Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Կատարվածը բացահայտեց ՌԴ քաղաքական համակարգի հիվանդությունը»

«Կատարվածը բացահայտեց ՌԴ քաղաքական համակարգի հիվանդությունը»
26.07.2013 | 14:50

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական արդարադատության իրականացրած դաժան և անմարդկային վերաբերմունքից հետո հայ հասարակության տարբեր շերտեր բացահայտեցին այսօրվա Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Եթե քաղաքացիական առանձին ակտիվիստներ կազմակերպեցին բողոքի ցույցեր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, ապա քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ շտապեց Հայաստան հրավիրել ռուս քաղաքագետների և, ինչ-որ թվեր վկայակոչելով, արտահայտել հայաստանցիների կարոտախտն առ ԽՍՀՄ: Եվ սա այն ժամանակ, երբ ամիսներ անց սպասվում են ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ առևտրի պայմանագրի նախաստորագրումը, որն էլ, հազիվ թե ընկալելի ու ողջունելի լինի կայսերական հավակնություններով տառապող Ռուսաստանի համար: ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ կան բազմաթիվ վտանգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ապրող հայերի համար: «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և դրանց համար պայքարելու ռեսուրսներ: Եվ դա հայկական պետությունն է: Մենք կարող ենք արտերկրում ապրող մեր քաղաքացիներին ցույց տալ հումանիտար, տնտեսական, իրավական օգնություն, տալ ապաստան աղետների ժամանակ: Հենց Հրաչյա Հարությունյանի դեպքում մեր պետությունը մի քիչ ուշացումով, բայց օգնություն հասցրեց: Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա դա ՌԴ-ի ներքին խնդիրն է, ՌԴ-ի իրավապահ համակարգի խնդիրն է, որովհետև այդ հագուստով, առողջական այդ վիճակով չէր կարելի այդ մարդուն տանել քննության, տանել դատարան: Դա արդեն Ռուսաստանի հիվանդությունն է, նրա քաղաքական համակարգի հիվանդությունը: Ես դա չեմ համարում հակահայկական քայլ»,- ասաց Ազատ Արշակյանը: Հետահայաց վերլուծելով կատարվածը՝ մեր զրուցակիցը կարծում է, որ ռուս իրավապաշտպանները պետք է հնչեցնեին տագնապի կոչնակ, ՌԴ իշխանություններն ու հասարակությունը չպետք է թույլ տային մարդու արժանապատվությունը նվաստացնող որևէ արարք: «Այն չափով, որքանով որ մենք ձգտում ենք, որ հարգվեն մարդու իրավունքները, այդ չափով էլ մենք կարող ենք նպաստել Ռուսաստանում իրավական մշակույթի բարձրացմանը»,- ասաց Ազատ Արշակյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ