Իրանը և «վեցնյակը» վերջապես համաձայնության են եկել, որով Իրանը պարտավորվել է կես տարվա ընթացքում սառեցնել ուրանի հարստացման ծրագիրը և ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները մինչև 20 տոկոսով: Ըստ համաձայնագրի, Իրանը իր միջուկային օբյեկտների դռները կբացի միջազգային տեսուչների համար, մասնավորապես կավելանա ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությունը: Կսահմանափակվի միջուկային օբյեկտների շահագործումը, կդադարեցվի Արաքում կառուցվող ԱԷԿ-ի շինարարությունը: Փոխարենը Արևմուտքը կմեղմացնի տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամբ և կապասառեցվեն իրանական 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվները: Չնայած նրան, որ բանակցությունների ողջ ընթացքում Իրանը պնդել է հարստացված ուրանի նկատմամբ իր իրավունքը, համաձայնագիրը չի ներառում այդ իրավունքի ճանաչումը միջազգային հանրության կողմից: Համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե այն կարող է դառնալ Իրանի ուրանի հարստացման ծրագրի վերաբերյալ ցանկացած ապագա պայմանագրի մի մասը և Իրանը հարգանք է պահանջում ուրանի հասրտացման իր օրինական իրավունքի նկատմամբ: Համաձայնագրի ընդունումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները կես տարվա ընթացքում, պատաժամիջոցները կվերականգնվեն ողջ ծավալով: Օբաման համաձայնագիրը համարել է առավել անվտանգ ուղի դեպի խաղաղություն: Չնայած վեցնյակի երկրների կողմից հնչած դրական գնահատականներին, պաշտոնական Իսրայելը անհանգստություն է հայտնել: «Դա վատ, ընդունելի լուծման որոնումները դժվարացնող համաձայնագիր է»,- հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Յուվալ Ստեյնիցը: Վերջինս ասել է, թե Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել միջուկային զենք արտադրելու համար: Ամերիկյան կայքերը հաղորդում են, որ Բարաք Օբաման պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Իսրայելի վարչապետի հետ` քննարկելու Իսրայելին անհանգստացնող հարցերը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ