Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է

Քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է
22.11.2013 | 11:37

Ներկա փուլում աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց համակարգային ընկալման համար համապատասխան նախադրյալները, թվում է, հիմնականում բացակայում են: Անշուշտ, հնարավոր քաղաքական իրադարձությունների և դեպքերի վերացականության մասին պատկերացումների, այսպես կոչված, «անառարկայական» լինելու պատրանքը ունի հազարամյակների պատմություն: Եվ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ պատրանքներին ապավինելը այնքան վտանգավոր ու անօգուտ զբաղմունք է, որքան բարոյական նորմերով առաջնորդվելը: Ըստ էության, քաղաքականության մեջ կամ դիվանագիտական հարաբերություններում պատրանքներին ու բարոյականության նորմերին տուրք տալը հատկապես աշխարհաքաղաքական շահերի արժևորումների համատեքստում ոչ միայն վտանգավոր է, այլև որոշ դեպքերում` կործանարար:

Ըստ Ի. Կանտի, «պարտք» հասկացությանը պիտի ենթարկվի ամեն ինչ, այդ թվում և` քաղաքականությունը: Սակայն, եթե բարոյականությունը տեսական ըմբռնում է, ապա քաղաքականությունը` գործնական վարքագիծ: Բարոյական պարտքը թելադրում է մարդկանց ապրել խաղաղ և բարեկամաբար, իսկ բարոյական քաղաքագետ-գործիչը պետք է համադրի քաղաքականության սկզբունքները բարոյական սկզբունքների հետ: Լայն իմաստով իսկական պետական կամ քաղաքական գործիչը, Կանտի կարծիքով, պետք է հաշվի առնի բարոյականության սկզբունքները, քանզի նա դրանից միայն կշահի: Սակայն, ինչպես հազարամյակների փորձն է վկայում, քաղաքականությունը ստեղծել է իր համար դաժան օրենքներ (քաղաքական շահի օրենքներ) և ղեկավարվում է այդ օրենքներով մինչև այսօր, և մենք համոզված ենք, որ կղեկավարվի նաև ապագայում:
Ընդհանուր հայացք ձգելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքի և անկախ պետականության կայացման բարդ ու հակասական գործընթացների վրա, մեզանում նկատելի են եղել և կան քաղաքականության մեջ պատրանքներին և բարոյականությանն ապավինելու բազմաթիվ փորձեր, որոնց համար ընդհանրապես բացակայում են պատմական հիմքերը:
Վերը նշված խնդրի խոր ու համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկավոր է ազգովին փոխել վերաբերմունքը քաղաքական պատրանքների ու բարոյական հաղթանակների մասին մտացածին ու սին առասպելների նկատմամբ և աշխարհաքաղաքական նոր պահանջների էությունն ըմբռնելով` քաղաքական որակապես նոր մտքի գործադրումով փորձել դիմագրավել ներկա փուլի տարաբնույթ մարտահրավերներին:
Առաջին խնդրի լուծումը, որը ծառացած է հայոց քաղաքական մտքի առջև, այն է, որ հարկավոր է պայմանականորեն տարանջատել համաշխարհային մասշտաբով և տարածաշրջանային մակարդակով ընթացող աշխարհաքաղաքական բնույթի գործընթացների հիմնական ուղղություններն ու զարգացումները: Երկրորդ հիմնահարցը, որը ևս լուծում է պահանջում, այն է, որ որոշակիորեն ճանաչելով և իմաստավորելով գլոբալ բնույթի մարտահրավերները, անհրաժեշտ է կոնկրետացնել տարածաշրջանային այն հնարավոր քաղաքական զարգացումները, որոնք պայմանավորված են համաշխարհային գործընթացներով և անմիջականորեն կամ էլ միջնորդավորված մեխանիզմներով ուղղակիորեն ներգործում են տարածաշրջանային ներկա կամ պոտենցիալ իրողությունների կայացման վրա: Եվ, երրորդ, հայ հավաքական քաղաքական միտքը պետք է հստակորեն ճշգրտի, թե որոնք են հայ ժողովրդի գոյատևման և զարգացման ռազմավարական շահերից բխող համապարփակ առաջնահերթությունները: Իսկ ավելի կոնկրետ, պետք է ճշտել Հայաստանի տեղն ու դերը, ինչպես նաև հետագա անելիքները գոնե այս տարածաշրջանում:
Օրինաչափ հարց է առաջանում. որո՞նք են աշխարհաքաղաքական այն նոր մարտահրավերները, որոնց բարեհաջող դիմակայելու նպատակով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է համատեղ ջանքերով և ուժերով մշակեն քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգևոր-մշակութային բնույթի այնպիսի «իմունիտետ», որը հայ էթնոսի խոցելիության աստիճանը կհասցնի նվազագույնի բոլոր առումներով:

Այժմ փորձենք արտահայտել մի քանի նկատառումներ Հայաստանին և Արցախին սպասող քաղաքական մարտահրավերների վերաբերյալ:
1. Բազմաբևեռ աշխարհի ձևավորման նախաշեմին մասնավորապես փոքր և միջին պոտենցիալ ունեցող երկրների համար բազմավեկտոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փուլը, ըստ իս, առաջիկա 10 կամ 15 տարիների (հնարավոր է` ավելի շուտ) ընթացքում անխուսափելիորեն կմոտենա իր տրամաբանական ավարտին:
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի ղեկավարած Վարշավայի ռազմա-քաղաքական դաշինքի փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ, ինչի պատճառով մարդկության անվտանգ ապագայի հեռանկարի հնարավորությունները չնվազեցին: ԱՄՆ-ը, մնալով միակ գերտերությունն աշխարհում, իր կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի հետ գրեթե մշտապես քաղաքական խանդով է արձագանքում աշխարհի մյուս հզոր երկրների կողմից նոր ուժային կենտրոններ ձևավորելու փորձերին: Այդուհանդերձ, Եվրամիության, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի կողմից աշխարհաքաղաքական նոր բևեռներ ձևավորելու փորձերը նույնպես ակնհայտ են: Միաժամանակ գաղտնիք չէ, որ Եվրամիությունը ցանկանում է ինչ-որ ձևով ազատվել ԱՄՆ-ի գերակա ներկայությունից Հին մայր ցամաքում, իսկ Ռուսաստանը վերջին տասնամյակում անընդհատ ձգտում է իր երբեմնի ազդեցությունը վերականգնել և ընդլայնել հետխորհրդային գրեթե բոլոր պետություններում և, նույնիսկ, «երրորդ աշխարհում»:
Հայաստանը, ինչպես հայտնի է, քաղաքական անկախություն ձեռք բերելուց հետո իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Հարկ է նկատել, որ իրականացվող նման արտաքին քաղաքականությունը ներկա փուլում հիմնականում իրեն արդարացնում է, քանզի բազմաբևեռ աշխարհի ձևավորումը դեռևս փոր է և ավարտված-կայացած իրողություն չէ:
Երկարաժամկետ պլանում (15-20 տարվա կտրվածքով) զարգացող երկրները այս կամ այն չափով ու ձևերով անխուսափելիորեն կդաշնակցեն ապագայում ձևավորվելիք աշխարհաքաղաքական որևէ բևեռի հետ: ՈՒստի, որպեսզի Հայաստանը խուսափի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ կապված արտաքին ու ներքին հնարավոր քաղաքական ցնցումներից, անհրաժեշտ է, որ հենց ներկա փուլում նախապատրաստվի ապագայում սպասվելիք համաշխարհային վերադասավորումներին: Այլ կերպ ասած, այն երկիրը կարող է հիմնականում շահող դուրս գալ ապագա արտաքին քաղաքական վերադասավորումների լաբիրինթոսից, որը ներկայումս արդեն հայեցակարգային մակարդակում ապագա աշխարհաքաղաքական ռազմավարական շահերի բախման համատեքստում հնարավորինս ճիշտ կորոշի այն պոտենցիալ բևեռը կամ ուժային կենտրոնը, որի կողմն էլ ուղղված կլինի նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Հակառակ պարագայում, եթե որևէ երկիր չունի գիտականորեն հիմնավորված և ապագային միտված պետական ռազմավարական շահերի պաշտպանության վերաբերյալ հայեցակարգ, ապա աշխարհաքաղաքական մարտավարական շահերի համար մղվող պայքարում կարող է անդառնալիորեն լուրջ կորուստներ ունենալ:
2. Ներկայումս ընթացող գլոբալիզացիոն և բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացներում նկատելի են հետաքրքիր և, ինչու չէ, իրենց էության մեջ նաև խորամանկ միտումներ: Այսինքն` որպեսզի ակնհայտ չլինեն մեկ կամ էլ մի քանի ուժային կենտրոնների կողմից կառավարվող համաշխարհային մասշտաբի գործընթացների իմաստն ու նպատակը, ազդեցության ոլորտների բաշխմանն ու վերաբաշխմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական գործողությունները տեղափոխվել են տարածաշրջանային (ռեգիոնալ) տարբեր մակարդակներ: ՈՒստի պատահական չէ, որ երկրագնդի տարբեր ծայրերում տեղային (լոկալ) բնույթի կոնֆլիկտները փորձ է արվում լուծել ոչ միայն կոնֆլիկտող կողմերի մասնակցությամբ, այլև տարածաշրջանային, այսպես կոչված` «գերտերությունների» («խաղացողների») օգնությամբ: Իսկ վերջիններս էլ նման դեպքերում ձգտում են իրենց ազգային-պետական ռազմավարական շահերը հմտորեն համադրել գերտերությունների հետապնդած աշխարհաքաղաքական շահերի հետ` «պոկելով» տարածաշրջանի այս կամ այն երկրի (նաև` երկրների) հաշվին ոչ իրենց պատկանող «փայաբաժինը»:
(Փակագծում նշենք, որ տարածաշրջանային բարդ ու հակասական նման զարգացումների պայմաններում, ինչպես վկայում է պատմությունը, հիմնականում կարողանում է շահեկան դիրքերում հայտնվել և իրեն չպատկանող «փայաբաժինը» պոկել դիվանագիտական մեծ փորձ ունեցող մեր հարևանը` Թուրքիան):
Ինչպես վերն ասվեց, տարածաշրջանային կոնֆլիկտների լուծումը տարածաշրջանում գտնվող կոնֆլիկտող կողմերի միջոցով կամ օգնությամբ միայն չի իրականացվում: Այսինքն` երկրագնդի այս կամ այն մասում ծագած կոնֆլիկտը կարող է, այսպես կոչված` «մաքուր» տարածաշրջանային բնույթ չկրել: Կամ էլ կոնֆլիկտը կարող է ծագել «մաքուր» տեղային նախադրյալների առկայության պայմաններում, սակայն դրա լուծմանն առնչվող հիմնական հարցերի դասակարգման ու համադրման գործընթացները իրականացվեն տվյալ տարածաշրջանից դուրս:
Հայտնի է, նաև, որ Հայաստանի աշխարհագրական ներկայիս տարածքը դժվար է բարենպաստ համարել: Սակայն, միաժամանակ, կարելի է արձանագրել այն իրողությունը, որ ամեն մի աշխարհագրական տարածք իր թերությունների հետ, օժտված է նաև բազմաթիվ առավելություններով: Նաև հասկանալի է, որ օբյեկտիվ իրողություններից դժգոհելը անօգուտ զբաղմունք է: Հարկավոր է պարզապես առավելագույնս օգտվել աշխարհագրական այն տարածքից, որտեղ գտնվում է Հայաստանը: Քաղաքական փիլիսոփայությունը գործնականում փաստում է հետևյալը. որքան հնարավոր է, որ մեծ երկիրը դառնա փոքր, այնպես էլ աշխարհաքաղաքական հանգամանքների որոշակի դասավորության դեպքում փոքրը կարող է ընդարձակվել և կայանալ որպես մեծ պետություն (պատմությունը տվել է բազում օրինակներ): Քաղաքականության մասին հայտնի է այն ասույթը, թե «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Սակայն այս ասույթը կարելի է նաև այլ տեսանկյունից ձևակերպել, այն է` «քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է»: Կարծում եմ, որ մենք` հայերս, ուղղակի ստիպված ենք ղեկավարվել «քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է» սկզբունքով, քանզի մեր ազգի առջև ծառացած բազում հիմնահարցերի հայանպաստ լուծումները հրամայաբար պահանջում են հենց այս սկզբունքի հետևողական գործադրում:
Պետության գոյության պահպանումը և հզորության առկայությունը գործնականում իրականացվող քաղաքականության օրինաչափ արդյունք է: Պետության կործանումը տվյալ ժամանակաշրջանի պահանջները ոչ համարժեքորեն և ոչ ճկունորեն իրականացվող նույնպես քաղաքականության հետևանք է: Իսկ պետականությունը կորցրած ազգը դարերի ընթացքում ոչ թե ապրում ու զարգանում է, այլ պարզապես գոյատևում է առանձին-առանձին հատվածներով: Ընդ որում, գոյատևել են ոչ միայն հայրենի հողի վրա ապրողները, այլև օտար երկրներում սփռվածները: Այսինքն` ազգային պետության կործանումից հետո կորցրինք պատմական հայրենիքի գերակշռող հատվածը, և հայ ազգի թվակազմը նվազեց թե՛ դարերի ընթացքում իրականացված բազում ցեղասպանությունների, թե՛ օտար երկրներում ուծացումների պատճառներով: Միաժամանակ դարեր շարունակ տարբեր երկրներում սփռված հայերի տաղանդը նպաստել և ծառայել է օտար պետությունների ռազմական, տնտեսական և հոգևոր-մշակութային տարբեր ոլորտների զարգացման ու հզորացման գործին:
3. Եթե ընդհանրացնենք նախորդ հազարամյակում հայ ազգի կեցության ձևը, ապրելու կերպը, եղանակը, ապա այն ոչ այլ ինչ, եթե ոչ գոյատևման ռազմավարություն բնութագրել չենք կարող: Սակայն, եթե նախորդ դարերը հայ ազգի համար եղել են ընդամենը գոյատևման ժամանակաշրջաններ` հիմնված նրա աշխատասիրության և սեփական տեսակը բոլոր հնարավոր միջոցներով պահպանելու կենսական բնազդի վրա, ապա XXI դարը պիտի դառնա հայի տեսակի համար քաղաքական մտքի զարթոնքի դարաշրջան: Իսկ ավելի կոնկրետ, հայոց անկախ պետության գոյության պայմաններում հարկավոր է ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ազգը գոյատևման ռազմավարությունից վերջապես անցում կատարի զարգացման և հզորացման ռազմավարության իրականացման դարաշրջան: Իսկ, ինչպես վկայում է արևմտյան զարգացած երկրների հարուստ փորձը, զարգացման ռազմավարության հիմնական երաշխավորը կարող է հանդիսանալ նաև հայոց քաղաքագիտական համակարգված մտքի ձևավորման խնդրի լուծումը, որը մեզանում դեռևս բացակայում է: Ամբողջ հարցն այն է, որ մենք կարողանանք ազգովին բարձր պատասխանատվությամբ գնահատել պատմության կողմից մեզ տրված չափազանց սուղ ժամանակահատվածը` անկախ և հզոր պետականություն կառուցելու համար` նաև Սփյուռքի ամենաակտիվ աջակցությամբ: «Ամեն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը: Նվազ ոգելից և խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպես, որին պակասում է իր պատմական առաքելության գիտակցությունը»,-միանգամայն ճշմարտացիորեն նկատել է հայոց քաղաքական մտքի ստրատեգը` Գարեգին Նժդեհը:
Գուցե եկել է պատմական այն հրամայական պահը, երբ համատեղ ուժերով ու նաև հայոց քաղաքագիտական մտքի օգնությամբ փորձենք ձևավորել Նժդեհի պատգամած «պատմական առաքելության գիտակցությունը» և բացահայտենք, թե որտեղ է թաքնված հայի հզորության հոգևոր աղբյուրը, ինչն էլ փորձենք ծառայեցնել մեր հայրենիքի հզորացման գործին: Եվ սա էլ այն դեպքում, երբ, ինչպես դարեր առաջ, այնպես էլ ներկա փուլում, համաշխարհային քաղաքականությունը շարունակում է հենվել միմյանց լրացնող հետևյալ երեք սկզբունքների վրա.
1. Ստատուս-քվոյի պահպանման քաղաքականություն, որի հիմնական նպատակն է` բոլոր միջոցներով պաշտպանել միջազգային հարաբերություններում ամբողջապես կամ էլ առանձին տարածաշրջանում մինչև տվյալ պահը ունեցած իշխանությունը, իսկ հնարավորության դեպքում` նաև ընդարձակել ազդեցության սահմանները:
2. Համաշխարհային տիրապետության հաստատման քաղաքականություն, որն արտահայտվում է հետևյալ կերպ. ձգտել փոխել աշխարհում կամ էլ առանձին տարածաշրջանում գոյություն ունեցող իշխանության կամ ազդեցության հարաբերակցությունը, այսինքն` հնարավորության դեպքում հիմնովին կամ էլ մասամբ, վերաձևել աշխարհի քաղաքական քարտեզը:
3. Հեղինակության, վարկանիշի ամրապնդման քաղաքականություն, որի կարևորությունը գործնականում շատ աննշան է, քանզի վերջին հաշվով, այն ծառայեցվում է կամ ստատուս-քվոյի ամրապնդմանը, կամ էլ, այսպես կոչված` կայսերապետական քաղաքականության իրականացմանը:
Համենայն դեպս, հայ-ադրբեջանական քաղաքական, դիվանագիտական և քարոզչական հակամարտության քսանհինգ տարվա փորձը ցույց է տալիս, որ, ըստ էության, միայն աշխարհաքաղաքական շահեր հետապնդող հզոր տերություններն են առայժմ բծախնդիր հավատարմություն ցուցաբերում վերոհիշյալ երեք սկզբունքների գործադրմանն աշխարհում ընդհանրապես, իսկ կոնկրետ որևէ տարածաշրջանում` մասնավորապես:
Վերը նշված երեք աշխարհաքաղաքական հաստատումներից բխող հրամայական պահանջը կարևորելու տեսանկյունից առաջարկում ենք.
1. Հարկավոր է հայոց պետական-քաղաքական մտքի օգնությամբ ճշգրտել, թե Հայաստանը աշխարհաքաղաքական ինչպիսի չափումների պայմաններում պիտի գտնվի և գործի:
2. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումների հեռահար նպատակները հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար անհրաժեշտ է համակարգել նման խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոնների քաղաքագիտական միտքը:
3. Հայաստանի ռազմավարական շահերի խոր իմացության հիման վրա մշակել աշխարհաքաղաքական այն չափումները, որոնք ուղղակի ածանցված չեն լինի տարածաշրջանային տարաբնույթ և անկանխատեսելի զարգացումներից, այլ, ընդհակառակը, կդարձնեն դրանք մեզ համար հնարավորինս կանխատեսելի:
Նախորդ հազարամյակի ընթացքում քաղաքական հայանպաստ մտքի բացակայության պայմաններում բարոյական ըմբռնումների վրա հիմնված և մշտապես դրսևորված պաշտպանական ռազմավարությունը անհրաժեշտ է պարտադիր կերպով փոխարինել XXI դարի հայ քաղաքագիտական համակարգված մտքի քարոզչական-հարձակողական ռազմավարությամբ: Մեր խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ (անշուշտ նաև Սփյուռքի օգնությամբ) երբեք չի կարող ունենալ երաշխավորված ապագա, եթե առաջիկա երկու տասնամյակների ընթացքում չկայանա որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն:
«Ազգային ոգի,- ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
Էսպես միայն դա է գործում պատմության մեջ և պատմության համար: Անհայտ հերոսները ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու»,- գրում է Գարեգին Նժդեհը:
Նժդեհի երազած ազգային ոգու և հայոց քաղաքական-քաղաքագիտական հասուն և գրագետ մտքի անքակտելի դաշինքը միայն կարող է ամուր հիմքեր ստեղծել Հայաստանի տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն դառնալու և երաշխավորված ապագա ունենալու համար:


Սիրակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՊՃՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ,

քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հ. Գ. Այս էլ որերորդ անգամ հայոց քաղաքական միտքը աշխարհաքաղաքական այս կամ այն շրջադարձի ժամանակ հայտնվում է անպատրաստ վիճակում: Ապացույցը սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին Հայաստանի միանալու հայտարարությանը հետևած քաղաքականապես անպատրաստ դիրքորոշումների դրսևորման ձևերն են: Ոչ հեռու ապագայում բազմավեկտոր քաղաքականության իրականացումը հնարավոր է, որ դիտվի ոչ թե ճկունության, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ պատկերացումների որոշակիության բացակայության հետևանք: Չէ՞ որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացները գտնվում են ուրվագծման փուլում: Վերհիշենք մեր պատմությունը. թերևս, գրեթե չի եղել պատմական որևէ ժամանակաշրջան, երբ թե՛ Արևելքից, թե՛ Կենտրոնական Ասիայից, թե՛ Արևմուտքից եկած աշխարհաքաղաքական տեղաշարժերը այս կամ այն չափով ցնցած չլինեն հայ ժողովրդի գոյատևման հիմքերը:
Հետին թվով բացատրություններն ու հիմնավորումները քաղաքականության համար իրերի դրությունը փոխելու փաստարկներ չեն: Քաղաքական շահի տրամաբանությունը հաշվի է նստում բացառապես կատարված փաստերի հետ: Նախորդ մի ամբողջ հազարամյակում չկարողացանք (քիչ բացառություններով) հասկանալ քաղաքական-դիվանագիտական այս ճշմարտությունը, գուցե երրորդ հազարամյակում վերջնականապես հասկանանք։

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ