Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովը և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պարբերաբար նամակներ են գրել միմյանց։ Եվ ոչ միայն։ Չնայած երկու երկրների թշնամական հարաբերություններին՝ Խրուշչովն ու Քենեդին իրար նվերներ են մատուցել։ Դրանցից մեկը Պուշինկա անունով շնիկն էր, ում մայրը՝ Ստրելկան, տիեզերք թռած և Երկիր վերադարձած շներից մեկն էր։
ՙՄայրս հետաքրքիր պատմություն է պատմել,- հիշում է Քերոլայն Քենեդին՝ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանը, ով 50 տարի առաջ մեծանում էր Սպիտակ տանը։- Նա Վիեննայում տեղի ունեցած հանդիսավոր ճաշի ժամանակ նստած էր Խրուշչովի կողքը։ Ինչ-որ պահի սպառվել են խոսակցության թեմաները, նա հետաքրքրվել է Ստրելկայի ճակատագրով, որին ռուսներն ուղարկել էին տիեզերք։ Մայրս նաև հարցրել է Ստրելկայի ձագերի մասին։ Իսկ մի քանի ամիս անց մեզ բերեցին այդ ձագուկներից մեկին։ Հայրս նույնիսկ պատկերացում չուներ, թե որտեղից է այդ շունը։ Նա չէր կարողանում հավատալ, որ այդ ամենը մորս շնորհիվ է»,- պատմել է Քերոլայն Քենեդին։