Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Սիրիան և Իրանը կհանգեն ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությանը

Սիրիան և Իրանը կհանգեն ռազմաքաղաքական  դաշինքի կնքման անհրաժեշտությանը
10.09.2013 | 00:29

Մերձավորարևելյան ուղղությունը կարևորագույնն է Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Իրանի և Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների կարճատև ջերմացումից հետո նոր առճակատում սկսվեց գաղափարախոսական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հարցերի առնչությամբ։ Շահերի նմանությունը նավթի գների ոլորտում, համագործակցությունը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ) շրջանակներում փոքր-ինչ մեղմացրին դիմակայության այդ նոր փուլը, սակայն տարածաշրջանային քաղաքականության առումով սկզբունքորեն նոր հակասություններ առաջացան։ Իրանը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Եգիպտոսի հետ, ինչը ծայրաստիճան անհանգստացրեց ԱՄՆ-ին և Իսրայելին։ ՈՒստի Եգիպտոսի ղեկավարությունը շտապեց պարզաբանել, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի նշանակում, թե հետագայում Իրանի քաղաքականությունը չի քննադատվելու։ Ընդհանուր առմամբ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը, որպես առաջատար արաբական պետություններ, հատկապես Իրաքի ռազմական պարտությունից հետո բավական զգուշավորությամբ ու թշնամաբար են վերաբերվում Իրանին, նրա քաղաքականությունը համարելով արաբական աշխարհում իրավիճակի ապակայունացման գործոն և առիթ ԱՄՆ-ի կոպիտ միջամտության համար։ Իրանին հաջողվել է մի փոքր մեղմացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի ու Քուվեյթի հետ, բայց հարաբերությունների լիարժեք կարգավորում չի եղել։ Նա շարունակում է քայքայիչ գործունեությունը արաբական որոշ պետությունների դեմ, ձգտելով շիական շարժում նախաձեռնել Լիբանանում, Իրաքում ու Սաուդյան Արաբիայում։ Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը Իրանի առավելագույն մեկուսացումն է, այժմ և ապագայում Իրանի մասնակցությամբ որևէ դաշնախմբի ստեղծում թույլ չտալը։ Պետք է հասկանալ, որ Սիրիայի իրադարձություններն ընդհանուր առմամբ բազմանպատակ են, և այստեղ լուծվում են նաև Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և տարածաշրջանի երկրների առանձին նահանգների ներգրավմամբ շիական դաշնախմբի ստեղծում թույլ չտալու խնդիրները։
Այդուամենայնիվ, Իրանը կարողացել է փոխել իր վարկն արաբական աշխարհում։ Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը, Իրանի մարտական հրթիռների ստեղծումը, Պարսից ծոցում անցկացված զորավարժությունները և ուժի ցուցադրումը, տնտեսական ճգնաժամի հաջող հաղթահարումը, Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումը, արաբական աշխարհում Իրանի հեղինակության աննախադեպ աճը անհանգստություն են պատճառում Սաուդյան Արաբիային, նրան ստիպում դիվանագիտական լայն գործունեություն ծավալել արաբական աշխարհում Իրանին վարկաբեկելու նպատակով։ Դա իր հերթին առաջ է բերել Իրանի և արաբական երկրների իրանամետ խմբավորումների պատասխան վերաբերմունքը։ Դրա հետ մեկտեղ նշվում է Իրանի ավելի նախընտրելի դրությունն այդ իրավիճակում։ Դա բացատրվում է նրանով, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների վերականգնումն ու նրանց միջև քաղաքական պայմանագրի կնքումը վերջինին աննպաստ շրջանակների մեջ են դրել և թույլ չեն տվել Իրանի դեմ գործադրել քաղաքական, դիվանագիտական և գլխավորը` քարոզչական մեթոդների ամբողջ զինանոցը։ Իրանցիների ունեցած տեղեկություններով, Սաուդյան Արաբիան մեծ ճնշում է գործադրել Սիրիայի, Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի ու Լիբանանի վրա Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու նրանց մտադրությունների պատճառով։ Հարկ է նշել, որ Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո արաբական աշխարհում փոքր-ինչ նվազեց հետաքրքրությունը Իրանի նկատմամբ։ Հնարավոր է, որ դա լինի Սաուդյան Արաբիայի գործունեության հետևանք։ Համենայն դեպս, Սաուդյան Արաբիայի դրդմամբ արաբական աշխարհում հակաիրանական լայն քաղաքականություն է իրականացվում։ Վերակենդանացվել են հին խոսակցությունները արաբական աշխարհի փլուզման ու ստրկացման ուղղությամբ Իրանի «սրբազան ծրագրերի» գոյության, արաբներին սուննիականների և շիականների բաժանման, աշխարհիկ քաղաքական վարչակարգերի տապալման և անգամ Հորդանանի թագավորական ընտանիքի սպանության վերաբերյալ։ Սակայն, չնայած այս լարվածությանը, թե՛ Իրանը, թե՛ Սաուդյան Արաբիան աշխատում են իրենց հարաբերությունները պարզել և առճակատում թույլ չտալ։ Առավել ևս, ինչպես ցույց տվեց այդ երկրների միջև կայուն հարաբերությունների առկայության երկամյա քաղաքական պրակտիկան, դա նպաստում է ավելի նախընտրելի պայմաններով ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ մտնելուն։ Բայց Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող իրադարձություններն ու քաղաքական գործընթացները, Պակիստանի քաղաքականությունը, չլուծված խնդիրները Պարսից ծոցում և, որ հատկապես նյարդայնացնում է սաուդցիներին, Իրանի ակտիվ միջամտությունը Իրաքի, Լիբանանի ու Սիրիայի ներքին գործերին տանում են առճակատման, դիմակայության նոր սյուժեների առաջացման։
Իրանը երկակի վերաբերմունք ունի Սիրիայի հետ հարաբերությունների նկատմամբ։ Մի կողմից Սիրիան մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իրանի համար որպես մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորման մասնակից, Լիբանանի և Պաղեստինի վրա հսկայական ազդեցություն ունեցող պետություն։ Մյուս կողմից` Սիրիան Իրանի կարևորագույն աշխարհաքաղաքական գործընկերն է, հնարավոր ռազմաքաղաքական դաշնախմբի մասնակից։ Դեռ մինչև պատերազմի սկիզբը Իրանը Սիրիային տնտեսական լայն օժանդակություն ու աննախադեպ քաղաքական աջակցություն էր առաջարկել։ Դա ռազմաքաղաքական համագործակցություն էր նշանակում։ Սիրիան, ըստ էության, մերժեց այդ առաջարկությունը, քանի որ Իրանի առաջարկությունը նշանակում էր նաև Սիրիայի մեկուսացում ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերություններում, այլև տարածաշրջանում։
Մեր կարծիքով, Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման շնորհիվ Սիրիան և Իրանը կհանգեն ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությանը։ Բայց Սիրիան լուրջ խոչընդոտներ ունի, որոնք պետք է հաղթահարվեն։ Կարևորագույն գործոն է Իրաքի իրադրությունը, որի հետ Իրանը լարված, ըստ էության, թշնամական հարաբերություններ ունի։ Սիրիան չի կարող Իրանի հետ միակողմանի մերձեցման գնալ նման լարվածության պայմաններում։ Բացի այդ, տարածապես այդքան ցրիվ դաշինքը անհամարժեք կլինի նպատակներին ու խնդիրներին։ Այդ դաշինքը կարող է կազմավորվել և հաջողությամբ գործել երեք պետության մասնակցությամբ` Սիրիայի, Իրանի, Իրաքի ¥առնվազն¤։ Սիրիայում լավ են պատկերացնում իրանա-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Իրանը Իրաքում համագործակցության լուրջ հիմք է ստեղծել, և դա հնարավոր է դարձել Սադամ Հուսեյնի վերացումից հետո։ Սիրիան սպասողական դիրք է բռնել, և դա նրա արտքաղաքական ավանդույթն ու մարտավարությունն է։ Իսրայել-պաղեստինյան բանակցությունների ակտիվացման շրջանում Իրանն անհանգստություն էր արտահայտում Սիրիայի դիրքորոշման առնչությամբ, որը նախընտրում էր զուսպ վերաբերվել այդ իրադարձություններին։ Միաժամանակ Սիրիան ձգտում էր վերաիմաստավորել հարաբերությունները լիբանանյան «Հըզբոլլահի» և «Համասի» հետ։ Սակայն իրանական քաղգործիչների կանխատեսումներն արդարացան, և կարգավորման գործը, փաստորեն, ձախողվեց։ Իրանցիները համեմատաբար հանգիստ են վերաբերվում երկրում բարեփոխումներ անցկացնելու Բաշար Ասադի մտադրությանը։ Հավանաբար հեռանկարում Իրանը նախատեսում է ոչ թե գաղափարաքաղաքական, այլ աշխարհաքաղաքական համագործակցություն։
Իրանը ծայրաստիճան շահագրգռված է լարվածության և մերձավորարևելյան հակամարտության հիմնական գործոնների պահպանմամբ։ Իրանցիները չեն հավատում, որ Երուսաղեմի հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։ Իրանը հասկանում է, որ արաբական պետությունները, փաստորեն, պաշտոնապես հրաժարվել են Իսրայելի ոչնչացման գաղափարից և հավակնում են միայն Երուսաղեմին։ Առանց Երուսաղեմի մուսուլմանական սրբավայրերի վերադարձման անհնար է մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծում պատկերացնել։ Ճանաչելով արաբներին, իրանցիները հասկանում են, որ պաղեստինյան պետության ստեղծմամբ լայն համագործակցություն կսկսվի Իսրայելի հետ, որը տնտեսական առումով շատ գրավիչ է արաբական երկրների համար։ Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո Իրանը զգաց, թե որքան արագ են փոխվում լիբանանյան «Հըզբոլլահի» տրամադրություններն ու մտադրությունները, կազմակերպություն, որը նախընտրում է խորհրդարանական և քաղաքական գործունեությունը։ Իրանը համոզված է «Համասի» և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) զիջողականության մեջ։ Ներկայումս Իրանը մշակում է մերձավորարևելյան հակամարտությանը մասնակցության նոր մոտեցումներ։ Միանգամայն հնարավոր է, որ Իրանի աջակցությամբ ստեղծվի մարտական ու քաղաքական նոր կազմակերպություն կամ Իրանը փորձի պաղեստինյան ու լիբանանյան իսլամական կազմակերպություններում ներկուսակցական հեղաշրջումներ իրականացնել։ Կա նաև այլ կարծիք, համաձայն որի, պաղեստինյան հարցի ներկա վիճակը կհանգեցնի Իրանի ու Իրաքի մերձեցմանը։ Սակայն իրանցիները լրջորեն վախենում են, որ ՊԱԿ-ը կհամաձայնի սահմանափակ տարբերակով պաղեստինյան պետության ստեղծմանը։ Դա կհանգեցնի Իրանի և մի շարք արաբական պետությունների ամբողջ երկարամյա քաղաքականության ձախողմանը։ Հարկ է նշել, որ Իրաքի խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրի ղեկավարները բավական արագ որոշեցին փչացնել հարաբերությունները Իրանի հետ, երկյուղելով Իրաքի վրա նրա ազդեցության էլ ավելի լայն տարածումից։ Տեղեկություններ կան, որ Իրաքի շիադավան ղեկավարները նույնպես Իրանին մատնանշում են նրա քաղաքականության «սխալ լինելը»։ Իրաքի և Իրանի շիադավան ղեկավարների միջև վաղուց արդեն բավական լարված հարաբերություններ են։ ՈՒստի ձգտելով սերտ հարաբերություններ ստեղծել Իրաքի հետ, Իրանը պետք է Իրաքը դիտարկի իբրև առաջատար արաբական պետություն և ոչ թե իր ազդեցության գոտի։
ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը մտադիր չէ միակողմանիորեն աջակցել Իսրայելին և ուժի դիրքերից պաղեստինցիներին «պետության» ստեղծման պայմաններ պարտադրել։ Դա առհասարակ չի լինելու հեռանկարում ամերիկացիների կողմից Բալկաններում և Կովկասում նման հակամարտությունների հարթման հիմնական եղանակ։ Ամերիկացիների կարծիքով, տարածաշրջանում Իրանի գործունեությունը զգալիորեն արժեզրկվելու է, քանի որ ԱՄՆ-ը մեծ ազատություն է ընձեռում երկրներին ու շարժումներին` իրենց հարաբերությունները պարզելու համար։ Եթե Լիբանանում և Պաղեստինում Իրանի դիրքորոշումը «իսրայելական հատվածի» առկայության պատճառով արմատապես հակաամերիկյան էր, ապա Բալկաններում ու Կենտրոնական Ասիայում ¥ներառյալ Աֆղանստանը¤ իրանցիները, փաստորեն, կարողացել են ցուցադրել ԱՄՆ-ի և Իրանի շահերի նմանությունն ու մերձեցումը։ Աֆղանստանում ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումների մոտիկությունը զգալիորեն մեղմացրել է լարվածությունը երկու երկրների միջև։
Դրա հետ մեկտեղ, Իրանի համար շատ վտանգավոր է ամերիկա-իրաքյան հարաբերությունների արագ կարգավորման հնարավորությունը։ Անվստահություն կա Պաղեստինի ու Թուրքիայի հանդեպ ամերիկյան քաղաքականության առումով։
Իրանի միջուկային ծրագրի խնդիրը գերակա է ամերիկյան քաղաքականության մեջ։ Այդ խնդիրը բավական լայնորեն ու արդյունավետորեն է օգտագործում ԱՄՆ-ը ոչ միայն Չինաստանին և Ռուսաստանին, այլև Եվրոպայի առաջատար պետություններին պահանջներ ներկայացնելու համար։ Վերջին տարիներին իրանցիները միջուկային ծրագրի առնչությամբ ԱՄՆ-ի ու այլ առաջատար պետությունների դիրքորոշումներին վերաբերող շատ հանգամանքներ են պարզել։ ԱՄՆ-ի քաղաքական ճնշման այդ գործընթացը երբեք միարժեք չի եղել։ ԱՄՆ-ը, երբեմն Մեծ Բրիտանիայի միջոցով, բազմիցս Իրանին հասկացրել է, որ իր դիրքորոշումը նրա միջուկային ծրագրի հարցում կարող է փոխվել մի շարք հանգամանքներից ելնելով։ Որպես պայմաններ քննության են առնվել սոցիալ-քաղաքական բարեփոխումների անցկացումը, Լիբանանում և Պաղեստինում իսլամական արմատականներին ցուցաբերվող աջակցությունից հրաժարումը, Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ լոյալությունը, Իսրայելի նկատմամբ դիրքորոշման մեղմացումը կամ նրա ճանաչումը և այլն։ Բրիտանական ու ֆրանսիական շատ փորձագետների գնահատմամբ, վերջին տարիներին իրենց հաջողվել է եվրոպական, մասամբ նաև ամերիկյան քաղգործիչների շրջանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր հայացքներ ձևավորել։ Փաստորեն, որոշվել են ատոմային տեխնոլոգիաների զարգացման խնդիրների առթիվ Արևմուտքի և Իրանի հարաբերությունների շրջանակներն ու կանոնները։ Միաժամանակ, դեռ մինչև Ահմադինեժադի նախագահ ընտրվելը, Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը նպատակասլաց կերպով խափանում էր այդ խնդրի կարգավորման գործը, քանի որ Իրանին պարտադրվում էին սահմանափակումներ ատոմային ծրագրի, այդ թվում` զսպման ատոմային ուժերի ստեղծման ոլորտում։ Իրանի ղեկավարությունը համոզված է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունները ձգտում են և իրենք կառաջարկեն Իրանի հետ հարաբերությունների պայմաններ, երբ նա դառնա միջուկային տերություն։ Հասան Ռոուհանիի` Իրանի նախագահ ընտրվելը, որին Արևմուտքում բարեփոխական են համարում, առանձին խնդիրների ավելի արագ լուծման հնարավորություն է խոստանում։ Իրանը կարող է զգալի զիջումների գնալ միջուկային ծրագրի իրականացման հարցում, բայց հազիվ թե համաձայնի զիջումներ անել իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, որից մեծապես կախված է Իրանի ազգային ռազմավարական անվտանգությունը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ