Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան, ով ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն է, հայտարարել է, թե Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որի պատճառով էլ այն քննադատվում է: Apa.az-ի հաղորդմամբ` Մուրադովան ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս տարի բազմաթիվ այցելություններ են կատարել տարածաշրջան, կազմակերպել են հանդիպումներ, անցկացրել են օկուպացիայի մեջ գտնվող տարածքների մոնիտորինգ, հաշվետվություններ են ներկայացրել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ: Եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ԵԱՀԿ Մինսկի խումբը անգուրծունակ չէ: Բայց, ցավոք, այդ գործունեության որոշակի արդյունքները չեն անդրադարձել բանակցությունների գործընթացի վրա: Մենք չենք նկատել ինչ-որ քայլեր, որոնք կարելի է առաջխաղացում համարել»: Փոխխոսնակը դրական է գնահատել նախագահների մակարդակով վաղուց ընդհատված բանակցություների շարունակվելու փաստը, միաժամանակ ասել է. «Բայց մենք դժգոհ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը չեն լքի տարածքը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանն առնչվող խոսակցությունների մասով փոխխոսնակը նկատել է, թե այդ հարցը միշտ եղել է, քանի որ «բանակցությունները անցկացվում են միայն հանուն անցկացման, ժամանակն անցնում է, հակամարտությունը խորանում է, մարդկանց հույսերը թուլանում են»: «Բայց համանախագահող երկրները համաշխարհային քաղաքականության առաջատար ֆիգուրներ են և նրանք հնարավորություն ունեն լրջորեն ազդելու Հայաստանի վրա: Այդ երկրներին փոխելու, ինչպես նաև Մինսկի խմբում այլ երկրների ներգրավման մասին առաջարկությունները կրկին բոլոր հարցերը կվերադարձնեն զրոյական կետին», -ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ