Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, փորձելու է Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերի միջև երկխոսության և փոխվստահության ամրապնդման ուղիներ գտնել և ամրապնդել միջնորդական մեխանիզմները՝ Trend գործակալությանն ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014թ.-ին ԵԱՀԿ նախագահող Դիդյե Բուրկհալթերը։
«Բացի այդ, Շվեյցարիան կփորձի հեշտացնել մարդկային շփումն ու աջակցել տարածաշրջանում քաղաքացիական հասարակության նախագծերին»,-ասել է նա։
Բուրկհալթերի խոսքով՝ Շվեյցարիայի առաջնահերթությունը նախագահության շրջանում լինելու է անվտանգության և կայունության ամրապնդումը, մարդկանց կյանքի բարելավումն ու ԵԱՀԿ-ի ներուժի ամրապնդումը։ «Անվտանգության ստեղծումը բխում է բոլորի շահերից։ Դա է Շվեյցարիայի տեսակետը»,-ասել է նա։
Նախագահողի առաջարկով՝ դեսպան Անջելո Գնադինջերը կզբաղեցնի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը։