Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ալբերտ Շվեյցեր. Լավ տեմպերացված ստեղնագործիքը Հարավային խաչի ներքո

Ալբերտ Շվեյցեր. Լավ տեմպերացված ստեղնագործիքը Հարավային խաչի ներքո
24.12.2013 | 02:15

Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ


1. Իմ պատկերացումները մահվան մասին ծայրահեղորեն միանման են մանկության և ծերության շրջանում: Դա մատնանշում է այն, որ երևակայության տարածքն անսասան է, և տասնամյակների փորձառությունը, վերջին հաշվով, որևէ դեր չի խաղում:
Ծերությունս անցել է և, հնարավոր է, կանցնի այստեղ` աֆրիկյան ջունգլիներում` դժբախտ ու երջանիկ երեխաների հոգսերի մեջ: Եվրոպայում ավարտվել է համաշխարհային պատերազմը, Արևելքում, սակայն դրա օջախը դեռ մխում է: Մի քանի օր առաջ Խաղաղ օվկիանոսի վրայով թռչում էր ռազմական ինքնաթիռը, որը տանում էր հեղինակների կողմից «Մանկիկ» անվանակոչված ատոմային ռումբը: «Մանկիկը» պիտի պայթեցնեին ճապոնական բազմահազարանոց Հիրոսիմա քաղաքում: Համաչափորեն գվվում էին ինքնաթիռի շարժիչները` տանելով մահացու բեռը մահացու վտանգի մասին որևէ կասկած չունեցող խաղաղ բնակչության համար: Միևնույն ժամանակ ամերիկյան օդաչուների ականջակալներում, որպես ազդակոչ, ծորում էր ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերոյի» տագնապալի և սևեռուն երաժշտությունը: Սրտխփոցի նման ծորում էր այդ համառ երաժշտությունը` նկարելով դժոխքի պարունակները, երկատելով անցյալի և ապագայի միջև եղած տարածությունը, մարդկանց հոգիներում ընդմիշտ թողնելով չհարթվող սպի… Ի՞նչ էին մտածում օդաչուները:
2. Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր, և անհայտ քիմիական ռեակցիայի նման աշխարհը փոխում էր սահմաններն ու ուժային գոտիները: Դա պատերազմի հանրագումարն էր, և ինչպես յուրաքանչյուր հանրագումար` այն սկսել էր ձեռք բերել նոր, գաղտնի, նախորդից ավելի սարսափելի պատերազմի հատկանիշներ:
3. Մարդկության մեջ կեղծավորությունն ու թուլամտությունը բավարար են ցանկացած ապագայի համար:
4. Մարդկության պատմության ընթացքում եղել են ամեն տեսակի ժամանակներ. դրանք կարելի է բնութագրել մեկ բառով, ասենք` հեղափոխական, պահպանողական, ռեալիստական, միստիկական, հպարտ, մեղմաբարո, խաղաղ, ճգնաժամային, անգամ` լուսավոր, երբեմն և` բարի:
5. Մեծամտությունը, սկզբունքայնությունը կամ անգամ հպարտությունը կարող են խոչընդոտել մտքի օբյեկտիվ վերլուծությանը` դարձնելով այն ուղղագիծ, հնարավոր է անգամ` ակնհայտորեն հիմար:
6. Նույն այդ ժամանակ Ամերիկայում Արշիլ Գորկուն տանջում էին ոչ միայն տասնմեկ տարեկան հասակում իր ապրած թուրքական կոտորածի մղձավանջները, այլև Նյու Յորքի ինտելեկտուալ, գեղարվեստական բոհեմում իր ազգային արժանապատվության չհասկացվածությունը. և հատկապես դա էր առավել տանջում նրան, առավել, քան ֆիզիկական ցավերը: Նրա արվեստը թափ էր հավաքում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հասել էր գագաթնակետին:
7. Փարիզը, ջանալով որսալ պատմության եզրաթելերը և հասարակության էության ու փոխակերպումի մարդկային ընկալման իմաստը, հետզհետե վերածվում էր աբսուրդի համաշխարհային թատրոնի հարթակի: Ո՞Ւր է Գոդոն, և ովքե՞ր են ռնգեղջյուրները: Ո՞վ է պինգ-պոնգ խաղում: Եվ ո՞ւր է այն բեմը, որի վրա կարելի է ինչ-որ բան խաղալ: Դաժանության թատրոնը համաշխարհային պատերազմից, ինչպես և աբսուրդի թատրոնից տեղափոխվել էր մարդկային հոգիների մեջ:
8. Կոմունիստական քարոզչության կեղծիքը մերկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Եվ ԽՍՀՄ-ի զինվորները, որ հաղթել էին պատերազմում, ուրախ էին վերադառնում ոչ միայն ողջ մնացած լինելու, այլև այն պատճառով, որ հույս ունեին` հիմա կապրենք նորմալ մարդկանց նման: Ինչպես այդ եվրոպական բանվորները: Այո՛, պարտվածների կենցաղային մշակույթը առավել հզոր էր կոմիսարների քարոզչության դատարկ լոզունգներից: Զինվորների և սպաների գերակշիռ մեծամասնությունը տուն էր վերադառնում դատարկաձեռն, բայց փոփոխությունների թաքուն հույսով… Այնինչ զինվորները վերադառնում էին իրենց ռմբահարված և չքավոր օջախները, որտեղ ամենուր նրանց սպասում էր պաթոլոգիկ Ստալինը:
9. Երկու համաշխարհային պատերազմներից հետո մարդկությունը, ունենալով Ազգերի լիգայի փորձը, ձգտում էր կրկին կազմակերպվել, ստեղծել համաշխարհային կառավարություն հիշեցնող ինչ-որ բան, որում ժողովուրդներն ու երկրները կկարողանան լուծել իրենց միջպետական և ազգամիջյան տարատեսակ վեճերը: 20-րդ դարում մարդկությունն սկսեց հստակ գիտակցել, որ պատերազմի ճանապարհը փակուղի է. միայն բանակցությունները պիտի լինեն այդ վիճելի իրադրությունները հարթելու բանաձև: Իսկ ինձ միշտ հոգեմոտ է եղել խոհուն, արդարացի, փոխշահավետ համագործակցության իրավիճակը:
10. Լավագույն գլուխները մտածում էին միջազգային իրավունքի արդարացիության և գերակայության մասին` հիմնված հենց այդ խնդիրների արդարացի և տևական ըմբռնումի վրա: Անհրաժեշտ էր ունենալ միջազգային իրավաբանների համապատասխան կորպուս` խոշոր անհատականության մասշտաբով: Իսկ նրանց հեշտ չէ երևան հանել միջակությունների հսկա ծովում: Միջակները համաշխարհային ընկերակցության անունից ասված ընդհանուր նախադասություններով կարող են տրորել ցանկացած պետության (եթե այն կայսրություն չէ) շահերը: Եվ այդ ժամանակ նրանք կվարկաբեկեն հենց նույն միջազգային իրավունքը, հենց նույն համագործակցության ինստիտուտը, և շատ ու շատ տասնամյակներով, գուցեև հարյուրամյակներով հետ կշպրտեն երկրների ու ժողովուրդների անհավատությունը և հենց համաշխարհային համագործակցության գաղափարը, հենց ցանկությունը… Բայց կարող է լինել և այնպես, որ անտարբերությունը դառնա այդ միջազգային համագործակցության մի մասը… Եվ այդ դեպքում այն կլինի մարդկության ամենաահավոր մեղքը:
Ես ցանկանում եմ հավատալ ավելի լավ մարդկությանը, թեև որոշ կասկածներ մնում են իմ մեջ:
11. Եվ ամեն դեպքում, ի՞նչը կարող եմ կոչել ԿՅԱՆՔ` որպես իրականություն, որը ես պատկերացնում եմ իմ գիտելիքների և մարդկային փորձի սահմաններում: Բազմիցս պնդել եմ, որ մարդն ընդամենը կիսով չափ է տեղավորված սեփական մարմնում, մյուս կեսն ապրում է նրանից դուրս, և այնպես, ինչպես մարմինը կազմում է ինչ-որ համակարգ: Բոլոր մարդիկ կապված են միմյանց հետ, այդ թվում և` նրանք, ովքեր հեռացել են մեզնից. մեր անցյալը մեզ հետ և մեր մեջ է, մեր գիտակցության, երևակայության, հոգեբանության, երազների, էներգետիկ ամբողջականության… ԿՅԱՆՔԻ համակարգն ինքն է վերարտադրում այս կամ այն անհատի տեղը այս կամ այն կարևոր կամ ոչ այնքան կարևոր հատվածում (հանգույցում, բջջում): Ցեղի, հասարակության, ժողովրդի կամ մարդկության մարմնում մեր տեղը կախված է էներգետիկ պոտենցիալից, մեր ֆիզիկական, հոգեկան և ինտելեկտուալ էներգիայից և հանգույցի այն առանձնահատկություններից, որոնք ազատ են մնում տվյալ ծննդյան պահին: Մենք բոլորս պատկանում ենք ԿՅԱՆՔԻՆ, որը, դասդասելով մեզ, տեղավորում է իր համակարգում, որը կարող է ընդունել այս կամ այն ձևը: Դասդասում է` ըստ էներգիայի որակի և քանակի, որը մենք կրում ենք ծննդյան պահից: Մենք ընկնում ենք այն բջիջ-հանգույցի մեջ, որը պահանջում է հատկապես էներգիայի նման քանակ և որակ, եթե կուզեք` համապատասխան բովանդակությամբ: Այստեղից էլ մեր ձգտումն է` ստեղծել համակարգեր և դրանցով կառավարել մեզ ու աշխարհը: Հնարավոր է` մեր երևակայության, ինտելեկտի, գիտակցության մեջ կան ինչ-ինչ մազանոթներ, որոնք համակարգի հետ կապված են առավել սերտ կապերով: Սա նաև մեր մարմնին է վերաբերում:
12. Ես աֆրիկյան ջունգլիներում մտածում եմ հենց մարդկային կյանքի արդարացիության մասին, մարդու` որպես բավականաչափ բանական եզակի գոյության, թեկուզ այդ գոյության բոլոր հայտանիշերը գնում են դեպի անգիտակցականը. այդպես ծառարմատներն են երաշտի ժամանակ սնում սաղարթը, ճյուղերն ու տերևները, իսկ անձրևի ժամանակ տերևները, արմատները և ճյուղերը միասին սնում են ծառը: Տեղատարափն այստեղ կամ ձյունը հյուսիսում տարբեր կերպ են անհանգստացնում ծառի էությունը` տալով հնարավորություն հաջորդ գարնան համար: Բանաստեղծն ասել է` միայն գժվելով է գարնանը ծառը բողբոջում… Սա նույն այդ կյանքի անհանգստությունն է, բայց այլ հաջորդականությամբ: Մարդկային կյանքում կան և այլ բաղադրիչներ` բարոյականությունն ու բարոյախոսությունը. դրանք ստեղծել են կարևոր պայմաններ ցեղի շարունակության համար, հետևաբար` ոչ միայն գոյատևումի, այլև զարգացման: Հենց դրա համար էլ գոյություն ունի բարոյականությունը… Հատկապես այդ տարածությունն է զարկերակվում` հանգիստ չտալով մտքի հետաքրքրասիրությանը, կամքի ուժին, այդ տարածության նորմերից դուրս պրծնել փորձող մտքերի նպատակասլացությանը. այսինքն` չլինել պարզապես կենդանի: Մարդու կյանքը միանգամայն տարբեր է կենդանու կյանքից: Նա կարողանում է տեսնել իրեն կողքից, նա ունի բարոյականություն և բարոյախոսություն. տարբեր դարերում դրանք տարբեր բաղադրիչներ են ունեցել: Բայց դրանց հիմքը միշտ մեկն է եղել:
13. Այս` 1948 թվականին, ես որոշ ժամանակով կլքեմ Լամբարենեն, որպեսզի վերադառնամ Եվրոպա, իսկ հետո մեկնեմ ԱՄՆ: Ես կրկին կվերադառնամ այստեղ, որպեսզի մնամ մինչև կյանքիս վերջին օրերը…
14. Հետպատերազմյան այս ժամանակներում մարդկությունն առավել համառ է, քան անցյալում: Սկսել է ինքնակազմակերպվել` իր միջավայրից առանձնացնելով մասշտաբային մարդկանց: Բացվում են միջազգային խոշորագույն կազմակերպություններ` ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԲՖ (Միջազգային բարեգործական ֆոնդ)… Դրանք ստեղծվել են (և դեռ էլի կստեղծվեն)` ստեղծելու համար պատասխանատվությունը յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր մարդու` պատմության, հենց կյանքի հանդեպ: Եվրոպան Նյուրնբերգյան դատավարությունից հետո բոլորովին այլ է. ի դեպ, արդեն ամբողջ թափով գործում է Միջազգային դատարանը: Այդ օրգանը կարևոր է իբրև հավաքական բարոյական բաղկացուցիչ` մարդկության հավաքական կամքի համար:
15. Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ ամենահետաքրքիր մարդ է դառնում հոգեգարը, պաթոլոգիկը, ծանր (գերադասելի է` անբուժելի) հիվանդը, մարդը` իբրև թե ազատագրված իրականությունից, մարդը, որի մտքի ու արարքների ազատությունն իսկական է, մարդը, որ արդեն վերամարմնավորվել է մեկ այլ մարդու մեջ… Բայց արդյո՞ք այդպես է, և եթե դա ճիշտ է, ինչքա՞ն երկար մենք` մարդիկս, պիտի գտնվենք այս վիճակում: Եվ ի՞նչ է ցույց տալիս մեզ մերօրյա ժամանակը: Հնարավոր է` 20-րդ դարի մարդու ամենախոցելի գործիքը նրա երևակայության բարդագույն մեխանիզմն է: Երևակայությունը, մի կողմից, կառուցում է իրականությունը` ըստ փաստերի, ինտելեկտի, կենսափորձի, մյուս կողմից` ինքն է ստեղծում ինչ-որ իրականություն` գրական կամ գիտական աշխատության, արվեստի տարատեսակ ձևերի և ժանրերի տեսքով: Վերամարմնավորումը մարդկային գոյության կարևորագույն մասն է. երկրագնդի վրա ոչ մի կենդանի ընդունակ չէ վերամարմնավորվելու, ստեղծելու, օրինակ, թատրոնին կամ ինքնանկարին նման որևէ բան: Մարդն ունի այդ պահանջը` լինել ուրիշ, մտնել այլ հոգևոր-իմաստային համակարգ և դառնալ, օրինակ, թռչուն, ձուկ, ուրիշ մարդ… Հասկանալ ուրիշ գոյությունը հասկանալու օտարի ջանքի մեխանիզմը` իբրև սեփական ուժն ու թուլությունը ճանաչելու օրինակ: 20-րդ դարի մարդու երևակայությունը բորբոքված է, քանզի նա ստիպված է որոնել բարոյականության և իրականության սեփական կոորդինատները հենց կյանքի ճանաչման ուղղորդիչների բոլոր կարևորագույն բաղադրիչների լիակատար անկման փուլում: Աշխարհն առաջ էր մղել ազատությունը` որպես հարաբերությունների համակարգի համար հիմնական և ամենակարևոր հարուցիչ կամ, ավելի ճիշտ, որպես տարածություն, որում պիտի լինի ընտրության ազատություն: Մի խոսքով, ինչպես ասել էր մեկ այլ բանաստեղծ, կործանվելով` ստեղծվում եմ: Եվ դա, հնարավոր է, ճիշտ է: Ազատությունն ամենաթողություն չէ, երբ աշխատասերն ու ծույլը, դաստիարակվածն ու անդաստիարակը, խելացին ու պակաս ընդունակն ունեն ընտրության հավասար հնարավորություններ հասարակության ներսում, բայց և միաժամանակ ունեն տարբեր ազդեցություն այն հասարակության վրա, որը պատասխանատու է յուրաքանչյուրի, ինքն իր, կյանքի համար: Փոխվել է ամեն բան. բարու և չարի սահմանը, դրանց փոխհարաբերությունը, գեղեցիկի պատկերը, արվեստը` որպես այդպիսին. և ժամանակակից արվեստը չի ցանկանում տեսնել նախորդ դարերի աստվածայնությունն ու վիրտուոզ վարպետությունը:
16. Մալարմեն ճչում է 19-րդ դարից. «…չկա ոչ մի Ներկա…»: Արժանահավատ է միայն արվեստը` մեծ վերապահումներով: Իրականությունը խույս է տալիս, ինչպես երազ, որի իշխանությունը տևում է մինչև առավոտյան արթնացումը:
17. Եվ եթե հաշվի նստենք Մալարմեի` «չկա ոչ մի Ներկա» խոսքի հետ, այդ դեպքում կմնան միայն անցյալն ու ապագան` երևակայության տարածության երկու սուբյեկտները: Երկու մտացածին պատմություններ…
18. Արվեստն այսօր գնահատում և ուղղորդում է մարքեթինգը` իբրև սառը վիշապ, որը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է անհրաժեշտ լինել արվեստի սիրահարների կիսագրագետ ամբոխին, որը, փողը ձեռքում տրորելով, տռփանքով նայում է նկարչի ապրանքին` որպես կապիտալի կարևոր ներդրումի: Եվ ինչպե՞ս մենք կորոշենք ներշնչանքի էսթետիկայի և իսկության արժեքը (ոչ` գինը), երբ արվեստանոցներում, ավելի ճիշտ` նկարիչների օֆիսներում, հայտնվում են այսօրինակ կարգախոսներ. «Իսկական նկարիչը չպետք է ստեղծի նկարներ»: Այդ դեպքում, բարի եղեք ասել, թե ի՞նչ պիտի անի նա: Եվ այստեղ ես դիմում եմ երաժշտությանը` որպես ամենամերձավոր տարերքի` ծովից ու տիեզերքից հետո…
19. Ծովի և երաժշտության` տեսողական և ձայնային ներդաշնակությունների մասին կասեմ հետևյալը. «Ամենայն տեսանելին և անտեսանելին, ուսումնասիրվածն ու չուսումնասիրվածը կարելի է վերագրել քաոսին մինչև այն պահը, քանի դեռ մարդու գլխում չի հայտնվի ինչ-որ միտք (առաջին անգամ կամ կրկին): Երաժշտության ծնունդը մարդուն պատասխանատու է դարձնում հենց կյանքի և մասնավորապես` բարոյականության հանդեպ»:
20. Մարդը կազմված է «աստղերի հիշողությունից», նրա գիտակցությունը միայն կիսով չափ է կառավարելի, երկրորդ կեսը այն կապերն են, այն տեղը, որոնցում նա գտնվում է իր ծննդից սկսած: Այդ կերպ նրան բաժին ընկած էներգիան իր կողմից միայն կիսով չափ է կարգավորելի, իսկ երկրորդ կեսը կարգավորվում է հենց համակարգի կողից, այն տեղի և այն պարտավորությունների, որոնք դրված են մարդու վրա` ի սկզբանե: Սոցիալական կյանքը կարող է արդարացի չլինել մարդու ընտրության և գնահատանքի հարցում, բայց նա կատարում է այն ֆունկցիաները, որոնք ստացել է ի սկզբանե: Եթե մարդը տիրապետում է փոքր էներգիայի, ապա նրա ներկայությունը, հեռացումը, փոխատեղումն այս կամ այն հանգույցում առավել հաճախ այնաստիճան կարևոր չեն, դրանք առավել հաճախ աննշան են և աննկատ: Իսկ մեծ էներգիայի տեր մարդկանց դեպքում այդ փոխարինումները, պաշտոնափոխությունները հանգեցնում են վեճերի, բախումների, պատերազմների, հեղափոխությունների, կրոնի, հավատալիքների փոփոխության, զանգվածային մահապատիժների… Տեղի է ունենում բարոյական հիմքերի ձևախեղում, առաջ է գալիս տարածության և ժամանակի նոր ընկալում, կատարվում են և այլ փոփոխություններ. այսինքն` գալիս է փոփոխությունների, մուտացիաների մի համակարգը մյուսով փոխարինելու, այսպես կոչված` շահերի բախումների ժամանակը: Ժամանակը` մարդկանց նոր խմբերի կողմից այնպիսի դիրքերի վերականգնման կամ նվաճման, որոնք դեռ երեկ անսասան էին հասարակության մեջ և մարդու համար որևէ վտանգ չէին պարունակում…
21. Երբեմն մարդը հասունանում է մի ամբողջ դարաշրջանի չափով, երբեմն` հիմարանում: Երբեմն միտքը դառնում է կյանքի էության ըմբռնումի գլխավոր շարժիչը, իսկ երբեմն գլխավոր է դառնում զգացմունքը, երբեմն` մարդկային փորձը, երբեմն` գիտական միտքը, երբեմն` սնահավատությունը…
22. Ճշմարտությունը, հերյուրանքը, կեղծիքը, արդարությունն ու խարդավանքը և շատ այլ բաներ պատկանում են անցյալին և ապագային, ինչպես կենսափորձը, երազանքները, ապագայի ծրագրերը: Հիվանդ կարող են լինել ոչ միայն մարդիկ կամ խմբակցությունները, այլև միանգամից ողջ մարդկությունը: Հիվանդությունները կարող են լինել ծանր և թեթև, երբեմն` վիրաբուժական միջամտություն պահանջող, իսկ երբեմն` ամբուլատոր բուժում, բայց առավել հաճախ` բուժման այս մեթողների կոմբինացիա:
23. Ժողովրդի, հանրության կամ մարդկության հիվանդությունների նախազգուշացման շրջանում առաջընթացը կրում է չհամակարգված բնույթ, դա երևում է պետությունների և ժողովուրդների առաջնորդների անճարտար գործողություններում: Կոնֆլիկտների տեղայնացումը խոսում է այն մասին, որ թույլատրելի են համարում պատերազմը, իսկ հակասական խնդիրները` որպես բախման, կոնֆլիկտի պայմաններ, կարճված են և մասամբ քշված դեպի ապագա…
24. Միֆը մերօրյա մարդկանց կյանքում զբաղեցնում է շատ ավելի մեծ տեղ, քան անցյալ դարերում: Հնարավոր է` դա անվերջորեն աճող տեղեկատվական հոսքի արձագանքն է, որը ներմուծում է նորությունաշարը յուրաքանչյուր տուն, ընդ որում` անընդմեջ: Աշխարհը խեղդվում է տեղեկատվությունից, որն սպանում է գիտելիքը, սպանում է մարդկային մտքի ինքնատիպությունը: Միտքն ապրանք է, որ փող է բերում: Ամեն ինչ հանգուցված է փողին, անգամ` պատիվն ու արժանապատվությունը, անգամ` խիղճը…
25. 20-րդ դարի միջնամասում ստեղծվում է մի իրադրություն, երբ մարդկային հասարակության ներսում հոգևոր վիճակը ողջ մոլորակում դառնում է կրիտիկական. ամեն ինչ հարցականի տակ է, ամեն ինչ պահանջում է նոր իմաստային մեկնաբանություններ, չկան մեծ ժամանակակիցներ, կան անցյալ դարերի մեծեր, որոնց գնահատում, բայց չենք լսում: 20-րդ դարաշեմին բառերը կորցրել էին իմաստը և սկսել էին լցվել նոր բովանդակությամբ: Հնարավոր է` երկու համաշխարհային պատերազմների սանձազերծումը բառիմաստի ճգնաժամն էր:
Յուրաքանչյուր բառ ձեռք է բերում իմաստային նոր նրբերանգ, սրանից էլ փոխվում է ամեն ինչ, անգամ կերպարվեստն է պահանջում տեքստային ուղեկցումներ, անգամ փոխվում է երաժշտությունը, մասնատվում է նոր բաղադրիչների: Հեռուստատեսությունը, կինոն համաշխարհային պատերազմից հետո դարձան մեղադրողներ և վավերագրողներ` որոշակի հարցերում իրենց վրա վերցնելով քննիչի և փաստաբանի երկարաժամկետ դերը: Մարմնի պաշտամունքի կինոն ապագայում կծնի իր նոր ուղղությունները արվեստի այդ մերձավոր, բայց ոչ նման ձևերում: Գլեն Գուլդը կբարձրացնի երաժշտական համերգների պայմանականության հարցը, Շտոկհաուզենը կբեմադրի «Լույսը» «Լա Սկալայում», հասարակության մեջ կհայտնվեն բազմաթիվ պայծառատեսներ ու վհուկներ, և ի հայտ կգա մեծն Բախի ողջ հզորությունը…
26. Սվյատոսլավ Ռիխտերը, երկար տարիների բաժանումից հետո հանդիպելով հարազատ մորը, չի կարողանալու ներել նրան, քանզի բոլոր բառերն ասված էին հանդիպումից շատ առաջ: Աշխարհը կրկին կբացահայտի մեծերին. 10-րդ դարի պոետ Նարեկացուն և կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիին: Առանց փայլուն նրբագեղության չկա բարձր մշակույթ, առանց նրբացածության չկան ո՛չ մտքի, ո՛չ զգացմունքի նրբերանգներ, առանց կարեկցանքի չկա արդարացիություն: Ի՞նչն է իսկականը մարդկանց կյանքում: Ոմանց մահը կյանքի սկիզբն է, ուրիշների համար մահով ավարտվում է կենսագրությունը: Ինչ-որ մեկը մահից առաջ ասել է. «Ես չկարողացա գլուխ հանել հոգուցս, գուցե դուք գլուխ հանեք մարմնից»:
27. Ժամանակակից մարդկությունը հոգևոր ճգնաժամի մեջ է, ներծծված է առասպելականացված գիտակցությամբ: Ինչպե՞ս է գիտատեխնիկական առաջընթացի իրականությունն ազդում կոլեկտիվ անգիտակցականի վրա: Ինչպիսի՞ն է մարդկանց պահանջարկը նոր կրոնում: Եվ ի՞նչ կարող է բերել համաշխարհային նոր կրոնը: Ինչի՞ վրա են սևեռվում 20-րդ դարի երկրորդ կեսի ու նաև 21-րդ դարի մարդու միտքն ու հոգին:
28. 1948 թվականին ավստրիացի պրոֆեսոր Կոնրադ Լորենցը լքեց գերմանական ռազմագերիների ճամբարը Հայաստանում. Հայաստանի մասին հետագայում նա պատմում էր համակրանքով: ԽՍՀՄ-ը, «պրոֆեսորի» (ճամբարականները հարգանքով այսպես էին կոչում գիտնականին) առաջ բացելով «երկաթե վարագույրը», թույլ տվեց Լորենցին թևի տակ տանել իր գիտական աշխատանքը միանգամայն նոր գիտության` էթոլոգիայի (կենդանիների վարքաբանության) մասին, որում մասնավորապես խոսվում էր «մարդու մասին, որն իբրև տեսակ` հիմա գտնվում է ժամանակների շրջադարձին…»: Հայաստանյան ղեկավարները թույլ տվեցին Լորենցին այդ աշխատությունը դուրս բերել ոչ միայն ճամբարի, այլև, որ շատ ավելի բարդ էր, երկրի սահմաններից: Երևանյան ճամբարի ղեկավարությունն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի գերված գիտնականը կարողանա լիարժեքորեն զբաղվել գիտական աշխատությամբ: Նրանք ինչ-որ տեղից գտել էին ռազմավար գրամեքենա` լատինական տառատեսակով, պատճենաթուղթ և թուղթ… Խորհրդանշական է, որ Կոնրադ Լորենցն այդ ձեռագիրը կոչել է «Հայելու հակառակ կողմը»:
Շատ տարիներ անց` 1973-ին, իր մտքերի համար էթոլոգ Լորենցը Նոբելյան մրցանակ ստացավ:
29. ՈՒրեմն ստացվում է, որ ոչինչ կորած չէ, դեռ նոր-նոր է սկսվում…


14 փետրվարի, 2013 թ.
Սանկտ Պետերբուրգ
Թարգմանիչ`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 152928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ