«Ես կարծում եմ, որ ԵՄ-ն իրավունք և պարտավորություն ունի` կանգնելու ՈԻկրաինայի ժողովրդի կողքին այս դժվար պահին»,-այսօր Միլանում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Բարոզուի խոսքով, Կիևի ցուրտ փողոցներում ԵՄ դրոշներով պայքարող կանայք ու տղամարդիկ պայքարում են ՈԻկրաինայի ապագայի համար, քանի որ ուկրաինացիները տեսել են, թե «ինչ տեղի ունեցավ Լեհաստանում, ինչ տեղի ունեցավ բալկանյան երկրներում, և որովհետև Եվրոպան հույսի և ազատության խոստում է»: Բարոզուն ասել է, թե ճիշտ չէ, որ զարգացման եվրոպական ճանապարհի կողմնակից է միայն ՈԻկրաինայի արևմտյան հատվածի բնակչությունը և եվրոպական արժեքները պաշտպանում է երկրի բնակչության մեծ մասը, որը նկատի ունենալով էլ ԵՄ-ը պետք է աջակցի ուկրաինացիներին:
Նկատենք, որ Բարոզուի հայտարարությունը եղավ նախ`ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի օրերս արված հայտարարությունից հետո: Մեդվեդեևն ասել էր, թե անթույլատրելի է արտասահմանցիների միջամտությունը ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակին, և ՈԻկրաինան ինքը պետք է որոշի` որ ուղղությամբ գնալ: Դրսի միջամտության կանխմանն են ուղղված հենց երկրի իշխանությունների գործողությունները նաև: ՈԻկրաինայի իշխող`«Ռեգիոների» կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարևը` երկրի անվտանգության ծառայությանն ու արտգործնախարարությանն ուղղված հարցմամբ պահանջել է արգելել մի շարք արտասահմանյան գործիչների մուտքը ՈՒկրաինա` պատճառաբանելով, թե որոշ գործիչներ ընդդիմությանը օգնում են խորհուրդներով: Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ պայքար է սկսել ՈՒկրաինայի համար, ինչպես և կանխատեսում էր ՈԻկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Վերջինս մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը ԵՄ-ին կոչ էր արել ՈԻկրաինայի հետ առանց նախապայմանների ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանը կանցնի կոշտ պայքարի` հանուն ՈԻկրաինայի «մաքսայնացման»: Եվրոպան, կարծես, դա հասկացել է և մտադիր չէ զիջել դիրքերը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ