Վիլնյուսում մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մամուլի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ քաղաքական օրակարգի առաջին և գլխավոր հարցը դարձավ ՈՒկրաինայի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը: Քաղաքական գործիչները, դիվանագետները և համաշխարհային լրատվամիջոցները կենտրոնացան այն հարցի վրա, թե արդյոք ՈՒկրաինան կստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագիրը: Չնայած ՈՒկրաինայի որոշմանը, Արևելյան գործընկերության ծրագրի ապագան չի կարող և չպետք է դրան զոհ գնա, նշված է մամուլի հաղորդագրությունում: Նախօրեին Լիտվայի արտգործնախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Վիլնյուսում հակառուսական հռչակագիր է ընդունվելու: Ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էր տեղեկություն տարածել, որ լիտվական կողմը հակառուսական մի հռչակագիր է պատրաստել` առաջարկելով Եվրամիության երկրներին դատապարտել Ռուսաստանի իմպերիալիստական ճնշումները հարևան երկրների նկատմամբ, աջակցություն հայտնել դեպի Եվրոպա ձգտող ՈՒկրաինայի ժողովրդին:
Արդեն հայտնի է, որ Վիլնյուսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպելու է ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Deutsche Welle-ն գրել է, Գերմանիայի կանցլերը Բեռլինում հայտարարել է, որ ցանկանում են Եվրամիության հետ ասոցացման դռները ՈՒկրաինայի համար բաց պահել: Միևնույն ժամանակ, Մերկելը հայտարարել է, որ Եվրոպային մոտենալը մինչև հիմա մշտապես ընկալվել է որպես հեռացում Ռուսաստանից. կանցլերի խոսքով` պետք է վերջ դնել սառը պատերազմի տրամաբանությամբ մտածելու սովորությանը` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Սառը պատերազմը վերջացել է, երկրները պետք է իրենց կամքով որոշումներ կայացնեն, ասել է Գերմանիայի կանցլերը: