Ռուսաստանը երեկ արգելք է դրել մոլդովական գինու ներմուծման վրա: ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկողության ծառայության պետ Գենադի Օնիշչենկոն ասել է, թե արգելքը կտևի այնքան ժամանակ, մինչև ՌԴ-ն Մոլդովայի կողմից չտեսնի կոնկրետ քայլեր հարցի համակարգային լուծման համար: Օնիշչենկոյի խոսքերով` Ռուսաստանը մոլդովական տնտեսության համար դայակի դեր կատարել չի ցանկանում և արգելքի որոշումը ընդունվել է հարկադրված: Ըստ ռուս պաշտոնյայի՝ ստեղծված իրավիճակում սա միակ հնարավոր որոշումն է եղել, քանի որ վերջերս ՌԴ-ում խոտանված մոլդովական գինու խմբաքանակի մեջ հայտնաբերվել են պլատիֆիկատորներ: «Պահանջում ենք խոտանված արտադրանքը հեռացնել ՌԴ տարածքից»,- ասել է նա:
Մոդովական գինիներում ռուսների հայտնաբերած պլաստիֆիկատորների առկայության մասին լուրը հիշեցնում է վերջերս նրանց կողմից ուկրաինական «Ռոշեն» ապրանքանիշի խոտանման դեպքը` իբրև թե արտադրանքում առկա բենզապիրենի պատճառով: Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենում բենզապիրեն չէր հայտնաբերվել:
Եթե խնդիրը քաղաքականության մեջ դիտարկենք, ապա սա ուղիղ կապ ունի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նշված երկրների կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հավանականության հետ: Ռուսաստանը, նման տնտեսական ճնշումներ կիրառելով, փորձում է հասկացնել, որ Մոլդովայում և ՈՒկրաինայում դեպի Եվրոպա ճանապարհվելուց առաջ լավ մտածեն Ռուսաստանի կողմից սպասվելիք հարվածների մասին: Ասենք, որ երկու օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շատ հստակ հայտարարել էր, թե ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պարագայում ՈՒկրաինայի համար կփակվի Մաքսային միության մուտքը: Հավելենք, որ Մոլդովան չի ուշացրել իր պատասխանը Ռուսաստանին, և երկրի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել դադարեցնել Մոլդովայի կառավարության` Քիշնևի միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին որոշման՝ գործողությունը: Համաձայն որոշման օդանավակայանը 49 տարով հանձնվել էր ռուսական «Ավիա-Ինվեստ» ընկերությանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ