Այսօր առավոտյան 08:30 -ին ՌԴ Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուս է պայթեցվել: Զոհվել է 14 մարդ, 20-ից ավելին վիրավորվել է: Նախնական տվյալներով պայթյունի հեղինակը տղամարդ-մահապարտ է, ում մարմնի մնացորդները ուղարկվել են փորձաքննության: ՌԴ իրավապահները տրոլեյբուսի պայթյունը կապում են երեկ Վոլոգոգրադի կենտրոնական ավտոկայանում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետ, որի ժամանակ զոհվել էր 17 մարդ, իսկ 50-ը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Երեկվա պայթյունի հեղինակը, ըստ նախնական վարկածի, Կովկասից, ավելի ստույգ` Դաղստանից Վոլգոգրադ ժամանած կին-մահապարտ է: Երեկ Դաղստանի ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել պարզելու համար վերջին երեք օրում Դաղստանից մեկնածների տվյալները: Ստուգվում է նաև Վոլգոգրադում կազմակերպված ահաբեկչական խմբի առկայության մասին վարկածը:
ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական խաղերին մեկ ամիս է մնացել: Սոչին օլիպիական կրակներով կհրավառվի փետրվարի 6-23-ը, սակայն Ռուսաստանի գլխին կուտակվող սև ամպերը արդեն կասկածի տակ են դնում օլիմպիադայի հաջողությունը: Հյուսիսային Կովկասի ահաբեկչական խմբերի կողմից ծրագրված պայթյունները կարող են պարզապես կաթվածահար անել օլիմպիական խաղերի ընթացքը, եթե ոչ` կասեցնել դրանց մեկնարկն ընդհանրապես: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկին ԽՄ երկրների նկատմամբ իրականացված ճնշումների, ինչպես նաև ՌԴ-ում ընդունված սեռական փոքրամասնությունների մասին օրենքի արդյունքում աշխարհի մի քանի ազդեցիկ երկրների ղեկավարներ, ԵՄ պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում մեկնել Սոչի: Եթե սրան էլ հավելենք վերջին երկու օրվա պայթյունները, ապա կարելի ասել, որ Պուտինը գերագույն ջանքեր պետք է գործադրի աշխարհին համոզելու համար, որ Սոչին, այնուամենայնիվ, անվտանգ է բոլորի համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ