Մինչ աշխարհը հետևում էր ՈՒկրաինայի իրադարձություններին` Սիրիայում իրավիճակը կրկին սրվել է: Սիրիական բանակի` Հալեպի շրջաններից մեկի վրա օդային հարվածների արդյունքում զոհվել է ամենաքիչը 25 մարդ: Հարվածներն իրականացվում են պայթուցիկ տակառներով, որոնք վերևից գցում են այն տարածքների վրա, ուր տեղակայված են ապստամբների ջոկատները: Հալեպի Հահանո շրջանում նման հարվածներից զոհվել է 19 և վիրավորվել 17 մարդ: Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ զոհերի թիվը շուրջ 70 է:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սիրիական բանակի կողմից ապստամբների դիրքերի ուղղությամբ հասցված հարվածների արդյունքում զոհվել է 200 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական պատերազմի երկուսուկես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ 2,3 մլն-ը հարկադրված լքել է երկիրը: Զարգացումներից ակնհայտ է, որ այս տարվա աշնանը Սիրիայի քիմզենքի ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության ընդունած համաձայնագիրը դեռևս հաջողություններ չի գրանցում պատերազմի դադարեցման առումով: Ընդդիմության որոշ հատվածը փորձում է սեփական ուժերով ազատվել Բաշար Ասադից, իսկ վերջինս ապստամբների դեմ պայքարում գործի է դրել բոլոր միջոցները: Վերջին օրերին պայթուցիկ տակառներով ուղղաթիռներից հարվածելը կառավարական զորքերի հիմնական միջոցն են դարձել: Արդյունքում տուժում է նաև խաղաղ բնակչությունը, որը նույնիսկ երկրի ներսում տեղաշարժվելու հնարավորություն չունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, թե համաձայնագրի պահանջները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի հապաղի հարված հասցնել Ասադի իշխանությանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ