Մինչ հայ հանրությունը սոցիալական ցանցերում այս օրերին զբաղված է իր բողոքն արտահայտելով Հայաստանում ռուսաց լեզվին բարձր կարգավաիճակ տալու դեմ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական լեզվի ու գրականության նկատմամբ անթաքույց նախանձախնդրությունն արտահայտում է նաև իր հայրենի երկրում:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ռուսական գրականության համաժողով:
Համաժողովին մասնակցել են յոթ հարյուրից ավելի գրողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գրադարանավարներ, այլք: Գրական համաժողովին հրաժարվել են մասնակցել մի քանի գրողներ, այդ թվում՝ Բորիս Ակունինը, Էդուարդ Լիմոնովը:
Հետաքրքական է, որ ՌԴ նախագահը համաժողովում իր մտահոգությունն է արտահայտել, որ Ռուսաստանը կորցրել է աշխարհում ամենաընթերցասեր երկրի կարգավիճակը: Նա հրահանգել է վերանայել ռուսաց լեզվի և գրականության ծրագրերն ու դասաժամերը հատկապես բարձր դասարաններում:
Վ. Պուտինը հայտարարել է նաև գրականության աջակցության հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ Վ. Պուտինին շատ հարցերում նմանակող մեր իշխանություններն այս ոլորտում հաստատ չեն ձգտում նմանվել ՌԴ նախագահին:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ