման կարգո՞վ, թե՞ կառուցողական երկխոսության շրջանակներում, իրողությունները հաշվի առնելով։ Համենայն դեպս, պետք է համոզված լինել, որ Վրաստանի ցանկացած ապագա նախագահ, եթե նա Մ. Սաակաշվիլու ճամբարից չէ, կհամագործակցի Ռուսաստանի հետ, ընդ որում` լայն ճակատով։ Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի համագործակցության համար, և ոչ միայն տնտեսական ոլորտում։ Եվ դա արդեն տեղի է ունեցել։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ