Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը զրուցում է իր քաղաքացիների հետ

Պուտինը զրուցում է  իր քաղաքացիների հետ
24.12.2013 | 01:59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթական` թվով 9-րդ մեծ մամլո ասուլիսն անցկացրեց Մոսկվայում: Միջոցառմանը, որը տևեց 4 ժամ 5 րոպե (ռեկորդը եղել է 4 ժամ 40 րոպե), մասնակցեցին ռուսաստանցի և արտասահմանցի 1319 լրագրողներ: Պետության ղեկավարը հանգամանորեն պատասխանեց 52 հարցի (հարց տվողներից երկուսը տեղացի հայուհիներ էին): Ռուս-հայկական հարաբերությունների թեման չհուզեց ոչ մեկին:
Ինչո՞վ են առանձնանում Պուտինի այս ծավալուն ասուլիսները: Առաջին հերթին նրանով, որ դրանք անմիջականորեն (առանց մոնտաժումների) հեռարձակվում են մի քանի առաջատար հեռուստաալիքներով ու ռադիոկայաններով: Հանդիպմանը հրավիրվում են ինչպես դաշնային ու արտասահմանյան խոշորագույն լրատվամիջոցները, այնպես էլ նահանգային ու նույնիսկ շրջանային ռադիոհեռուստատեսության ու թերթերի ներկայացուցիչներ: Միջոցառումը սովորաբար վարում է նախագահի մամլո քարտուղարը, սակայն բավականին հաճախ Պուտինն ինքն էլ է ստանձնում այդ դերը:
Երևի աշխարհի շատ քիչ պետությունների ղեկավարներ են ընտրում իրենց հպատակների հետ ուղղակի շփման այս ձևաչափը: Որովհետև շատ քիչ լիդերներ են վստահ, որ իրենք վայելում են ժողովրդի հարգանքը և վախի կամ տհաճության զգացում չեն ապրի երես առ երես իրենց ուղղված հարցերից: Նախագահի ներկայիս մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարեց, որ Պուտինի համար չկան անախորժ հարցեր, նա չի սիրում միայն հիմար հարցերը:
Իրոք, Պուտինը վախենալու բան չունի Ռուսաստանի ժողովրդից: Նրանք, ովքեր ապրել են և՛ Ելցինի, և՛ Պուտինի օրոք (այդ թվում նաև` ես), չեն կարող չտեսնել երկրի հսկայական վերածնունդը: Երբ Պուտինին հարցնում են Չինաստանի արագ զարգացման մասին, նա պատասխանում է, որ այնուամենայնիվ Ռուսաստանում կենսամակարդակը չորս անգամ բարձր է նրա համեմատ:
Ներկա ասուլիսի ընթացքում հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր երկրի ներքաղաքական կյանքի ամենատարբեր կողմերին: Մարդկանց բնականաբար հուզում են իրենց առօրյա խնդիրները: Անշուշտ հիշատակվեցին ՈՒկրաինան, Իրանը, Եվրամիությունը, Ամերիկան և այլն: Ոչ մի հարցի Պուտինը խուսափողական պատասխան չտվեց (թերևս չնշեց միայն իր հետնորդի անունը): Թերին ընդունում էր, տալիս դրանց վերացման իր լուծումները:
Հետաքրքրական է, որ, այս տարեկան «հաշվետվությունից» բացի, Պուտինը նմանատիպ հանդիպումներ է ունենում նաև, նույնպես ուղիղ եթերում, զանազան այլ տեղական ու միջազգային համաժողովների ժամանակ: Ավելին, Վալդայում, օրինակ, նա անձամբ իրեն հարց ուղղելու հնարավորություն ընձեռեց իր քաղաքական հակառակորդներին, որոնք էլ, ի դեպ, գնահատելով նրա այդ քայլը, առանձնակի ագրեսիվություն չդրսևորեցին, ինչը նրանք իրենց թույլ են տալիս հանրահավաքների ժամանակ: Այս ասուլիսում նա նույնիսկ որպես աչքի ընկնող պետական գործչի գովեստի խոսքեր ասաց (առանց հեգնանքի) իր անխոնջ ընդդիմախոսի` կոմունիստների լիդեր Գենադի Զյուգանովի հասցեին: Լրագրողների հետ (իհարկե ոչ նման մասշտաբով) կանոնավոր կերպով բաց հանդիպումներ է ունենում նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ահա և ակամայից հարց է առաջանում` ինչու Հայաստանի բարձրագույն ղեկավարներից և ոչ մեկը (նույնիսկ իմաստ չունի անձնավորել) չի օգտագործում սեփական ժողովրդի հետ անմիջականորեն զրուցելու պուտինյան այս, խորհրդային կոմունիստների լեզվով ասած, առաջավոր փորձը: Հազիվ թե նրանք չիմանան, թե ինչքան մեծ է մարդկանց դժգոհությունը երկրում ստեղծված տնտեսական-սոցիալական- բարոյական ծանր կացությունից, որի ամենացայտուն հետևանքը զանգվածային արտագաղթն է: Չէ որ կարելի է լսել սեփական քաղաքացիներին: Լավ, չենք ասում, որ այդօրինակ երևակայական ասուլիսների ժամանակ հանրապետության ղեկավարներից մեկնումեկը խնդրի արտահայտվել… Զարուհի Փոստանջյանին կամ Նիկոլ Փաշինյանին: Ծայրահեղությունների մեջ չընկնենք: Մինչդեռ Պուտինը, օրինակ, հիանալի իմանալով, թե իր հասցեին ինչեր է դուրս տալիս անզուգական շոումեն Քսենյա Սոբչակը, նույն Վալդայում ձեռքի մի շարժումով «մաղձը թե չարությունը» թափելու եզակի հնարավորություն տվեց «Քսյուշային»:
Սակայն եկեք շարունակենք երևակայել ու պատկերացնենք մի այսպիսի ֆանտաստիկ տեսարան: Հայաստանի բարձրագույն ղեկավարները, առաջ անցնելով Պուտինից կամ սոսկ զարգացնելով նրա ավանդույթը, հեռուստատեսությամբ միացյալ ուղղակի մամուլի ասուլիս են անցկացնում, չասենք 1319, այլ թեկուզ ընդամենը մի քանի տասնյակ լրագրողների հետ: Եվ ինչ հարց կարելի է ուղղել նրանց, ասենք, ռուսահայության անունից: Եկեք միասին նախապատրաստենք այդ հարցադրումը:
«Կենտրոն» հեռուստաալիքը մի քանի օր առաջ հրապարակեց արտագաղթի վերաբերյալ տվյալներ տարվա կտրվածքով: Դրանք սահմռկեցուցիչ են` շարունակվում է հայաստանցիների արտահոսքը բոլոր մարզերից ու քաղաքներից, հասնելով 3-17 տոկոսի: Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող իմ հայրենի նախկին Շամշադինի տարածաշրջանը լքել է ևս 6500 մարդ: Ահռելի թիվ առանց այն էլ կրիտիկականի հասնող նոսրացած ռազմավարական երկրամասի համար: Եվ պարզվում է, որ արտագաղթողների 80 տոկոսը գերադասում է Ռուսաստանը: Եվ այդ այն դեպքում, երբ Հայաստանում Մաքսային միությանը հակվելու կապակցությամբ հակառուսական ու հակապուտինական անսանձ քարոզարշավ է ծավալվել, և ագրեսիվ դժգոհություն է հայտնվում, որ Հայաստանը չցուցադրեց իր ինքնիշխանությունը, անկախությունը, ինքնուրույնությունը, ինքնասիրությունը և չգիտես էլ ինչ:
Արդ, կարելի կլինի՞ ձևակերպել մի այսպիսի տխուր հարց` ինչո՞ւ են հայաստանցիները ինքնիշխան, անկախ հայրենիքից գլուխներն առած ճողոպրում հենց այդքան չսիրված Ռուսաստան:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ