Հայաստանում Իրանի դեսպանը երեկ հայտարարել է, թե Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ծավալները և ակնարկել, որ դա կախված է Հայաստանի իշխանություններից: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով մտահոգված չէ: Մոհամմադ Ռեյիսին անդրադարձել է նաև Հայաստան-Իրան երկաթգծին` ասելով, որ Իրանը պատրաստ է կառուցել իր` 160 կմ հատվածը: Նկատենք, որ Իրանի դեսպանը հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Պարզ երևում է, որ Իրանը, կարողանալով պայմանավորվել «վեցնյակի» երկրների հետ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեց ամսով թեթևացման շուրջ, ճանապարհներ է որոնում նոր հարաբերությունների ստեղծման կամ գոյություն ունեցող հարաբերություների զարգացման համար: Իրանի համար Հայաստանը կարևոր արտաքին քաղաքական նշանակություն ունեցող երկիր է: Իրանը պակաս կարևոր չէ Հայաստանի համար: Փաստենք նաև, որ արտաքին քաղաքական դաշտում այլընտրանքների բացակայությունը Հայաստանը դրել է փակուղու առջև: Այս հարցին քանիցս անդրադարձել է 1994-1997թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը` նշելով, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կորցրեց այլընտրանքները և նոր այլընտրանքներ չստեղծեց: Վերադառնալով Իրանին` պետք է ասել, որ այս երկիրը երբեք չի թաքցրել իր ցանկությունը Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու: Այս քաղաքական բարեկամությունը կարող է օգտակար լինել երկուստեք, եթե Հայաստանի գործող իշխանությունները որոշ հարցեր համաձայնեցնեն ոչ թե ռուս մեծ եղբոր, այլ սեփական ժողովրդի շահերի հետ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ