ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

ԱՄՆ-ը ձգտում է եվրոպացիների վրա «գցել» տարածաշրջանի պատասխանատվությունը

ԱՄՆ-ը ձգտում է եվրոպացիների վրա «գցել» տարածաշրջանի պատասխանատվությունը
08.10.2013 | 00:45

Սիրիական ճգնաժամն ավարտվում է։ Բայց այն, որպես Սիրիայի պետականության ճգնաժամ, որպես սիրիական ռազմաբեմում տարբեր խմբավորումների ու շահագրգիռ պետությունների հակամարտություն, կշարունակվի, քանի որ տարածաշրջանի երկրները նոր են մուտք գործել Մերձավոր Արևելքում դիրքեր գրավելու պայքարի տրամաբանորեն ու գործնականորեն վաղուց ծրագրավորված փուլը։ Սաուդյան Արաբիան ու տարածաշրջանում նրա գործընկերները, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան, հարյուրավոր միլիոններ, անգամ միլիարդներ են ծախսել իրենց շահերի պաշտպանության համար, Սիրիայում ներդրել են «Ալ Քաիդայի» նման խմբավորումներ, նախադրյալներ են ստեղծվել ազգային-կրոնական բնույթի խնդիրներն ընդլայնելու համար։ Բաշար Ասադը, հետևելով իր հանգուցյալ հոր քաղաքականությանը, մեկ անգամ ևս ցուցադրեց դիվանագիտական և քաղաքական փոխզիջումների գնալու, Սիրիան իբրև քաղաքակիրթ, եվրոպահակ պետություն ներկայացնելու իր ընդունակությունը, որի հասարակությունն ու վերնախավը քիչ բանով են տարբերվում եվրոպական հասարակությունից։ Դրան զուգընթաց, Սիրիան հավատարիմ է մնացել իր արտաքին պարտավորություններին, իր արտքաղաքական գործընկերներին։
Սիրիական ճգնաժամի գլխավոր հետևանքներն են. սուննիական և շիական պետությունների բլոկային կայուն դիմակայության արագացումը, Իսրայելի անվտանգության և տարածաշրջանում նրա հետագա գոյության հեռանկարի ամրապնդումը, Թուրքիայի տարածաշրջանային շրջափակման ու մեկուսացման ուժեղացումը, Սիրիա-Իրան «արգելապատնեշի» հաղթահարման ու Մերձավոր Արևելքում նվաճողական գործողությունների իրականացման անհնարինությունը և այն, որ Ռուսաստանը, չնայած տարածաշրջանում ներկայիս, ժամանակավորապես ուժեղացած դիրքերին, Մերձավոր Արևելքում քիչ թե շատ էական ազդեցություն գործելու հեռանկարներ չունի և, ի վերջո, մոտեցել է քրդական հարցի հանգուցալուծումը։
ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանգել են որոշ համաձայնեցված որոշումների ու դրանով իսկ համաշխարհային և տարածաշրջանային մնացած բոլոր ուժերի կենտրոններին լուսանցք են մղել։ Ռուսաստանը միշտ նկատելի ազդեցություն և ներկայություն կունենա Մերձավոր Արևելքում, բայց ժամանակի ընթացքում է՛լ ավելի կկորցնի իր դիրքերը` կապված, նախ և առաջ, ճշտված ու ձևակերպված շահերի բացակայության հետ։ Փաստորեն, Ռուսաստանի քաղաքականությունը շատ նպաստավոր է եղել ԱՄՆ-ի համար, որը շատ հարցերում նույնանման նպատակներ է ունեցել սիրիական ճգնաժամի առնչությամբ, քանի որ ամերիկացիները հենց սկզբից էլ պետությունների որևէ բլոկի չափազանց ուժեղացում չէին ուզում։
Ցավոք, տարածաշրջանում Ֆրանսիայի դերը նվազագույնի է հասցված, և առայժմ հասկանալի չէ, թե ինչ կերպ և ինչ ռազմավարությունների ու շահերի հաշվառմամբ նրան կհաջողվի որոշ դիրքեր վերադարձնել իրեն։ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ցույց տվեցին, որ գրեթե ոչ մի օրախնդիր շահ չունեն, թեև էներգամատակարարման նախագծերում բրիտանական շահերը դեռևս մասամբ տեղ ունեն։ Մերձավոր Արևելքում Եվրոպայի առաջատար պետությունների նման թույլ դիրքորոշումների պարագայում, իհարկե, Եվրամիության դիրքերն ու իրական հնարավորությունները ևս աննշան կլինեն։ Այդուամենայնիվ, Եվրոպան վերստին կնախընտրի ամրապնդել կապերը միջերկրածովյան արաբական պետությունների հետ և, ավելի շուտ, կարագացնի ու կխորացնի այդ երկրներին առնչվող ծրագրերի իրագործումը։ Եթե Ֆրանսիայում իշխանության գա Ն. Սարկոզիի կամ նրա ոճի մեկ այլ քաղգործչի գլխավորած քաղաքական վերնախավը, և Մեծ Բրիտանիայում ավելի ուժեղանան տարածաշրջանային քաղաքական էքսպանսիայի տրամադրությունները, հնարավոր է, որ մեծանան Լիբիայի իրադարձությունների սցենարի կարգի կամ նման այլ ակնկալիքները։
Սակայն հարցն այն է, թե դրան ինչպես կվերաբերվի ԱՄՆ-ը, որը, մի կողմից, ձգտում է եվրոպացիների վրա «գցել» տարածաշրջանի պատասխանատվությունը, մյուս կողմից առհասարակ կցանկանար գործ չունենալ եվրոպական հավակնոտ և ամերիկացիներին ոչ այնքան հասկանալի խնդիրների հետ։ Բայց ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ, իհարկե, Ռուսաստանը չեն կարողանա բոլոր որոշումներն ընդունել ինքնուրույն։
Կմեծանա տարածաշրջանի առաջատար պետությունների դերը, որոնք կփորձեն խուսափել տարածաշրջանային մեծ պատերազմից և կնախընտրեն տեղային բախումները այնտեղ, ուր դրանք արդեն կան, և այնտեղ, ուր դրանք հնարավոր են։ Սաուդյան Արաբիան կնախընտրի շարունակել առճակատումն ու դիմակայությունը շիական պետությունների ու համայնքների հետ, այլապես նրա դերը Մերձավոր Արևելքում կհանգի մի անչափ հարուստ, բայց ոչ մարտունակ պետության դերի։ Արաբ փորձագետների գնահատմամբ, սաուդցիներն առայժմ չեն որոշել, թե որոնք են լինելու այդ դիմակայության ուղղությունները, բայց, ավելի շուտ, նրանք կընտրեն Իրաքը, որտեղ դեռևս պարզված չեն պետության ձևաչափի հեռանկարները։ Սաուդցիները տեսան, որ ամերիկացիները չցանկացան իրենց աջակցություն ցուցաբերել իրադարձությունների հասկանալի զարգացման չափով, թեև, ըստ էության, նրանք նման բան չէին էլ խոստացել։ Պարսից ծոցում Սաուդյան Արաբիայի գործընկերները, ինչպես նաև Հորդանանն ու Եգիպտոսը, ամենևին մտադրություն չունեն նպաստելու տարածաշրջանի իրավիճակի հետագա արմատականացմանը։ Որոշ գնահատականների համաձայն, սաուդցիները ինչ-որ ժամանակ հարձակումից կանցնեն պաշտպանության ոճի, և դա կանդրադառնա տարածաշրջանի ամբողջ իրադրության վրա։ Այդուամենայնիվ, Սաուդյան Արաբիան չի համարում, թե ինքը վերջնականորեն տանուլ է տվել Սիրիայում։ Հնարավոր է, որ նա ընտրի ուրիշ տարբերակ, այսինքն, նախընտրի ներկա փուլում Սիրիայում աջակցել ոչ թե դասական շարիաթի պահանջով հանդես եկող քաղաքական ուժերին, այլ սուննիների ցանկացած ձևի իշխանությանը։
Եգիպտոսը Սիրիային կաջակցի պարզապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ուստի չի ուզում, որ Մերձավոր Արևելքում նկատելիորեն ուժեղանան ոչ միայն Թուրքիան, այլև Սաուդյան Արաբիան։ Սիրիայում ուժերի ներկա հարաբերակցության պարագայում ոչ միայն Եգիպտոսը, այլև Հորդանանը, լինելով ԱՄՆ-ի ավանդական գործընկերներ, նախընտրում են Դամասկոսում պահպանել ներկա վարչակազմը։ Կահիրեի քաղաքական վերնախավը Արևմտյան ընկերակցության հետ հարաբերությունների բնույթով նկատելիորեն տարբերվում է, օրինակ, սաուդյանից և հասկանում է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան արդեն համաձայնության են եկել և լիովին հավանություն են տալիս այն հեռանկարին, երբ Բաշար Ասադը կմնա նախագահի պաշտոնում գոնե մի քանի տարի։ Կահիրեում մեկուսի, լուսանցքային որոշումներ չեն ընդունում, այլ իրենց որոշումները համաձայնեցնում են իրենց գործընկերների, Արևմուտքի առաջատար պետությունների և վերազգային քաղաքական ակումբների հետ։
Իրանը և տարածաշրջանի շիական պետությունները` Իրաքը, Սիրիան և Լիբանանը, իրենց «հաղթող» են զգում, սակայն հասկանում են, որ տնտեսապես խեղճացած են և միջազգային մեկուսության մեջ են։ Սիրիական ճգնաժամի առաջին փուլից հետո կպարզվի, որ տարածաշրջանի շիական պետությունների շահերը ոչ միշտ և ամեն ինչում չէ, որ համընկնում են, և իրեն զգալ կտա այդ երկրների «բազմադավանությունը»։ Դրա հետ մեկտեղ, այդ պետությունները ¥սպառնալիքներ արդեն կան¤ կձգտեն ցուցադրել իրենց համախմբվածությունն ու պաշտպանության, անվտանգության և աշխարհատնտեսության ասպարեզում համատեղ արդյունավետ որոշումներ ընդունելու կարողությունը։ Համենայն դեպս, սիրիական ճգնաժամը հանգեցրել է շիական դաշնախմբի ձևավորման, թեև վատ կապակցված, բայց ոչ սուննիական դաշնախմբի ստեղծման։
Թուրքիայի առջև է՛լ ավելի բարդ խնդիրներ են ծառացած անվտանգության ոլորտում, նրա շատ ծրագրեր ձախողվել են, այդ թվում նաև` էներգամատակարարման ծրագրերը, ծառացել է քրդական խնդիրը, Իրանի հետ է՛լ ավելի սուր առճակատման նոր պայմաններ են առաջացել։ Բայց ամենագլխավորն այն է, որ մեծացել է Թուրքիայի կախումը ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության լիակատար ձախողումը չի կարող չանդրադառնալ երկրի ներքին իրադրության վրա, հնարավոր են նոր հուզումներ և անկայունության սաստկացում։ Ըստ էության, Թուրքիայի գերակա խնդիրները կիզակետված են քրդական միջավայրում, որտեղ և տեղի կունենան նրա մերձակա պատմության կարևորագույն իրադարձությունները։
Քրդական հարցում կարևորն այն է, որ կառաջանա քաղաքական որոշումների ընդունման ևս մեկ կենտրոն։ Խոսքը Սիրիայի տարածքի քրդական հողերի մասին է, և այդ հարցում հազիվ թե կարողանան ուժեղ ազդեցություն ունենալ Իրաքն ու Թուրքիան, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի քրդական կառավարությունը։ Սիրիայի ներկա վարչակազմը շահագրգռված կլինի քրդերի որոշակի ուժեղացմամբ, քանի որ դա նշանակություն ունի երկրում քաղաքական ուժերի հաշվեկշռի պահպանման համար։ Սիրիայում Դամասկոսից մեկուսի քրդական ուժեղ կազմավորման ստեղծումը կասկածներ չի հարուցում։
Ներկայումս ավելի ու ավելի է ընդգծվում Սիրիայում քրիստոնեական և մյուս համայնքների դրության ամրապնդման հեռանկարը, ուստի հարկ կլիներ նորովի իմաստավորել արդեն նոր իրավիճակը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 26444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ