Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Իրանի «ողջույնները» միշտ չէ, որ անկեղծ են

Իրանի «ողջույնները» միշտ չէ,  որ անկեղծ  են
29.07.2013 | 23:45

Սիրիայի ներկա իրադարձություններն ունեն թե՛ օրախնդիր, թե՛ պատմական ենթատեքստ, սակայն դրանք փոքր-ինչ շղարշել են նախընթաց դեպքերը, որոնք հիմք են հանդիսացել Մերձավոր Արևելքում արտաքին դերակատարների նպատակների ու խնդիրների ծավալման համար։
Թուրք-իրանական հարաբերությունները տարբեր դժվարություններ ունեն, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն շոշափում են ԱՄՆ-ի շահերը Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում։ Կարելի է առանձնացնել դժվարությունների երեք խումբ։ Առաջին. թուրք-իրանական աշխարհաքաղաքական մրցակցությունն ու որոշակի չափով` դիմակայությունը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում և այլ տարածաշրջաններում։ Երկրորդ. Իրանի դժգոհությունները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի սերտ համագործակցության առիթով։ Եվ երրորդ. իսլամացման և Թուրքիայում իսլամական կարգերի զարգացման իրանական քաղաքականությունը։ Թուրքիայում իսլամական գաղափարներ ներդնելու Իրանի ձգտումը, որը Թուրքիան քաղաքական-գաղափարախոսական դիվերսիա է համարում, առավել զգայուն կողմն է թուրք-իրանական հարաբերություններում։ Ժամանակին, երբ Թուրքիայում կառավարում էր իսլամիստական Էրբականը, փոփոխություններ չեղան իր հարևանի նկատմամբ Իրանի քաղաքականության մեջ։ Իրանցիները Թուրքիայի իսլամացման «առաջին փորձը» լուրջ ու սկզբունքային չէին համարում։ Հիմա Էրդողանի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության փորձերը, ինչպես նաև Թուրքիայում իսլամական քաղաքական զարգացման նոր ալիքը Իրանում համարում են լուսանցքային և խոտոր քաղաքական դրսևորումներ, որոնք նպատակ ունեն ակտիվացնելու Թուրքիայի տարածաշրջանային նվաճամտությունը։ Իրանը չի հրաժարվել Թուրքիայի իսլամականներին աջակցելուց։ Իրանցիներն աջակցություն են ցուցաբերում, ըստ էության, բոլոր իսլամական կազմակերպություններին, Անատոլիայի ալավի շիաներին։ Իրանը ձգտում է Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի վրա ազդեցություն գործել Եվրոպայի թուրքական սփյուռքի միջոցով, խորացնելով իսլամական քարոզչությունը։ Նա հարևան տարածաշրջաններում Թուրքիայի գործադրած ջանքերին հակահարված է հասցնում բոլոր հնարավոր ուղղություններով, այդ թվում` կրոնագաղափարախոսական։
Թուրքիայում չափավոր իսլամականների իշխանության գալը, Իրաքի դեմ ուղղված ռազմարշավին մասնակցելուց Թուրքիայի հրաժարվելը, քրդերի հավակնությունների զսպման գործում Իրանի և Թուրքիայի փոխշահագրգռությունը մերձավորարևելյան առաջատար պետությունների հարաբերությունների բարելավման հույսեր են ներշնչում։ Նկատվում է նաև Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում առճակատման և մրցակցության մակարդակի որոշ նվազում։ Սակայն հազիվ թե այդ միտումը զարգացում ստանա, քանի որ այդ շրջանների պետությունների համար գերական աշխարհաքաղաքական շահերն են, իսկ ԱՄՆ-ի համար թուրք-իրանական հարաբերությունների ցանկացած բարելավում տհաճ է։ ԱՄՆ-ը շատ մտահոգ է Թուրքիայի վրա Իրանի ազդեցության հնարավոր ուժեղացմամբ և իսլամականների որոշ «նախագծերի» մեջ Թուրքիայի ներգրավմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը Իրանը համարում է Թուրքիայի հակակշիռ, ինչը կարող է իրացվել հեռանկարում` ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման պարագայում։ Այդուամենայնիվ, չնայած թուրք-իրանական հարաբերություններում եղած հակասական միտումներին և դրանց որոշ բարելավմանը, Թուրքիան այսուհետ ևս կշահարկի իր աշխարհիկ արժանիքները` ի հակակշիռ Իրանի կողմից արմատական իսլամականության սպառնալիքի։ Թուրք-իրանական հարաբերությունները բացահայտորեն վկայում են, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում իսլամական քաղաքականությունը զգալիորեն հանդես է գալիս որպես ազգայնականության դրսևորում։ Իրանը բացահայտորեն շահագրգռված չէ իսլամական աշխարհում և հատկապես արաբական աշխարհում Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ, ուստի Թուրքիայում «իսլամական քաղաքականության» հաստատման առթիվ Իրանի «ողջույնները» միշտ չէ, որ անկեղծ են։ Վերջին տասը տարում Իրանը հասցրել է համոզվել, թե ինչ մտադրություններ ունի Թուրքիայի իսլամական կառավարությունը։ Իսկ նա նպատակ ունի ոչ միայն պահպանելու սերտ հարաբերություններն Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, այլև գերիշխող դիրքեր ձեռք բերելու Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի տարածաշրջաններում։
Սիրիան, չնայած տարածաշրջանում ունեցած դիրքերին, այդ թվում` տարածաշրջանային մեծատերության կարգավիճակի կորստյանը, մնում է որպես Մերձավոր Արևելքի «առանցքային» պետություն։ Միջազգային պայքար է տեղի ունենում արևմտյան և մերձավորարևելյան տերությունների միջև` Սիրիայի վրա ազդեցության համար։ Սիրիայի համար ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի ու Իրանի «խաչաձև» քաղաքականությունը ցուցադրում է Մերձավոր Արևելքի քաղաքական գործընթացներում տեղի ունեցող կարևոր միտումները, այդ թվում` Թուրքիայի մտադրություններն ու խնդիրները։
Սիրիական պետությունն ու հասարակությունը աստիճանական, էվոլյուցիոն բարեփոխումների ժամանակաշրջան էին ապրում, բայց գեներալակազմն ու վարչակազմը երիտասարդ նախագահին թույլ չէին տալիս հաջողությամբ կատարել բարեփոխումները, ինչն էլ հիմնականում առիթ դարձավ այդքան ագրեսիվ հակապետական զինված շարժման, որը Սիրիան կանգնեցրեց մասնատման եզրին։ Այդ բարեփոխությունը կապված չի եղել սկզբունքորեն նոր օրենսդրության ընդունման հետ, որը նախատեսեր տնտեսական և սոցիալական կարգերի նշանակալի փոփոխություններ կամ ներքաղաքական և արտքաղաքական կարևոր հարցերի շուրջ հասարակական լայն բանավեճի անցկացում։ Օրենսդրական հիմունքները Սիրիայում պաշտոնապես ծայրաստիճան դանդաղ են փոփոխվում, քաղաքական և հասարակական հարցերի շուրջ բանավեճ չի ծավալվում կամ ծավալվում է բաասականության ընդունված գաղափարախոսության, այսինքն` արաբական սոցիալական ազգայնականության շրջանակներում։ Ավելի շուտ, Սիրիայում էական փոփոխություններ են տեղի ունենում գործող օրենքների ու կանոնների կիրառման գործում, այլ կերպ են դիտարկվում տնտեսության, սոցիալական գործերի կառավարման այս կամ այն սկզբունքները։
Տնտեսական օրենսդրության պաշտոնական փոփոխությունից էական է բանկավարկային համակարգի գործառնության նոր կարգը։ Որոշ չափով ազատականացվել են ներդրումների, արտաքին առևտրի, տեղեկություն ստանալու կանոնները։ Հազիվ թե այդ աննշան ազատականացումը դարձած լիներ վերջին տարիներին երկրում նկատված տնտեսական աշխուժացման գործոն։ Նկատվող տնտեսական աճն արդյունք է, ավելի շուտ, նախընթաց տարիներին կապիտալի զգալի կուտակման, ձեռնարկչական փորձի ձեռքբերման, ներքին սպառման ընդլայնման և ամբողջ ներքին շուկայի զարգացման։ Պետությունն սկսել էր ավելի ակտիվորեն կառավարել տնտեսությունը, խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը, ձգտելով պայքարել կոռուպցիայի դեմ և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել երկրի մի շարք հետամնաց շրջանների տնտեսական զարգացման համար։ Բայց Բաշար Ասադն արդեն ժամանակի պաշար ու ռեսուրսներ չուներ բարեփոխումների հաջող շարունակման համար։
Տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործոն էր կապիտալի հոսքը Լիբանանից, որտեղ արդեն երկար ժամանակ զբաղված է մինչև 800 հազար սիրիացի բանվոր։ Պակաս կարևոր գործոն չէր իր տարածքով իրաքյան նավթի տարանցման դիմաց եկամուտների ստացումը Սիրիայի կողմից ¥տարեկան մինչև 1,0 մլրդ դոլար¤, ինչպես նաև պարենամթերքի, դեղորայքի, տարբեր սարքավորումների խոշորածավալ արտահանումը Իրաք, որը Սադամ Հուսեյնի վարչակազմի վերացումից հետո մնում է որպես սիրիական պարենային և այլ ապրանքների կարևոր սպառող։ Դրա շնորհիվ Սիրիայի տնտեսական դրությունը որոշ չափով բարելավվել է։ Բայց Սիրիան մնում է տնտեսապես հետամնաց երկիր, որտեղ տնտեսական կենսամակարդակը կազմում է լիբանանյանի և թուրքականի մոտ 40-50 տոկոսը և իսրայելականի 15 տոկոսը։ Երկրի գլխավոր սոցիալ-տնտեսական խնդիրը գործազրկությունն է, որը, պաշտոնական տվյալներով, կազմում է աշխատունակ բնակչության 20-22 տոկոսը, իսկ փաստացի` ոչ պակաս, քան 40 տոկոսը։ Աղքատության հիմնական պատճառը բնակչության բնական արագ աճն է։ Ներկայումս երկրի բնակչության թիվը 19 մլն է, ինչը հնարավորություն չի տալիս անգամ հեռավոր ապագայում կենսամակարդակի բարելավում ակնկալելու։
Վերջին տարիներին տեղաշարժ էր նկատվում նաև զինված ուժերի արդիականացման ասպարեզում. Սիրիան ձեռք է բերում ժամանակակից սպառազինություններ։ Դա չէր կարող չանհանգստացնել ինչպես ԱՄՆ-ին և Իսրայելին, այնպես էլ արաբական աշխարհում նրա մրցակիցներին։ Սիրիայում տեղի ունեցող ներկա իրադարձությունները, բացի այլևայլ խնդիրներից, նպատակ ունեն նաև սահմանափակելու երկրի զարգացումն ու բարեփոխումների իրականացումը։ Բայց և այնպես, ինչ-որ չափով «հեղափոխությունը» ուշացած է, քանի որ սիրիական հասարակությունն արդեն բավականաչափ հաղթահարել էր անհասության ու լուսանցքայնության շրջանը։ Դա նկատելի դարձավ ներկա իրադարձությունների ժամանակ, և արտաքին մեկնաբանների ու քաղգործիչների շատ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Կառավարող վարչակազմի տապալման հզոր փորձերից հետո, այժմ արաբական երկրներում և Արևմուտքում նախընտրում են խոսել միայն պետության ղեկավարի հեռացման մասին, բայց ոչ երբեք կառավարող վարչակազմի։
Սիրիայում տիրող այդ երկակի իրավիճակը, երբ միջին խավի և ձեռնարկատերերի խավի թվի ավելացմանը զուգընթաց գործազուրկների հսկայական մի բանակ է կուտակվում, երկրի իրադրությունը հակասական է դարձնում։ Այն կազմալուծված է, ներքին իրադրությունն ընդհանուր առմամբ անկայուն է ու ահավոր։ Նախագահ Բաշար Ասադին ու նրա շրջապատին չի հաջողվում ապահովել կարգուկանոնը և կառավարության նկատմամբ բնակչության գերակշիռ մասի բարեհաճությունը։ Սիրիայում ձևավորվել է կառավարող կոալիցիայի բավական լայն հիմք` հայրենասիրական, հիմնականում խորհրդարանում ներկայացված ձախ և չափավոր ազատական քաղաքական կուսակցությունների թվից։ Կառավարությունը շարունակում է շեշտը դնել սիրիական հասարակության բազմադավանության ու բազմազգության վրա` սուննիականներ, ալավիներ, ուղղափառ քրիստոնյաներ, կաթոլիկներ, հայեր, քրդեր, ասորիներ, թուրքմեններ և այլք։ Ասադը կարողացել է համախմբել ներքին նյութական և մարդկային հնարավորությունները ու դեռևս կարողանում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
Նախագահ Բաշար Ասադը հենվում է պահպանողական և բարեփոխական ուժերի, ազգային և կրոնական համայնքների վրա, բայց առաջին հերթին զինված ուժերի ու անվտանգության ծառայության վրա։ Լիբանանյան, ամերիկյան ու բրիտանական վերլուծաբանների գնահատմամբ, Սիրիայի վարչակազմը միանգամայն համարժեք է, նրա հեռացումը հնարավոր է միայն լայնածավալ արտաքին ագրեսիայի հետևանքով։ Միաժամանակ, որքան էլ արտաքին ագրեսիայի հետևանքով, այնուամենայնիվ, միայն պետական հեղաշրջման միջոցով։ Սակայն Սիրիայում տիրող բարոյասոցիալական իրադրությունը արմատապես տարբերվում է սադամյան Իրաքի իրավիճակից, ինչը թույլ է տալիս պնդելու, որ Սիրիան համառ դիմադրություն ցույց կտա ագրեսիային։ Դիտորդների կարծիքով, Սիրիայի վրա ճնշում գործադրելու ամերիկյան ցանկացած քայլ հանգեցնում է հայրենասիրական տրամադրությունների ուժեղացմանն ու նախագահ Ասադի դիրքերի ու ժողովրդականության ամրապնդմանը։
Ստեղծված պայմաններում, Սիրիան պետք է փորձի «ճեղքել» իսրայելա-թուրքական սերտ համագործակցության հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական շրջափակումը։ Թուրքիայի չափավոր իսլամական կառավարությունը մեծ ճկունություն է հանդես բերել Սիրիայի ու մյուս արաբական պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Սիրիա-թուրքական հարաբերություններին զուգընթաց, զգալիորեն առաջ են շարժվել եգիպտա-թուրքական հարաբերությունները, ինչը նշանակում է արաբա-թուրքական հարաբերությունների նոր փուլի հնարավոր զարգացում։ Նախագահ Բաշար Ասադի Անկարա կատարած այցի ժամանակ անսպասելիորեն մեծ հաջողություններ գրանցվեցին թուրք-սիրիական հարաբերությունների զարգացման գործում։ Փաստորեն կարգավորվեց Ալեքսանդրետի ¥Հաթայի¤ նահանգի խնդրի հետ կապված տարածքային հարցը։ Այլևայլ քաղաքական հարցերի հետ մեկտեղ համաձայնեցվեց քրդերի հանդեպ վարվելիք քաղաքականությունը, լուծվեցին տնտեսական համագործակցության մի շարք խնդիրներ։ Շատ դիտորդների խոստովանությամբ, թուրք-սիրիական հարաբերությունները երբեք այդքան բարեկամական չէին եղել և անվտանգության այդքան բարձր մակարդակ չէին արտացոլել։ Այդ իրադարձությունները անչափ հեշտացնում էին Սիրիայի վիճակը, ինչը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի դեմ «պաղեստինյան» և «լիբանանյան» ռազմաճակատներն ակտիվացնելու մասին Սիրիայի որոշման ընդունման վրա։ Տեղեկություններ էին պտտվում, թե Սիրիան ու Թուրքիան մտադիր էին մոտակա երկու տարում ստորագրել ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգության մեծ պայմանագիր։ Սակայն Սիրիային, փոխարենը, մեծ հիասթափություն էր սպասում Թուրքիայի աջակցության ակնկալիքներում, և հիմա հենց Թուրքիայի թշնամական դիրքորոշումն է դարձել Սիրիայի հայրենասերների ¥ոչ կառավարական ուժերի¤ համախմբման գործոններից մեկը։
Սիրիան շարունակում է սերտ հարաբերություններն Իրանի հետ, որը Եգիպտոսի ու Ֆրանսիայի հետ երրորդ երկիրն է, որի հետ Սիրիան մշտապես խորհրդակցել է քաղաքական հարցերում։ Իրանը Սիրիայի տնտեսական և միաժամանակ հակաիսրայելական պայքարի գծով գործընկերն է։ Հասկանալով, որ թուրք-սիրիական հարաբերությունների զարգացումն օբյեկտիվորեն ուղղված է ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ, Իրանը, այդուամենայնիվ, երկյուղով է հետևում Սիրիայի ու Թուրքիայի մերձեցմանը։ Իրանը վաղուց է տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշնախմբի ստեղծման ծրագրեր նյութում, որը կոչված պետք է լինի դիմակայելու Թուրքիային, Իսրայելին և ԱՄՆ-ին։ Իրանը մտահոգված է նաև, որ Սիրիան բացահայտորեն տեղի է տալիս ԱՄՆ-ի ճնշմանը։ Նա մտահոգված է նաև ԱՄՆ-ի հետ Սիրիայի հնարավոր համագործակցությամբ։ Իրանցի քաղգործիչներն ու փորձագետներն իրենց մտահոգությունը բացատրում են նրանով, որ Թուրքիան, ձգտելով դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից, այնուամենայնիվ, մնում է նրա ռազմավարական գործընկերը և, այսպես թե այնպես, դեռ երկար ժամանակ հաշվի կառնի ԱՄՆ-ի շահերն իր արտաքին քաղաքականության մեջ։ Դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ից Սիրիայի կախումը մեծացնելուն, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը կարող է Սիրիային ստիպել համագործակցելու ամերիկացիների հետ։ 2000-ականներին ծնունդ առած վարկածը ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա-Սիրիա դաշնախմբի հնարավոր ստեղծման մասին մեծ ուշադրությամբ ու լրջությամբ ընդունվեց Իրանի կողմից։ Իրանը ձեռնամուխ եղավ Սիրիայի ու Լիբանանի հետ հարաբերությունների խորացման պլանների մշակմանը։ Այդ պլանները նպատակ ունեին հասնելու այդ պետությունների հետ միանգամայն նոր համաձայնությունների կայացմանը։ Մինչև հիմա Իրանն ու Սիրիան վախենում էին կիսելուց միմյանց խնդիրները։ Այդ երկյուղներն էլի կան, սակայն Իրանը հասկանում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ուժերի հավասարակշռության անսպասելի փոփոխության։ Իրանը վերջին երկու տարում է նման փորձեր անում, բայց դրանք դեռ հաջողություն չեն բերել։ Սիրիան կարծում է, որ Իրանի հետ ավելի սերտ համագործակցությունը անվտանգության որոշ հարցերի համատեղ լուծման ոլորտում կարող է ավելի վատացնել իր արտքաղաքական դրությունը։
Փաստորեն, տարածաշրջանում շարունակվում է պայքարը Սիրիայի վրա ազդեցության համար` որպես առանցքային պետության։ Այդուամենայնիվ, Սիրիան և Իրանը ներկայումս իրական դաշինքի ստեղծման ավարտական փուլ են մտել։ Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ անխուսափելի է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրանա-շիական դաշնախմբի ստեղծումը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ