«Սիրիայում վերջին զարգացումները սիոնիստական ռեժիմի չարամիտ ծրագրերի մի մասն են՝ ուղղված իսլամական երկրներում անկայունությունը, պառակտումը և հակամարտությունը մեծացնելուն»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած համագործակցության Սիրիայում ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում:               
 

«Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»

«Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»
08.11.2013 | 00:05

Վերջին շրջանում ստեղծագործական միությունների շուրջ աղմուկը շատ մեծ է, քանի որ ներսում կուտակված խնդիրները միանգամից դուրս են եկել ջրի երես: Գրողների և կոմպոզիտորների հակասություններից զերծ է նկարիչների միությունը, այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ` տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է նկարիչների համագումարը: Գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, վերստին ընտրվելու ցանկություն ունի: Հույս ակնկալելով, որ իրենց համագումարը կանցնի շատ ավելի հանգիստ, Կարեն Աղամյանն իր գործունեության գնահատականը թողեց համագումարի մասնակիցներին: «Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի, այն դեպքում, երբ պետք է իր ստեղծագործական կյանքի մասին մտածի, ինչ նոր հայտնություններ անի իր արվեստում: Նկարիչների միության անդամների մեծ մասը մտածում է իր օրվա հացի փողը վաստակելու մասին, որը կերպարվեստի զարգացմանը չի նպաստում»,- շեշտեց բանախոսը` հավելելով, որ իրենք բյուջեից ոչ մի կոպեկ չեն ստանում ու չեն կարող լուծել անդամների կենցաղային հարցերը:
Անդրադառնալով երիտասարդ նկարիչների դժգոհություններին` Կարեն Աղամյանը վստահեցրեց, որ նման բան չկա, ավելին, ամեն տարի երիտասարդ նկարիչների համար հատուկ ցուցահանդես է լինում: «Նրանք են, որ մեզ փոխարինելու են գալու: Ոչ մեկս հավերժ չէ: Շատ եմ ուզում, որ համագումարի ժամանակ երիտասարդները վարչության կազմում ընտրվեն»:
Չնայած այն հանգամանքին, որ Նկարիչների համաշխարհային միության անդամ է նաև Հայաստանի նկարիչների միությունը, բայց ակումբի հյուրը փաստում է, որ մեր ստեղծագործողների աշխատանքները լավ չեն կարող դրսում ներկայանալ, քանի որ կրկին կա ֆինանսի անհրաժեշտություն: Ավելին, նկարիչների միությունը ոչ միայն Ֆրանսիայում իրեն պատկանող տարածքը չի կարող օգտագործել, քանի որ նկարիչներից շատերն անգամ ճանապարհածախսի գումար չունեն, այլև Ծաղկաձորի իր հանգստյան տան պայմանները բարելավելու համար միջոցներ չունի:
Կարեն Աղամյանի տեղեկացմամբ, այսօրվա անելիքներից ամենաառաջնահերթը, իհարկե, շենքի ջեռուցման հարցը լուծելուց հետո, մշակութային միությունների մասին օրենքի ընդունումն է, որը տարիներ շարունակ ձգձգվում է: «Առանց դրա մեր գործունեությունը խղճուկ վիճակում է: Դրել են մեզ մի կողմ, ուզում եք, եղեք, չեք ուզում, մի եղեք: Մենք երկրի հիմնասյուներից մեկն ենք, չի կարելի այդքան անտարբեր լինել: Ասում են` դուք կաք, լավ է, բայց եթե վերանաք, մենք չենք տուժի»,- իր անհանգստությունը հայտնեց նկարիչների միության ղեկավարը` նշելով, թե օրենքը պետք է ոչ թե նրա համար, որ նկարչին ասի` ինչպես նկարել, այլ պետությունը ինչ պարտականություն ունի արվեստի աշխարհում, ինչպիսի զարգացման միտումներ ունի կերպարվեստը:
Երբ նկարիչների միության նախագահին լրագրողները հիշեցրին, որ կա նկարիչ, որը հայտարարում է, թե միության նախագահը թալանով է զբաղվում, նա հակադարձեց. «Մի հավատացեք հերյուրանքներին: Եթե նման բան է ասում, պետք է ապացույցներ բերի»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ