ՈԻկրաինական կայքերը հեղեղված են ՈԻկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների պատրաստած փաստաթղթի մասին լուրերով: Ընդդիմությունը, ըստ այդ փաստաթղթի, ցանկանում է երկրում իշխանափոխություն սկսել, եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Փաստաթուղթը կազմվել է` ելնելով «վատագույն» տարբերակից: Այն է` նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրի համաձայնագիրը, ոստիկանությունը կսկսի ցուցարարներից «մաքրել» փողոցներն ու հրապարակները, իսկ հեռուստատեսությունը «ամանորյա տոնածառային հիստերիա կբարձրացնի` փորձելով ժամանակից շուտ երկիրն ուղարկել արձակուրդի»: Ընդդիմության ծրագիրը երեք հիմնական կետից է բաղկացած` «Եվրաերթ», «Գործադուլ» և «Եվրահեղափոխություն»: Առաջին կետի համաձայն, վաղը` նոյեմբերի 29-ին, հնարավորինս շատ մարդ պետք է հավաքվի Կիևի կենտրոնում: Կոչ է արվում մայրաքաղաք գալ նաև այլ բնակավայրերից: Ըստ ծրագրի, «Եվրաերթը» կամ կդառնա «քայլ դեպի Եվրոպա, կամ գործող իշխանության վերջի սկիզբը»: Մարդիկ պետք է Կիևի կենտրոնում մնան այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի: Երկրորդ կետով կոչ է արվում բոլոր աշխատանքային կոլեկտիվներին, ինչպես նաև թոշակառուներին` իրենց թոռների հետ ուրբաթ օրը դուրս գալ բողոքի ակցիայի: Նախազգուշական գործադուլը պետք է սկսվի օրվա երկրորդ կեսին: Եվ երրորդ կետով կիրականացվի «Եվրահեղափոխություն»: «Եթե Յանուկովիչը չստորագրի համաձայնագիրը, մենք կսկսենք իշխանափոխություն: Դեկտեմբերի 1-ին ապստամբ Կիևին կմիանան և մյուս շրջանները: Կսկսվի համաուկրաինական անհնազանդություն», -ասված է ընդդիմության փաստաթղթում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ