Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու և ավելի մատչելի գնով գազ վաճառելու մասին, ակնհայտ դարձավ, որ նա հաղթել է «Կիևյան ճակատամարտում», գրում է The New York Times-ում հրապարակված հոդվածի հեղինակ Կլեմենս Վերգինը։
Վերգինը նշում է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր երկիրը 20 մլրդ դոլարով «առաջարկեց» Արևմուտքին։ Սակայն եվրոպական առաջնորդները մերժեցին գործարքը՝ չհասկանալով, թե ինչու երկարատև բանակցություններից հետո պետք է ավելի շահավետ պայմաններ առաջարկեն։
«ԵՄ-ն շատ ջանքեր է գործադրել Ուկրաինային իր կողմը գրավելու համար, սակայն թերագնահատել է Պուտինի պատրաստակամությունն աշխարհաքաղաքական կոշտ խաղ վարելու հարցում, և երբ Կիևը մտափոխվեց եվրաինտեգրման հարցում, Եվրոպան չկարողացավ դիմակայել Պուտինի գործադրած ճնշմանը»,-գրում է նա։
Սակայն ինչո՞ւ ԵՄ-ն կատարեց ակնհայտ սխալներ։ Եվրոպան ցանկանում էր Ուկրաինան շրջել իր կողմը, սակայն չէր ուզում ընկնել այդ երկրի խնդիրների ծանրության տակ։ Ներկայում Եվրոպան ցանկանում է իրեն կապել արևելյան հարևանների հետ՝ միևնույն ժամանակ չխոստանալով նրանց անդամակցություն Եվրոպական միությանը։ «Այդ պատճառով էլ Եվրոպան չի կարող շատ բան առաջարկել Ուկրաինայի ու Հայաստանի պես երկրներին, քանի որ լծակներ չունի ռուսական ճնշմանը դիմակայելու համար»,-շարունակում է Վերգինը։
Հեղինակը Պուտինի հաղթանակը բացատրում է այն հանգամանքով, որ Եվրոպան Կիևին առաջարկել է սկզբում բարեփոխումներ անել, հետո վայելել եվրաինտեգրման պտուղները։ Մինչդեռ Մոսկվան առաջարկել է ներկայի համար առավել ընդունելի տարբերակ՝ սկզբում շահը, հետո նոր մնացածը։
«Իսկ գուցե տարբերվելու համար Մոսկվայի հետ կոշտ խա՞ղ խաղանք»,-հարցնում է հեղինակը՝ առաջարկելով չընդառաջել Մոսկվային ու Եվրոպայի տարածքում ազատ այցագրային ռեժիմ չապահովել ռուս չինովնիկների համար։ Նա նաև առաջարկում է շարունակել մենաշնորհի պատճառով «Գազպրոմի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, պաշտպանել Լիտվայի, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի պես երկրներին առևտրային պատժամիջոցներից։ Մոսկվան պետք է հասկանա, որ չի կարող վախեցնել հարևաններին ու միևնույն ժամանակ անպատիժ մնալ։ Իսկ «վախեցող» երկրներն էլ պետք է հասկանան, որ Եվրոպան իրենց կօգնի։
«Միայն այդ պարագայում Ուկրաինայի ու Հայաստանի պես երկրներն աստիճանաբար կփոխեն իրենց ծրագրերը»,-գրում է Վերգինը: