Ուկրաինայի շուրջ և ներսում կրքերը թեժանում են, իսկ Ռուսաստանի ծպտունը չի լսվում` այն պարագայում, երբ եվրաինտերգման բանակցությունների կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումն ամենաուղիղ կապն ունի ռուսական տնտեսական ճնշումների հետ: Փոխարենը իր արձագանքներում ակտիվ է Արևմուտքը: Պետդեպի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չի մասնակցի դեկտեմբերի սկզբին Կիևում կայանալիք ԵԱՀԿ շրջանակներում արտգործնախարարների հանդիպմանը: Թեև որպես պատճառ նշվել է պետքարտուղարի աշխատանքային խիտ գրաֆիկը, սակայն Փսակին ակնարկել է նաև, որ այդ որոշումը կապված է ասոցացման բանակցությունները կասեցնելու հետ: Ամերիկյան պատվիրակությունը Կիևում կղեկավարի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը: Փաստորեն ԱՄՆ-ը Կիևին յուրօրինակ դաս է տալիս` հանդիպմանը ներկայանալով պետքարտուղարի օգնականի մակարդակով: Լեհաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, շատ ավելի մեղմ դիրքորոշում է բռնել` կարծես թե փորձելով վերջին հնարավորությունները` Ուկրաինային ուշքի բերելու: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե իր երկրի նախագահը կարող է այցելել Կիև Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին, եթե նախագահը տեսնի, որ փոքր-ինչ հնարավորություն կա դեռ ինչ-որ բան փոխելու: Միաժամանակ ԵՄ-ը ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի շուրթերով Ուկրաինային մեսիջ է ուղարկել թվերի տեսքով: Ֆյուլեն zn.ua կայքին ասել է, թե 1991-ի անակախացումից հետո ԵՄ-ը Ուկրաինային անվերադարձ տրամադրել է 3,3 մլրդ եվրո աջակցություն և ծրագրում էր այդ օգնությունը մեծացնել 2014-2020 թվականներին: Ֆյուլեն նշել է նաև ԵՄ-ի և եվրոպական առանձին երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերված այլ օգնություններ` դրանով ակնարկելով, թե ինչ է կորցնում պաշտոնական Կիևը համաձայնագրի ստորագրումից հրաժարվելով: Մինչ Արևմուտքը հայտարարություններ է անում` Ուկրաինայի ղեկավարությունը ճնշումների է ենթարկվում և երկրի ներսում: Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը, որը քննարկելու համար պատգամավորների ստորագրահավաք է սկսել, հանրահավաք է կազմակերպում Կիևի Մայդանում` այնտեղ պատգամավորների մշտական հերթապահություն սահմանելով և մեղադրում իշխանությանը ռուսամետության մեջ: Ինչպես հայտնի է, նախօրեին Լիտվայի նախագահի խորհրդականը հայտարարել էր, թե Վիկտոր Յանուկովիչը հեռախոսային զրույցի ժամանակ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին ասել էր, թե Կիևը կարող է չստորագրել համաձայնագիրը Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պատճառով: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կասկած է հայտնել, թե Յանուկովիչը հենց այդպես է ասել: Ազարովը միաժամանակ ԵՄ-ին կոչ է արել ողբերգական չընդունել բանակցությունների կասեցման լուրը և ասել, թե ոչ մի խնդիր չի տեսնում, եթե Ուկրաինան բանակցությունները վերսկսի կես տարի հետո` եռակողմ (ԵՄ-Ուկրաինա-ՌԴ) քննարկումների արդյունքում: Ազարովը միաժամանակ նշել է, թե համաձայնագրի բանակցությունների կասեցումը չի նշանակում, որ Ուկրաինան պատրաստ է մտնել ՄՄ և որ պատրաստ է հրաժարական տալ, եթե իր փաստարկները անհիմն լինեն: Անկախ երկրի վարչապետի հայտարարություններից, ընդդիմությունը պատրաստվում է կիրակի` նոյեմբերի 24-ին մեծ հանրահավաք կազմակերպել Մայդանում, որը կարող է իշխանության դեմ մեծ պայքարի սկիզբ դառնալ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ