Ընդամնեը մեկ ամիս մնաց ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին, և Սոչի քաղաքում մի շարք աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում: Համաձայն ՌԴ նախագահի հրամանագրի, Սոչիի շուրջ արգելված գոտի է ստեղծվելու, որի շրջագիծն անցնելու է Կարաչաևո-Չերկեսիայի սահմանով և հասնելու է մինչև Ռուսաստան-Աբխազիա սահմանը: Նաև ստեղծվելու են վերահսկող գոտիներ, ուր հնարավոր կլինի թափանցել ոստիկանության ստուգումից հետո: Սոչիի մուտքը վերահսկելու են իրավապահ մարմինների և ներքին զորքերի 30 հազար աշխատակիցներ: BBC-ի հաղորդմամբ, այսօրվանից Սոչիում գրանցում չունեցող տրանսպորտի մուտքը դեպի քաղաք փակ է: Առանց թույլտվության քաղաք մտնողը կտուգանվի 3 հազար ռուբլով: Արգելքը կգործի մինչև մարտի 21-ը: Անվտանգության նման միջոցառումները Սոչիի շատ բնակիչներ գնահատել են իբրև մարդու իրավունքների խախտում, քաղաքում միգրացիոն ռեժիմի խստացում և արտակարգ դրության հաստատում:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադ քաղաքում դեկտեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցած երկու պայթյունները կապվում են հյուսիսկովկասյան ահաբեկիչների` Սոչիում տեղի ունենալիք օլիմպիադան խափանելու ծրագրի հետ: Ռուս իրավապահների նախնական վարկածով ահաբեկչությունը իրականացրել են կովկասցի կին և տղամարդ մահապարտները:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ