Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարություն է տարածել, որում կոշտ քննադատության է ենթարկել ՈՒկրաինայի իշխանության գործողությունները Մայդանի խաղաղ ցուցարարների նկատմամբ: «ԱՄՆ-ը իր նողկանքն է արտահայտում ՈՒկրաինայի իշխանության որոշման նկատմամբ` խաղաղ ցուցարարներին հատուկ ջոկատայիններով, բուլդոզերներով և մահակներով դիմավորելու, այլ ոչ թե ժողովրդավարական իրավունքների և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքով վերաբերվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Քերրին հիշեցրել է անցած շաբաթ Բրյուսելում և Մոլդովայում իր կողմից արված հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ը կարևորում է բռնությունից խուսափելու քաղաքականությունը և ՈՒկրաինայի նախագահ Յանուկովիչին կոչ է արել իրականացնել ուկրաինացի ժողովրդի սպասումները: Պետքարտուղարը նաև հիշեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի և Յանուկովիչի հեռախոսազրույցի մասին` մասնավորապես հիշեցնելով Բայդենի խոսքերը, թե ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հարգանքը, այդ թվում` հավաքների ազատությունը, հիմնավոր նշանակություն ունի ԱՄՆ-ի մոտեցման համար ՈՒկրաինայի նկատմամբ: «Դա ունիվերսալ արժեք է, այլ ոչ միայն ամերիկյան»,-ասել է Քերրին: ԱՄՆ-ի պետքարտուղարը ՈՒկրաինայի ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնությունների ողջ պատասխանատվությունը դրել է երկրի ղեկավարների վրա: «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք կոչ ենք արել Յանուկովիչին և նրա կառավարությանը լսել մարդկանց ձայնը, ովքեր պահանջում են խաղաղություն, արդարություն և եվրոպական ապագա: Դրա փոխարեն ՈՒկրաինայի ղեկավարները, ինչպես պարզվեց, այլ ընտրություն կատարեցին: Մարդկանց կյանքը պետք է պաշտպանված լինի, ՈՒկրաինայի իշխանությունը կրում է ՈՒկրաինայի ժողովրդի անվտանգության ողջ պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ երեկ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե այսօրվանից ՈՒկրաինան վերսկսում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, թե պատրատ է ՈՒկրաինային գումար տրամադրել տնտեսական բարեփոխումներ անցկացնելու պայմանով: ՈՒկրաինայի իշխանության պահվածքի փոփոխությունները ուղիղ կապվում են ցուցարարների դիմակայության հետ: Կիևի Մայդանում օրուգիշեր մարդիկ պայքարում են հանուն իրենց ընտրության` եվրաինտեգրման: Նրանք կարծես թե մոտ են իրենց նպատակին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ