«Ազատության ժողովուրդը» գնում է դեպի «Առաջ, Իտալիա»: Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես հայտարարել է «Առաջ, Իտալիա» շարժման վերականգնման և «Ազատության ժողովուրդ» կուսակցության լուծարման մասին, ավելի ճիշտ` կուսակցությունը ընդգրկվում է շարժման մեջ: Բեռլուսկոնին մտադիր չէ փոխել կուսակցության քաղաքական ծրագիրը, այլ միայն «վերադառնում է այն անվանը, որ միշտ եղել է բոլորի սրտում»: Նա անդրադարձել է նաև կուսակցության պառակտման խնդրին. նախօրեին նրա մերձավոր աջակից, փոխվարչապետ և Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելո Ալֆանոն դուրս էր եկել «Ազատության ժողովրդի» շարքերից և հայտարարել էր նոր շարժման` Նոր աջկենտրոնամետ ուժերի ստեղծման մասին: Նոր շարժմանն անդամակցել են Էնրիկո Լետայի կառավարության 5 նախարարներ (նախկինում «Ազատության ժողովրդի» անդամներ), 37 սենատորներ և 23 պատգամավորներ: «Մեր տարաձայնությունները չեն վերաբերում մեր ծրագրին կամ արժեքներին: Պարզապես առանձին անհատների միջև են: Ստեղծվել էր իրավիճակ, երբ մենք արդեն միասին աշխատել չէինք կարող: Ես հնարավորն արեցի պառակտումը կանխելու համար, համաձայնությունն այնքան մոտ էր»,-պատմել է Բեռլուսկոնին, հավելելով, որ նոր խումբը իրեն աջակցություն է հայտնել կառավարության մակարդակով: Դահլիճի բուռն ծափահարությունների տակ նախկին վարչապետը ասել է, որ հազիվ թե դաշնակիցներ դառնան և մի սեղանի շուրջ նստեն նրանց հետ, ովքեր ուզում էին իրենց առաջորդի քաղաքական սպանությունը: Այնուհանդերձ, Բեռլուսկոնին կուսակիցներին կոչ է արել քաղաքական նոր ուժի համար փոս չփորել, այլ ընդունել իբրև չափավոր փոքրամասնություն խորհրդարանում: