Կիևի եվրամայդանն ամբողջությամբ շրջապատված է ամուր ու հիմնովին կառուցված բարիկադներով: Նույնիսկ զարմանալի է, թե Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում որտեղի՞ց այդքան ձյուն, որ շուրջօրյա միտինգի մասնակիցները լցրել են պարկերն ու երկու-երեք մետրանոց պատնեշ կառուցել: Ձնե պարկերի վրա շարված են անվադողեր: Բարիկադների ամբողջ երկայնքով փշալարեր են քաշված: Մայդան հնարավոր է մտնել միայն նեղ մուտքերով, որոնք հսկում են ցույցի մասնակիցներից ձևավորված երիտասարդ տղամարդկանց խմբեր: Հսկայական հրապարակում ձևավորվել է իր առանձին կյանքով ու օրենքներով գործող միջնաբերդ: Հրապարակը 24 ժամ մարդաշատ է: Բարիկադների ողջ երկայնքով տեղադրված են հսկայական վրաններ, որոնց վրա փակցված են ամենատարբեր բովանդակությամբ պաստառներ, ծաղրանկարներ և Մաքսային միությանը միանալու` նախագահ Յանուկովիչի քաղաքականությունը քննադատող ու դատապարտող արտահայտություններ: Տեղեկացնեմ, որ Կիևի քաղաքային իշխանությունները, մինչ բարիկադների կառուցումը, Մայդանում տեղադրել էին Ամանորի տոնածառի երկաթե կառույցը, ավելի ուշ դրա վրա եղևնու ճյուղեր ու խաղալիքներ ամրացնելու նպատակով, սակայն ընդդիմադիրները, Մայդանը գրավելուց հետո, այդ կառույցը վերածել էին դիմադրության խորհրդանիշի, դրա վրա ամրացնելով իրենց կարգախոսները, դրոշներն ու ընդդիմության բանտարկված առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հսկայական դիմանկարը: Տեղեկացնեմ նաև, որ ընդդիմադիր տոնածառի վրա իրենց դրոշներն ու կարգախոսներն են ամրացրել նաև եվրոպական մի շարք երկրների հասարակական կազմակերպություններն ու շարժումները` որպես Մայդանի բողոքին զորակցելու նշան: Դիմադրությունը շատ լավ է կազմակերպված: Բացի գիշերելու համար կազմակերպված վրաններից, տեղադրված են նաև ընդդիմադիրներին տաք կերակուրով, թեյով ու սուրճով ապահովելու նպատակով գործող վրաններ և դաշտային խոհանոցներ: Հյուսիսային ցրտերից պաշտպանվելու համար ամենուր տեղադրված են հսկայական օջախներ, վառվում են խարույկներ: Երիտասարդների կամավորական խմբեր են շրջում, որոնք մարդկանց բուժօգնություն և առաջին անհրաժեշտության դեղորայք են առաջարկում: Գործում է տեղեկատվական կենտրոն: Մայդանում տեղադրված են նաև փայտաշեն կրպակներ, որտեղ մարդիկ բերում են տաք հագուստ՝ հեռու տեղերից ժամանածներին տրամադրելու նպատակով: Տեղադրված են բազմաթիվ բիոզուգարաններ: Եվրամայդանում մարդիկ գիշերում են հերթափոխով: Մայդանում են Ուկրաինայում հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, սպորտսմեններ, մտավորականներ: Հսկայական տոնածառի դիմաց կառուցված է բեմահարթակ՝ նույնքան հսկայական էկրաններով: Ուկրաինայի հայտնի ու անհայտ երաժշտական խմբերը հերթափոխով ելույթ են ունենում այդ բեմահարթակում, խոսում են, կոչեր են հնչեցնում, և ամեն ելույթից հետո հնչում է` «Փառք Ուկրաինային» կարգախոսը, որին արձագանքում է հրապարակում հավաքված հոծ բազմությունը: Մայդանը մի վայրկյան անգամ չի լռում, երաժիշտներին փոխարինում են հռետորները, անընդհատ խոսք է հնչում: Դեպի Մայդան տանող ճանապարհներին մարդկանց հոսքը չի դադարում: Մայդանում ելույթ են ունենում նաև եվրոպական երկրներից եկած երաժիշտներ ու երաժշտական խմբեր` ռոք, ջազ և այլն: Նշեմ, որ եվրամայդանի հարթակն ազատ է, և յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ ու խոսել, չկա էլիտա, չկա սահմանված կարգ, միայն պետք է հերթագրվել: Նկատվում է զուսպ վճռականություն ու միահամուռ կամարտահայտության աննահանջ ոգի: Շատ են դրոշները, գրեթե ամեն մեկի ձեռքին ծածանվում են Ուկրաինայի, միացյալ Եվրոպայի կամ հասարակական շարժումների դրոշները` կանաչներ, անարխիստներ, սոցիալ-դեմոկրատներ, ընդդիմադիր կուսակցություններ: Ում ձեռքին դրոշ չկա, հագուստին ամրացված են երկրի գույներով ժապավեններ: Հատկապես շատ են ձախ ուժերի դրոշները, որոնք ամրացված են ձկնորսական կարթերի վրա կամ մարդկանց թիկունքներին: Նշեմ նաև, որ Մայդանում ծածանվում են Ուկրաինայի մարզերի և ԱՊՀ մի քանի երկրների` Բելառուսի, Վրաստանի ու Հայաստանի դրոշները` ընդդիմությանը զորակցող կարգախոսներով: Եվրամայդանի հարակից փողոցներն իրենց հերթին փակել են իրավապահ մարմինները՝ ձևավորելով օղակ: Բոլոր կենտրոնական փողոցներում դադարեցված է ավտոմոբիլային երթևեկությունը: Մայդանում տեղակայված հյուրանոցների այցելուները ստիպված են մի քանի հարյուր մետր անցնել ոտքով, որպեսզի հասնեն հյուրանոցներ: Ոստիկանական ջոկատները, Մայդանը ցրելու մի քանի փորձերից հետո, ուղղակի դիրքավորվել են հարակից փողոցներում և ոչ մի կերպ չեն խոչընդոտում դեպի Մայդան եկող քաղաքացիների շարժը: Իսկ այդ շարժը չի դադարում ոչ մի վայրկյան: Որևէ լեզվակռիվ, բախում կամ ագրեսիվ վարքագիծ չի նկատվում ո՛չ իրավապահների, ո՛չ էլ Մայդանի հասարակության կողմից: Որևէ ոստիկան չի նկատվում ո՛չ Մայդանում, ո՛չ էլ բարիկադներից այն կողմ՝ մոտակա փողոցներում: Մայդանում հավաքված մարդիկ ինձ հետ զրույցում միաբերան կրկնում են` Մայդանը կցրվի այն ժամանակ միայն, երբ նախագահ Յանուկովիչը կկատարի ժողովրդի պահանջը` կստորագրի ԵՄ ասոցացման պայմանագիրը:
Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Կիև, Եվրամայդան
Հատուկ irates.am-ի համար