ՈՒկրաինայի խորհրդարանական ընդդիմությունը կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ բանաձև է պատրաստել: Բանաձևի` Գերագույն ռադայի օրակարգ մտնելու համար խորհրդարանականների 150 ստորագրություններն են անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվիշչինա» կուսակցության ֆրակցիայի ղեկավար Արսենի Յացենյուկը: Ըստ ուկրաինական zn.ua կայքի հաղորդման, Յացենյուկը ուկրաինացիներին կոչ է արել առաջիկա կիրակի` նոյեմբերի 24-ին մասնակցել Մայդանում տեղի ունենալիք հանրահավաքին: «Մենք քաղաքական խորհրդակցություններ կանցկացնենք քաղաքացիական հանրության հետ և նաև կոչ ենք անում. ռեժիմի դեմ պայքարում առաջին քայլը նոյեմբերի 24-ն է», -ասել է պատգամավորը: Վերջինս նաև նշել է, թե Անկախության հրապարակում ծավալված բողոքի հավաքները քաղաքացիական հանրության նախաձեռնությունն են և ընդդիմությունը աջակցում է այդ պայքարին: Յացենյուկը հայտարարել է, որ «Բատկիվշչինայի» պատգամավորները և ըննդիմության առաջնորդները ժողովրդի կողքին են և հերթապահում են Մայդանում: Նշենք, որ ՈՒկրաինայի կառավարության` ԵՄ հետ ասոցացման բանակցությունների կասեցման առնչությամբ, ի թիվս մի շարք երկրների, հիասթափություն է հայտնել և Մեծ Բրիտանիան: Պաշտոնական Լոնդոնը այն գնահատել է որպես «բաց թողնված հնարավորություն», իսկ Լեհաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Լեհաստանը հարգում է ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, սակայն հիասթափված է ՈՒկրաինայի` ԵՄ-ին մերձենալու բանակցությունները կասեցնելու առնչությամբ: Պաշտոնական Վարշավայի գնահատմամբ ՈՒկրաինան այդ որոշմամբ կորցրեց տնտեսական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման նոր հնարավորություններ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ