Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համալիրներ են տեղակայել Կալինինգրադի մարզում: Այս մասին գրել է գերմանական «Bild» պարբերականը: Ասվում է, որ արբանյակային լուսանկարներում պարզ երևում են տասից ոչ պակաս «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ, որոնք տեղակայված են Կալինինգրադում և մերձբալթյան երկրների (Լատվիա, Լիտվա, Էստոնիա) հետ սահմանի երկայնքով: Ասվում է, որ հրթիռների տեղակայումը կարող էր տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում:
Դեռևս 2011-ի նոյեմբերին ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, թե Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռների հնարավոր տեղակայումը չի կարող ուղղված լինել Լեհաստանի դեմ: Ռոգոզինն ասել էր, թե ցանկացած եվրոպական երկիր, որը պատասխանատվություն է վերցնում ՌԴ-ի դեմ ամերիկյան զենք տեղակայելու, իր ժողովրդին պատանդի կարգավիճակում է դնում: 2012-ին ՌԴ-ի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, թե Ռուսաստանը Կալինինգրադում կտեղակայի «Իսկանդեր» հրթիռներ, եթե ԱՄՆ-ը վերազինի Լեհաստանում գտնվող հակահրթիռային համակարգը: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն քննարկում էին միասնական հակահրթիռային համակարգ ունենալու հարցը, սակայն ԱՄՆ-ը հրաժարվեց երաշխիք տալուց, որ այն ՌԴ-ի դեմ չի օգտագործվի: Հավելենք, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները նախատեսված են ոչ ցամաքային տարբեր նպատակակետերի ոչնչացման համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ