Կիևի Մայդանը, ի վերջո, դատարկվելու է: Պատճառն ընդդիմության միջոցների սպառումն է: Այդպիսի տպավորություն է: Ինչպես սպառվեցին ժամանակին Հայաստանի ընդդիմության պայքարի միջոցները: Այդ սպառումը մեծ հաշվով պայմանավորված է գործողությունների հստակ ծրագրի բացակայությամբ, պահեստային գործողությունների կիրառման անպատրաստությամբ ու հակառակորդին` իշխանությանը թերագնահատելու սովորությամբ: Իրականում, երբ պայքարի ես դուրս գալիս, պետք է նկատի ունենաս, որ հակառակորդդ ամեն ինչի ունակ է: Այսպես մտածելու դեպքում կարող ես անակնկալների չգալ ինչպես անակնկալվեց մեր ընդդիմությունը մարտի 1-ին և հետո ակամայից ենթարկվեց դրա հետևանքներին: Մեր ընդդիմությունը, ի վերջո, արդյունավետ չօգտագործելով ունեցած հսկայական մարդկային ռեսուրսը, ընդդիմադիր շարժումը տանուլ տվեց: Նույնը սպառնում է և ուկրաինացիներին, եթե նրանք չիմաստավորեն իրենց պայքարը հետագա ընթացքի մեջ:
Կիևում արդեն պայքարի մարման թեմայով խոսակցություններ կան, որոնց մասին իր դատողություններն է գրառել Facebook-ում Գերագույն ռադայի պատգամավոր ընդդիմադիր Արսեն Ավակովը: Պատգամավորը գրել է, որ արդեն սկսել են խոսակցություններ, որ Մայդանի պայքարը հայտնվել է փակուղում և կան անհանգստություններ, թե ինչու է ընդդիմությունը դանդաղում: Ավակովը հիշեցնում է, որ հեղափոխությունը պրոցես է, գործողությունների հաջորդականություն և հեղափոխության երկու ճանապարհ կա ` խաղաղ հեղափոխություն և զինված ապստամբություն: Ավակովի մեկնաբանությամբ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խաղաղ հեղափոխությունները կրկնակի անգամ հաջողված են: Նա ակնարկել է, թե ՈՒկրաինայի ընդդիմությունն ընտրել է այդ ճանապարհը: Իր մտորումների վերջում ընդդիմադիրը գրել է. «Յուրաքանչյուր օր մենք պետք է ավելի հստակ ձևակերպենք մեր մտքերն ու շարժառիթները, թե ինչու ենք այստեղ, ինչի համար ենք հրապարակ դուրս եկել: Պետք է լինենք անկեղծ և հետևողական` ինքներս մեր և միմյանց նկատմամբ»: Սա մի կոչ է, որը, սակայն, ընդդիմությունը պետք է ուղղի ինքն իրեն` առաջին հերթին, հետո` ժողովրդին: Այսինքն` պայքարն ամեն օր իմաստավորելու խնդիր ունի առաջին հերթին քաղաքական ընդդիմությունը, քանի որ նա է պայքարի ղեկին:
Ժամանակին մեր ընդդիմությունը նույնպես ժողովրդին կոչ էր անում չհիասթափվել և հետ չկանգնել պայքարից, բայց նոր ձևակերպումներ չէր տալիս: Պայքարի իմաստավորման նոր ձևակերպումներ: Ասվածից հետևող մի քանի եզրահանգումներ, թերևս. երբ ընդդիմությունը գործում է ըստ իրավիճակի, իշխանությունն, ի վերջո, այդ իրավիճակը կարողանում է ծառայեցնել սեփական շահերին, երբ ընդդիմությունը պահեստային «զենքերի» չի տիրապետում, նա վաղ թե ուշ տանուլ է տալիս, երբ ընդդիմությունը ժողովրդին կոչ է անում չհիասթափվել` փոխարենը նոր բան չտալով, հիասթափությունը անխուսափելի փաստ է դառնում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ