ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վիզ դրած ՄՄ է կայացնում: Ըստ երևույթին նրան այդ հարցում ինչ-որ առումով խանգարում է փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադան, որի ավարտվելուց հետո ամբողջ ուժով կլծվի ՄՄ-ն լմնցնելու գործին: Այժմ Ռուսաստանը ինտենսիվ բանակցություների մեջ է Վիետնամի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը: Իհարկե, նա խոսել է Վիետնամի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին, սակայն պարզ է, որ այդ ամենը արվում է ՄՄ կոնտեքստում: Լիխաչովի խոսքով` ապրանքաշրջանառությունն աճում է Ճապոնիայի հետ, Չինաստանի հետ լայնածավալ օրակարգ է առկա և շուոտով օրակարգում կդրվի նաև ասիական փոքր երկրների` Լաոսի, Միյանմայի և Կոմբոջայի հետ ապրանքաշրջանառության հարցը: Ասվել է նաև, թե Հնդկաստանը վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել ՄՄ-ին անդամակցելու առնչությամբ, Ռուսաստանը հավանության է արժանացրել այդ գաղափարը և եռյակի (ՌԴ, Ղազախստան, Բելառուս) շրջանակներում մշակվում է ծրագիր:
Մի խոսքով` Պուտինը փորձում է իրագործել իր իմպերիալիստական նկրտումները ամեն գնով` առանց նշանակություն տալու, թե այդ իմպերիայի մեջ ինչ երկրներ են մտնելու: Տպավորություն է, թե նրան միայն գլխաքանակ է հարկավոր` Արևմուտքի առջև ատամները բացելու համար: Միայն թե այդ ատամները կարող են նեխել նույնիսկ առանց արևմտյան միջամտության` նրանք պարզապես կենթարկվեն ՄՄ անդամ երկրների հիվանդ բջիջների հարձակմանը: Այդ խայտաբղետ շուկայում տարբեր քաղաքակրթությունների ու տնտեսական հնարավորությունների երկրները, որոնց մի մասը ընդհանուր եզրեր չունի մյուս մասի հետ, կարող են պարզապես միմյանց խանգարել: Իսկ Պուտինը, կարծես, դրանով մտահոգված էլ չէ, նրան անուններ են հարկավոր, թեկուզ` թղթի վրա: Հարցն այն է, որ Հայաստանը կարող է տուժել այդ թղթե միությանը գերեվարվելուց: Բայց սա արդեն ուրիշ թեմա է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ