Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, թե Ռուսաստան է գնացել առանց որևէ գաղտնի փաստաթղթի: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցի հավաստմամբ ոչ մի գաղտնի փաստաթուղթ ռուսական գաղտնի ծառայությունների ձեռքը չի ընկել: Սնոուդենը Մոսկվա է թռել Հոնգկոնգից և իր մոտ եղած բոլոր գաղտնի նյութերը մինչ թռիչքը փոխանցել է լրագրողներին: Սնոուդենն ասել է, թե փաստաթղթերի պատճենները նույնպես չի պահպանել. «Ինչո՞ւ ինձ մոտ պահեի պատճենները»: Նա հավաստիացրել է, թե կարողացել է այդ գաղտնիքները պաշտպանել նաև չինական հատուկ ծառայություններից, քանի որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում աշխատելու ժամանակ լավ ուսումնասիրել է այդ երկրի հատուկ ծառայությունների հնարավորությունները: «Հանավանակությունը, որ չինացիները կամ ռուսները ստացել են այդ փաստաթղթերը, զրո է»,-ասել է նա «New York Times»-ին:
Նկատի ունենալով ԱՄՆ հատուկ ծառայությունների` տեղեկություններ ստանալու հնարավորությունները, Սնոուդենն ասել է, թե ամերիկյան ԱԱԾ-ին շատ լավ հայտնի է, որ ինքը չի համագործակցել ռուսական և չինական հատուկ ծառայությունների հետ: ՌԴ-ում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկացին հայտարարել է, որ իր հայտնաբերած չարաշահումների մասին նախընտրել է պատմել լրագրողներին, քան թե բողոքել իր ղեկավարությանը. նրա բողոքները կանտեսեին, իսկ նրան «կվարկաբեկեին և կոչնչացնեին», քանի որ չարաշահումների մասին պետք էր զեկուցել հենց դրանք իրականացնողներին: Սնոուդենն ասել է, թե համոզված է, որ իր քայլով միայն ուժեղացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը, որովհետև հասարակական մեծ բանավեճ է հրահրել հետախուզության աշխատանքային մեթոդների մասին: Նրա կարծիքով, այստեղ առավել քան կարևոր է ամերիկացիների տեղեկացվածությունը սեփական հատուկ ծառայությունների աշխատանքային ձևերին: «Այդ ծրագրի աշխատանքների գաղտնի շարունակությունը իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան դրանց բացահայտումը»,-ասել է Էդվարդ Սնոուդենը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ