Իրան –«վեցնյակ» երեկվա հանդիպումը տևել է ընդամենը տասը րոպե: Այնուհետև բանակցությունները տեղափոխվել են երկկողմ քննարկումների դաշտ: Բանակցությունների ընթացքից որոշ արտահոսք է հայտնվել ԶԼՄ-ներում, ըստ որոնց` կա դրական տեղաշարժ, որը, սակայն, բավարար չէ նույնիսկ համաձայնագրի նախաստորագրման համար: Իսկ սա նշանակում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռևս կմնան ուժի մեջ: Բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Մոսկվայում հայտարարել է, թե միջազգային հանրությունը Իրանի նկատմամբ պետք է կիրառի նույն քաղաքականությունը, ինչը կիրառվում է Սիրիայում քիմիական զենքի ծրագրի առնչությամբ: Նաթանյահուն նկատի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը` Սիրիայում քիմզենքի ոչնչացման պրոցեսը վերահսկելու վերաբերյալ: Իսրայելի վարչապետի կարծիքով ՄԱԿ-ը նման մի բանաձև էլ պետք է ընդունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ըստ որի Իրանում կդադարեցվի ուրանի հարստացումը, հարստացված ուրանի պահուստները դուրս կբերվեն Իրանից և կփակվի Արաքի ատոմակայանը: Երեկ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է, թե Իրանի պատվիրակությունը դիրքորոշման հստակ ցուցակ է ստացել, որով պետք է առաջնորդվի բանակցությունների ընթացքում և որից չի կարող շեղվել: Նա ասել է, թե Իրանը չի նահանջի միջուկային ծրագրի իր իրավունքներից, միաժամանակ «վեցնյակի» երկրներին կոչ է արել չավելացանել ճնշումը Իրանի նկատմամբ: «Նրանք պետք է իմանան, որ Իրանի ժողովուրդը հարգում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, բայց մենք կհարվածենք ագրեսորների դեմքին այնպես, որ նրանք չեն մոռանա այդ ապտակը»: Չնայած Իրանի անզիջում պահվածքին, ԱՄՆ-ը նահանջել է իր կոշտ դիրքերից և համբերությամբ սպասում է բանակցությունների վերջնական ավարտին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ