Ուկրաինայի իշխանությունը նոր սադրանքներ է ծրագրում ընդդիմության դեմ: Այս մասին գրել է «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը իր ֆեսյբուքյան էջում: Նա նշել է, որ «ավտոմայդանը Մայդանի ամենաարդյունավետ գործիքներից է, որի մասնակիցները քաջ են, անզիջում և գտնվելով բողոքի առաջատար գծում` խոցելի են»: Իշխանությունը հատուկ ջոկատ ունի, որն էլ իրականացնելու է ավտոմայդանի մասնակիցների և ակտիվիստների նկատմամբ հերթական սադրանքը. «Հարձակման հիմնական ուղղությունը քրեական գործերի հարուցումն է մեքենաների մեջ թմրանյութեր և անօրինական զենք նետելու միջոցով»: Ավակովը հայտարարել է, թե ընդդիմությունը բաց չի թողնելու սադրանքի ոչ մի դեպք. «Կհրապարակվեն թե կազմակերպիչների անունները և թե իրականացված սադրանքի մեխանիզմը: Կօգտագործվեն հատուկ պաշտպանության մեխանիզմներ, այդ թվում` նոր տեխնիկական միջոցներ»: «Ազգային դիմադրության շտաբը իրավապահ մարմիններին նախազգուշացնում է նման գործողությունների պատասխանատվության մասին: Մենք ոչ մի ակտիվիստի ուսադիրներով բանդիտների հետ միայնակ չենք թողնի: Արձագանք կլինի և այժմ, և հետո»,- գրել է Ավակովը:
Նշենք, որ այսօր ավտոմայդանի մասնակիցները երկրի առողջապահության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա կիրականացնեն` պահանջելով դադարեցնել ճնշումը ծեծի ենթարկված ակտիվիստ և լրագրող Տատյանա Չորնովոլին օգնություն ցուցաբերող բժիշկների նկատմամբ: Հիշեցնենք, որ Չորնովոլը ծեծվել է դեկտեմբերի 25-ի գիշերը: Իրավապահների պաշտոնական հաղորդագրությամբ անհայտ մեքենան հարվածել է լրագրողի մեքենային, ապա աղջկան դուրս են հանել մեքենայից և դաժան ծեծի ենթարկել: Գործի առնչությամբ ձերբակալվել են հինգ կասկածյալներ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ