ԵՄ-ն ԵՄ չէր լինի, եթե ամբողջովին երես թեքեր Հայաստանից: Երեկ Վիլնյուսում Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարություն է ընդունվել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրոպան Հայաստանից ձեռք քաշելու մտադրություն չունի, թեկուզև վերջինս մոտ չորս տարվա արդյունավետ բանակցություներից հետո շրջվեց բոլորովին այլ ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո Եվրոպայից եկող առաջին կոշտ արձագանքները շուտով մեղմացան: Բարեկրթության կանոնների և նուրբ դիվանագիտության վարպետ եվրոպացիները շատ արագ հասկացան, որ կոշտ հայտարարություններով միայն Հայաստանին է՛լ ավելի են խորացնում դեպի Ռուսաստանի գիրկը: Եվ այդ է պատճառը, որ համատեղ հայտարարության մեջ կողմերը հանձնառություն են ստանձնել զարգացնել երկկողմ համագործակցությունը: Համագործակցության մեջ ներառված են Հայաստանի հասարակության համար հույժ կարևոր խնդիրներ ` ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավում, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանում, արդյունավետ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործում, շարժունակության գործընկերության շարունակական իրականացում և ոլորտային համագործակցության ընդլայնում: Եթե այս բոլոր նշված հարցերում համագործակցությունը Եվրոպայի հետ կայանա, ապա հնարավոր կլինի նույնիսկ հետագայում մտածել եվրաինտեգրմանն ուղղված որոշակի գործողությունների մասին: Միգուցե հենց այս նպատակով էլ Եվրոպական միությունը որոշել է Հայաստանին սույն հայտարարությամբ ամրագրված քայլերով ժամանակի ընթացքում պոկել դեռևս սովետական մտայնության մեջ ապրող Ռուսաստանից: Եթե սրա հետ մեկտեղ նկատի ունենանք որոշ վերլուծաբանների կարծիքն առ այն, որ Մաքսային միությունը կայանալու շանսեր չունի, ապա Հայաստան-ԵՄ հայտարարությունը մի լույս է` այս պահին անհույս թվացող իրավիճակի հետագա ընթացքի համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ