ՈՒկրաինայի ազգայնականները այսօր երկրի նախագահի նստավայրի մոտ ակցիա են կազմակերպել և ի նշան Վիկտոր Յանուկովիչի` վերջին օրերի ռուսամետ պահվածքի, կմախքներ են բերել: Նրանք իշխանությունից պահանջել են ազատվել քաղաքական կմախքներից` նկատի ունենալով իշխանության մեջ գտնվող ռուսամետ պաշտոնյաներին: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում կպահանջեն Յանուկովիչի հրաժարականը: Պաշտոնական Կիևի գործերը բարդանում են ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին դաշտում: Երեկ ԱՄՆ-ի սենատը ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ը Կիևից պահանջում է ազատ արձակել Տիմոշենկոյին, իսկ ԵՄ անդամներին կոչ անում համաձայնագիրը ստորագրելու գործընթացում նախկին վարչապետի գործը որպես կարևոր չափանիշ ընդունել: ՈՒկրաինայի շուրջ օղակ է սեղմում և Ռուսաստանը: Արդեն մի քանի օր է ՈՒկրաինա-Ռուսաստան սահմանի վրա խցանումներ են առաջացել: Չերնիգովի շրջանի սահմանապահ կետում այսօրվա դրությամբ հարյուրից ավելի բեռնատար է կանգնած: ՈՒկրաինական TVI-ի հաղորդմամբ ՌԴ մուտք գործելու համար ռուսները պետք է բեռի մատակարարման ֆինանսական երաշխիք տրամադրեն կամ ապահովագրություն: Ասվում է, սակայն, որ մեկ ժամվա ընթացքում ռուսները մեկ մեքենա են սպասարկում: Վարորդները ցուրտ եղանակի պատճառով նույնիսկ մեքենաներից դուրս գալ չեն կարողանում: Սա, կարծեք թե, պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ ռուս սահմանապահների դանդաղկոտությունը բռնել է հենց Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ