ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոն բացատրել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հռչակագիրը պետք է համաձայնեցվի և հրապարակվի Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: Նրա համոզմամբ, կարիք չկա անդրադառնալ այն շահարկումներին, թե դա հռչակագրի սևագիրը կամ հաստատված, բայց արտահոսքի ենթարկված տեքստն է: Ըստ նրա` Վիլնյուսյան գագաթնաժողովի հռչակագիրը վերաբերելու է ԵՄ Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հարաբերություններին: ԵՄ-ն լիահույս է, որ հնարավոր կլինի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և Խոր, համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Անդրադառնալով հայաստանյան խոսակցություններին, թե Վիլնյուսում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հռչակագիր է սպասվում, Պիտեր Ստանոն ասել է, որ Վիլնյուսում հնարավոր չի լինելու Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր նախաստորագրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունից բխելիք հակասությունների պատճառով: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ իրենք հայտարարել են Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու հետաքրքրության մասին` այս պայմաններում այդ հարաբերությունները կառուցելով այն ամենի վրա, որը ձեռք է բերվել համագործակցության արդյունքում: «ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ սերտ աշխատել, և մենք մշտական շփումների մեջ ենք` որոշելու մեր հարաբերությունների հետագա լավագույն ճանապարհը և համագործակցությունը դեպի առաջ: Մենք սպասում ենք մեր գործընկերներից լսել նրանց գաղափարները, լսել, թե ինչպես են նրանք ցանկանում հստակեցնել նոր հիմքը մեր հարաբերությունների համար, որտեղ Ասոցացման համաձայնագիր ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր հնարավոր չէ»,- պարզաբանել է Պիտեր Ստանոն: