Ժնևում վերջերս կայացած Իրան-«վեցնյակ» բանակցություններից հետո Իրանը մեղադրանքներ հնչեցրեց Ֆրանսիայի հասցեին` ասելով, թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չստորագրվեց Ֆրանսիայի պատճառով: Երեկ Ֆրանսիայի նախագահը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում պատասխանել է լրագրողների հարցերին և մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ պայմաններ է դրել, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջ են քաշվել դեռևս Ժնևի բանակցությունների ժամանակ: Ֆրանսուա Օլանդն ասել է, թե Իրանը պետք է չորս պահանջ կատարի, որոնց պարագայում միայն պաշտոնական Փարիզը հնարավոր է համարում համաձայնագրի ստորագրումը: Պահանջները հետևյալն են` միջազգային վերահսկողության սահմանում Իրանի միջուկային օբյեկտների վրա, ուրանի հարստացման կրճատում 20 տոկոսով, հարստացված ուրանի պահուստների կրճատում և Արաքում կառուցվող ԱԷԿ-ի շինարարության դադարեցում: Ելնելով մինչ այս տեղի ունեցած բանակցային զարգացումներից, կարելի է ենթադրել, որ դժվար թե Իրանի համար ընդունելի լինեն Ֆրանսիայի պայմանները: Իրանը միշտ հայտարարել է, որ ուրանի հարստացումը իրականացվում է միմիայն խաղաղ նպատակներով` մեկ, երկրորդ` ասվել է, որ Իրանը պատրաստ է կրճատելու ուրանի հարստացումը, բայց երբեք իր պահուստները չի կրճատի դրանց մի մասը երկրից դուրս հանելու գնով, ինչը ժամանակին պահանջել էր Արևմուտքը: Ինչ վերաբերում է Արաքի ԱԷԿ-ին, օրերս Իրան-ՄԱԳԱՏԵ համագործակցության «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնություն է կայացել, որի շրջանակներում ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները կայցելեն Արաքի ԱԷԿ: Ի հակառակ Ֆրանսիայի կոշտ և կտրուկ դիրքորոշման, ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրի հարցում զգուշավորություն է ցուցաբերում: Ժնևում կայացած Իրան -«վեցնյակ» եռօրյա հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի որ նոր սանկցիաները կարող են ձախողել մինչ այս Իրանի հետ բանակցություններում ձեռք բերված արդյունքը, այն է` «վեցնյակի» հետ համաձայնության գալու Իրանի պատրաստակամությունը և զիջումների գնալու հակվածությունը: Բոլոր դեպքերում, Իրանը հզոր երկիր է` իր մարդկային և ռազմական ռեսուրսով հանդերձ և Իրանին ռազմական ճանապարհով «կոտրելու» փորձը կարող է ֆիասկո ապրել, և ԱՄՆ-ը դա լավ է հասկանում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ