Սիրիայի ընդդիմադիր ուժերի հիմնական դաշինքը` Ազգային կոալիցիան, հայտարարել է, թե կմասնակցի Ժնևում կայանալիք բանակցություններին` որոշ պայմաններով: Ընդդիմադիրները իշխանությունից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Նրանք նաև պահանջում են, որ խաղաղ բանակցությունները հանգեցնեն Սիրիայում ժամանակավոր կառավարության ձևավորմանը: Ընդ որում` կոալիցիան պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից և մասնակցություն չունենա ժամանակավոր կառավարության ձևավորման մեջ: Ազգային կոալիցիան պահանջել է նաև կառավարական ուժերի կողմից պաշարված շրջանների բնակիչների համար մարդասիրական օգնության տրամադրման հնարավորություն ստեղծել: Խաղաղ բանակցություններին մասնակցությանը համաձայնություն տալու համար Ազգային կոալիցիայի անդամներին քննադատել են Սիրիայի մյուս ընդդիմադիր ուժերը: Նկատենք, որ մինչ ընդդիմադիր ուժերը միմյանց հակասող հայտարարություններ են անում ու երկրի իշխանության հետ տարաձայնությունները տեղափոխում մարտի դաշտ, նույն այդ մարտական գործողություններից խաղաղ բնակչությունն է տուժում: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ապստամբությունների առաջին օրերից մինչև հիմա զոհվել է շուրջ 100 հազար մարդ, իսկ 9 միլիոնը մարդասիրական օգնության կարիք ունի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ