ԱՄՆ այցելած և այդ երկրին ծանոթ բարեկամս մի առիթով ասաց. «Եթե ուզում ես պատկերացում կազմել Ամերիկայի մասին, այցելի՛ր ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն կամ «Հայաստանի ամերիկյան անկյուններ», այնտեղ քեզ կզգաս այնպես, ինչպես ԱՄՆ-ում»: Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե այդ պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը, բայց որ ԱՄՆ-ն, չպարտադրելով հանդերձ, կարողանում է թեկուզ դանդաղ իր լեզուն և արժեքները տարածել մեր երկրում, դժվար չէ դրանում համոզվելը: Այսօր, սկսած Երևանից մինչև հեռավոր Մեղրիի Ագարակ ավան, մեկնում են կամավորներ, որոնք անգլերենի անվճար դասընթացներ են կազմակերպում լեզուն սովորելու ցանկություն ունեցողների հետ: Առանց տարիքային և այլ սահմանափակումների: Իսկ «Հայաստանի ամերիկյան անկյունները» պարբերաբար կազմակերպում է ոչ միայն անգլերենի դասընթացներ, այլև՝ կինոդիտումներ, սեմինարներ, հանդիպումներ, որոնք օգնում են պատկերացում կազմելու ԱՄՆ-ի մասին: Անգլերենի դասընթացներ կազմակերպելով տարբեր տարիքային խմբերի, մասնագիտության և զբաղմունքի տեր մարդկանց համար՝ «Հայաստանի ամերիկյան անկյունները» ջարդում է սովետական իշխանության տարիներին ձևավորված կարծրատիպը, որի համաձայն՝ կրթությունն ավարտվում է բուհական մասնագիտություն ձեռք բերելով:Եվ պատահական չէ, որ նույնիսկ սովետական իշխանության տարիներին երկարամյա փորձ ունեցող մանկավարժը, հաճախելով «Ամերիկյան անկյուններ»-ի կազմակերպած անգլերենի դասընթացներին, համարում է, որ ի կատար է ածվել իր՝ տարիների փայփայած երազանքը, որն է՝ սովորել անգլերեն: Եվ երկամսյա դասընթացներից հետո էլ նա ցանկություն է հայտնում շարունակելու կատարելագործել անգլերենի իր նախնական իմացությունը:
Իսկ «Ամերիկյան անկյուններից» յուրաքանչյուր ոք հեռանում է՝ անգլերենից ձեռք բերելով այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են իրեն՝ հետագայում կատարելագործելու և կիրառելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ