ՈՒկրաինայում բողոքի նոր ալիք է բարձրանում, որը, բացառված չէ, վերածվի հեղափոխության: Երեկ երեկոյան ՈՒկրաինայի կառավարության` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կասեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո Կիևի անկախության հրապարակում մոտ 3000 մարդ է հավաքվել: Ըստ ուկրաինական կայքերի հրապարկումների, հավաքվածները եղել են առավելապես լրագրողներ, բլոգերներ, քաղաքական և մշակութային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա ուշագրավ է այն առումով, որ քաղաքական-մշակութային-քաղաքացիական էլիտայի համախմբումը կարող է բողոքի մեծ ալիքի ձևավորման կորիզը դառնալ և իրադարձությունները տանել իշխանափոխության: Ի դեպ, նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջ երեկ արդեն հնչել է Անկախության հրապարակում: ԵՄ-ը արձագանքել է պաշտոնական Կիևի որոշմանը: ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ը հիասթափված է նման որոշումից և համաձայնագրի ստորագրումը ՈՒկրաինային տնտեսական նոր բարեփոխումների հնարավորություն կտար: Էշթոնը նշել է, որ ՈՒկրաինայի ապագան, այնուամենայնիվ, կախված է Եվրոպայի հետ սերտ փոխգործակցությունից: ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնպես հիասթափություն է հայտնել ուկրաինացիների որոշման առնչությամբ: «Եթե դա ՈՒկրաինայի կառավարության վերջնական որոշումն է գագաթնաժողովի նախօրեին, մենք հիասթափված ենք: Մենք հավատում ենք, որ դեռ ժամանակ կա հանելու համար Վիլնյուսում համաձայագրի ստորագրման ճանապարհին մնացած բոլոր խոչընդոտները, եթե ներդրվեն համապատասխան ջանքեր»,- ասել է պետդեպի խոսնակը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, երեկ, մինչ ՈՒկրաինայի կառավարության որոշման հրապարակումը, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ՈՒկրաինայի որոշումը Կիևի ներքին գործն է, սակայն Մոսկվան պատրաստ է եռակողմ բանակցությունների ԵՄ և ՈՒկրաինայի հետ առևտրատնտեսական թեմայով` մինչ համաձայնագրի ստորագրումը: Պուտինը նշել է, թե եռակողմ բանակցությունների գաղափարը Յանուկովիչն է առաջարկել: Նա նաև ասել է, թե Մոսկվան որևէ առարկություն չունի ՈՒկրաինայի` ԵՄ հետ առևտրատնտեսական կապերի խորացման հետ, սակայն ՈՒկրաինան Եվրոպային ավելի մոտենալով չի կարող պահպանել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ նույն մակարդակով: «Մոսկվան դեմ չէ առևտրատնտեսական համաձայնագրին, բայց դեմ կլիներ ռազմական դաշինքին», -ասել է Պուտինը:
Կիևի Անկախության հրապարակում կեսգիշերից հետո շուրջ 300 մարդ է մնացել: Ներկաները կոչ են արել այսօր նշել Անկախության հրապարակի (Մայդան) իններորդ տարելիցը: 2004-ի այս օրը նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներից դժգոհ հազարավոր ուկրաինացիներ հավաքվել էին Կիևի կենտրոնական հրապարակում նարնջագույն դրոշներով: Արդյունքում տեղի ունեցավ նոր երկրորդ փուլ և հաղթեց Վիկտոր Յանուկովիչը: Երեկվա հանրահավաքի մասնակիցները որոշել են նաև մեծ հանրահավաք հրավիրել այս կիրակի` արտահայտելու իրենց բողոքը կառավարության որոշման դեմ: Նշենք, որ երեկ Մայդանում մեծ թվով ուժայիններ են եղել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ