Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աֆղանական գործոնը և Հարավային Կովկասում կայունության պահպանման ՀԱՊԿ-ի ջանքերը

Աֆղանական գործոնը և Հարավային Կովկասում կայունության պահպանման ՀԱՊԿ-ի ջանքերը
09.01.2014 | 17:19

Կենտրոնական Ասիան ներառում ոչ միայն նախկին խորհրդային Միջին Ասիան, այլև Աֆղանստանը, Իրանը, շրջակա ռուսական տարածքները, Կասպից ծովով առանձնացած Հարավային Կովկասը: Այդ պատճառով Հարավային Կովկասը

(Անդրկովկասը) այդ տարածաշրջանի անբաժանելի մասն է և ինչ կատարվում է Աֆղանստանում, չի կարող չազդել Հարավային Կովկասի պետությունների վրա:
Աֆղանստանի իրավիճակը երկու ուղղությամբ է ներգործում Հարավային Կովկասի վրա: Նախ՝ աֆղանական կոնֆլիկտի ուղղակի հետևանքները, որ դրսևորվում են առաջինը՝ իսլամական ֆունդամենտալիզմի հետ կապված արմատական ուժերի ուժեղացմամբ, երկրորդ՝ միջկրոնական և միջէթնիկ հակասությունների սրմամբ, որը պայմանավորված է և աֆղանական կոնֆլիկտի բնույթով, և ամերիկյան ռազմական ներկայությամբ: Բացի այդ՝ աֆղանական խնդիրները առնչվում են Հարավային Կովկասին նաև այն պատճառով, որ այդ տարածաշրջանը ներքաշված է խոշոր խաղացողների ռազմաքաղաքական ծրագրերի մեջ, որոնք մասնակցում են աֆղանական հարցի լուծմանը կամ փորձում են աֆղանական կոնֆլիկտը օգտագործել աշխարհաքաղաքական էքսպանսիայի և սեփական ազդեցությունը մեծացնելու համար: Հարավային Կովկասում գոյություն ունեցող միջպետական, միջէթնիկ և միջկրոնական հակասությունները վերջին ժամանակներում սրվում են, այդ թվում՝ աշխարհաքաղաքական խաղացողների մրցակցության հետևանքով, որ մրցակցում են տարածաշրջանում գերակայության համար (այդ մրցակցությունը Աֆղանստանի շուրջ ծավալված մրցակցային պայքարի շարունակությունն ու արտացոլումն է): Աֆղանական պրոբլեմի շուրջ ծագած աշխարհաքաղաքական կոնֆլիկտները բավականին հեշտությամբ կարող են տարածվել Անդրկովկասյան երկրներում (այդ տեսակետից հատկապես խոցելի է հայ-ադրբեջանական հակամարտությունը):
Այդ պատճառով՝ նախքան աֆղանական գործոնի ազդեցության վերլուծությունը հարկ է թեկուզ հպանցիկ քննարկել, թե ի՞նչ է կատարվում Աֆղանստանում: Չարդարացավ համաշխարհային հանրության սկզբնական լավատեսությունը՝ 2001 թ. Աֆղանստանի թալիբների իսլամական շարժման անկումից հետո, որ աֆղանական ճգնաժամն ավարտվեց: ԱՄՆ-ը չկարողացավ հաղթել թալիբներին Աֆղանստանում (գուցե նման նպատակ չուներ էլ), սակայն այդ երկիրը ԱՄՆ-ի համար մնում է պլացդարմ՝ սեփական ուժերը Կենտրոնական Ասիայում պահելու, հընթացս նաև Չինաստանի ու Ռուսաստանի վրա ներգործելու նպատակով: ԱՄՆ-ի նմանօրինակ արտաքին քաղաքական դոկտրինի անմիջական շարունակությունը ամերիկյան քաղաքականությունն է Հարավային Կովկասում, որն ուղղված է ոչ այնքան տարածաշրջանի երկրները բաժանող կոնֆլիկտների հաղթահարմանը, որքան ռուսական ներգործության թուլացմանը:

2014 թ. ապրիլին Աֆղանստանում նոր նախագահ է ընտվելու: Գործնականում արդեն որոշված են թեկնածուները: Նրանց մեծ մասը այս կամ այն կերպ կապված է Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի հետ: Կենտրոնական իշխանության հեղինակության նվազագույնին հասցվածության համապատկերում՝ ով էլ լինի նոր նախագահը, ունենալու է բնակչության նվազագույն աջակցությունը, որը քաղաքացիական նոր պատերազմի բռնկման սպառնալիք է:

Աֆղանստանի իրավիճակը 2014 թ. հետո էլ անկասկած շարունակելու է զգալի ազդեցություն ունենալ հարևանների վրա, նախևառաջ, նախկին խորհրդային Միջին Ասիայի հանրապետությունների ու Ղազախստանի: Դա ակնհայտ է դարձնում Աֆղանստանի հյուսիսային նահանգներում ռազմաքաղաքական խմբավորումների ակտիվացումը, որոնք կազմված են Միջին Ասիայից ու Կովկասից եկածներից:

2014-ից հետո սցենարի առավել ռեալիստական զարգացումներից մեկը Աֆղանստանի քաղաքական ու աշխարհագրական դե ֆակտո մասնատումն է՝ կենտրոնական իշխանության վերահսկողությամբ տարածքի նվազագույն հատվածի վրա, մի քանի կվազիպետությունների ձևավորման հնարավորությունը:

Բացահայտ է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ISAF-ի ստորաբժանումները հենվում են Համիդ Կարզայի կառավարության զինված ուժերի վրա: Բայց նահանգներում նրանք կամ կշիռ չունեն, կամ ընդհանրապես բացակայում են: Եվ արևմտյան ռազմական ներկայությունը բնականաբար հենվում է տեղացի դաշտային հրամանատարների վրա, որ մնում են Կարզայի վարչակարգի զինված ընդդիմություն կամ պարզապես հաշվի չեն առնում նրա գոյությունը "ինչ-որ տեղ Քաբուլում": Դրա հետ մեկտեղ ISAF-ի ստորաբաժանումները իրենց տեղակայման վայրերում վճարում են տեղաբնակ ցեղերի կամ ոչ ցեղային դաշտային հրամանատարների ծառայությունները, այդ թվում՝ ճանապարհային-պարեկային բիզնեսի: Այդ պայմաններում 2012-ի մայիսին Բարաք Օբաման և Համիդ Կարզայը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջև, որը այդ երկրում ամերիկյան հետագա ռազմական ներկայության իրավական հիմքերը դրեց: Ըստ համաձայնագրի՝ Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերը 2013-ի վերջին պետք է ամբողջությամբ ստանձնեին թալիբների դեմ գործողություններ վարելը, իսկ ISAF-ի ստորաբաժանումների լրիվ դուրսբերումը կավարտվի 2014-ի վերջին: Օրերս Լոյա Ջիրգան (Աֆղանստանի ավագների խորհուրդը) հաստատելով երկկողմանի անվտանգության համաձայնագիրը, իրավաբանորեն ամրապնդեց ամերիկյան ռազմական ներկայությունն Աֆղանստանում: Այն փաստը, որ Կարզայը ձգձգում է Լոյա Ջիրգայի հաստատած համաձայնագրի ստորագրումը, ընդամենը վկայում է, որ նա սովորական առևտուր է անում իր և իր բազմամարդ կլանի ֆիզիկական գոյությունը 2014-ի ապրիլյան նախագահական ընտություններից հետո ապահովելու համար: Պարզ է, որ այսօր չստորագրեց, վաղը ստորագրելու է:
Արդյունքում 2014-ից հետո Աֆղանստանում ԱՄՆ-ի տնօրինության տակ կմնան ինը լիարժեք ռազմական բազաներ (Բագրամում, Շինդադում, Կունդուզում, Կանդագարում, Գիլմենդում, Գարդեզում, Գերատում, Մազարի Շարիֆում և Քաբուլում), յոթ քաղաքացիական օդանավակայաններ, հինգ վերգետնյա տարանցիկ կենտրոններ: Ընդորում, օրինակ Շուրաբադի բազան (Կանդագարի մերձակայքում) երեքկիլոմետրանոց թռիչքուղի ունի և ունենալու է ստորգետնյա կառույցներ մի քանի հազար խորանարդ մետր տարածքով: Այդ մասշտաբի բազաներ կան Մազարի Շարիֆում ու Բագրամում: Աֆղանստանը համեղ պատառ է ոչ միայն աշխարհաքաղաքական տեղակայման տեսակետից, այլև իբրև օգտակար հանածոների աղբյուր: Աֆղանստանի տարածքում հայտնաբերվել են կոբալտի, ոսկու, պղնձի, բնական ուրանի, երկաթի խոշոր հանքավայրեր: Հնարավոր է, հենց այս տարածքների շահագործումն ապահովելու համար է ավարտվում ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազաների շինարարությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերի մի մասի դուրս բերման նոր ռազմավարությունը լավ հասկանալի է: Ինչ-որ ժամանակ անց Վաշինգտոնում եզրակացրին, որ զինված ուժերի թիվը քիչ ներգործություն ունի ամբողջ երկրում իրավիճակը վերահսկելու կարողության հետ: Խորհրդային զինված ուժերի առավելագույն թվաքանակը 1979-1989 թթ. 120 հազար էր, բայց դա էլ քիչ էր՝ իրավիճակը լիովին վերահսկելու համար:

Այդ պատճառով Աֆղանստանի տարածքում 2014-ից հետո մնացող ամերիկյան զինված ուժերի թվաքանակը համաձայնագրում նշված չէ: Չի հաշվարկվում նաև ամերիկյան մասնավոր թիկնազորային ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, որոնց ղեկավարները, որպես օրենք, պաշտոնաթող զինվորականներ են՝ մարտական հարուստ փորձառությամբ: Ընդորում՝ Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը լիովին կրում են Անվտանգության աֆղանական ազգային ուժերը, իսկ ԱՄՆ-ը այդ պատասխանատվությունից լիովին ձերբազատված է: Անվտանգության աֆղանական ազգային ուժերի, որ կազմված են բանակից ու ոստիկանությունից, թվաքանակը համարյա 332 հազար է (185 հազար՝ բանակը, 147 հազար՝ ոստիկանությունը): Ծրագրվում էր ընդհանուր թիվը հասցնել 352 հազարի: Բայց այս դեպքում էլ խնդիրը թվաքանակը չէ, քանի որ աֆղանական ազգային բանակի և իրավապահ ուժերի արագացված ձևավորումը լավ ոչնչի չի հանգեցնի, այլ միայն բարենպաստ պայմաններ կստեղծի նրանց շարքերում թալիբանի շարժման ներկայացուցիչների ներթափանցման համար՝ ներսից քարոզչական աշխատանքներ տանելու և տարբեր մակարդակների զորամիավորումներ իրենց զենքով ու մարտական տեխնիկայով հակառակորդի կողմը անցնելու նպատակով: Միայն այս, և բնավ ոչ միակ, պատճառով Աֆանստանի զինված ուժերի մարտունակության մակարդակը մնում է ծայրահեղ ցածր: Այդ պատճառով ով էլ 2014-ի ապրիլին գա իշխանության, Աֆղանստանի կենտորնական իշխանությունը չի կարողանա իրականացնել մասնակի (արդեն չեմ ասում լիակատար) վերահսկողություն թեկուզ առանին նահանգների մակարդակով: Իսկ ամբողջ երկրում իրավիճակը վերահսկելու մասին աֆղանական կենտրոնական իշխանությունը անգամ երազել չի կարող:

Աֆղանական արմատական ընդդիմությունը վերջին երկու տարիներին նշանակալից ակտիվացել է նախկինում համեմատաբար կայուն հյուսիսային ու արևմտյան մասերում: Հյուսիսային սահմանամերձ շրջաններում (Բադախշան, Կունդուզ, Բադգիս նահանգներում) չնայած ՆԱՏՕ-ական հզոր խմբավորման ռազմական առկայությանը, անարգել ձևավորվում էին էքստրեմիստական կազմակերպությունների մի քանի հազար զինյալներից կազմված ճամբարներ, որոնք ակնհայտորեն պատրաստվում են նախկին խորհրդային Միջին Ասիայում «աշխատանքի»: Ընդհանուր սպառնալիքը առայժմ չի բարձրացրել միջինասիական հանրապետությունների համախմբումը: Ուզբեկստանը և Թուրքմենիան, որ ունեն առավել մեծ զինուժ (70 հազար և 50 հազար համապատասխանաբար) հույսները դնում են սեփական ուժերի վրա: Տաջիկստանը (12-15 հազար զինվոր) և Ղրղզստանը (5-6 հազար) առավել թույլ են և պետք է առավել շահագրգռված լինեին հավաքական անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելու մեջ: Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը բնավ չի նվազեցնում այդ սպառնալիքը, որին դիմակայել պատրաստվում է ՀԱՊԿ-ը:

Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաների առկայության իրավաբանական ամրագրումը էականորեն սահմանափակում է Աֆղանստանի ինքնուրույնությունը և չի կարող չանհանգստացնել Աֆղանստանի հարևաններին, քանի որ լուրջ գործոն է դարձել հնարավոր ուժային ներգործության համար ընդարձակ տարածքով (ներառյալ Հարավային Կովկասը), վտանգ է ներկայացնում երրորդ երկրների ապահովության համար (այդ թվում՝ Ռուսաստանի), ինը ռազմաբազաների ցանցը կարող է օգտագործվել իբրև մասշտաբային ռազմական գործողության պլացդարմ: Այդ տագնապները անհիմն չեն թեկուզ այն պարզ պատճառով, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի հայտնի ռազմավարություններից ոչ մեկը իբրև գործընկեր չի դիտարկում Իրանի ու Չինաստանի պես արտաքին քաղաքական խաղացողներին, ինչը վկայում է, որ այդ ռազմավարությունները գլխավորապես ուղղված են անմիջապես նրանց դեմ: Ընդորում, Իրանի հետ կոնֆլիկտի ծագման դեպքում ԱՄՆ-ը անմիջապես կփորձի ներքաշել Ադրբեջանին, որ լուրջ քաղաքական ճգնաժամ և միջէթնիկ հակասությունների սրում կառաջացնի երկրի հարավում: Կարո՞ղ է այդ իրավիճակում ՀԱՊԿ-ը հանդես գալ իբրև ՆԱՏՕ-ի հակակշիռ, կասեցնել տարածաշրջանի ներգրավումը աշխարհաքաղաքական կոնֆլիկտների մեջ և համատեղ ուժերով ապահովել տարածաշրջանային կայունությունը, որին մշտապես սպառնում է միջպետական հակասությունների սրումը Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շուրջ:
Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև այսօր բացահայտ առճակատում չկա, բայց այդ ռազմական կազմակերպությունների փոխհարաբերություններում նույնքան բացահայտ է անվստահությունը միմյանց նկատմամբ: Անվստահություն, որ պայմանավորված է բազում պատճառներով, որոնցից մեկը կապած է այդ կազմակերպություններում միասնական ներքին կառույցի բացակայության հետ: ՀԱՊԿ-ի ներսում շարունակում են գոյություն ունենալ երեք տարածաշրջանային ողղություններ, որ Ռուսաստանի շնորհիվ միավորված են մեկ ռազմաքաղաքական "հովանոցի" տակ՝ կենտրոնական ասիական, բելառուսական, կովկասյան (կամ հայ-ռուսական): ՀԱՊԿ-ի գործունեությունը բարդացնում են մասնակից երկրների որոշ դեպքերում նկատելի ներհակ շահերը: Այդ պատճառով կազմակերպության քննադատները մատնանշում են, որ դժվար է պատկերացնել հայկական զինված ուժերը Ղրղզստանում կամ ղազախական զինված ուժերը Հայաստանում, իսկ ղրղզ և տաջիկ զինվորներին Բելառուսում: Աֆղանստանում, օրինակ, այս կամ այն չափով ներկա են (թեպետ ցանկանում են արագ հեռանալ) այդ ռազմաքաղաքական ալիանսի գործնականում բոլոր երկրների զինվորները:

Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները միաժամանակ ՆԱՏՕ-ի "Համագործակցություն հանուն խաղաղության" ծրագրի անդամներ են, որ գործում է 1994 թվականից: Այդ ծրագիրը թույլ է տվել համագործակցության մեջ ներգրավել այն պետություններին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Հետխորհրդային պետություններից յուրաքանչյուրը այդ ծրագրում ունի իր անկասկած պլյուսները, սակայն կոնկրետ երկկողմանի ծրագրերի բովանդակության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՆԱՏՕ-ն չի բացառել, ավելի շուտ սկզբից ևեթ ծրագրել է այդ պետությունների տարածքներում ռազմական բազաների ստեղծումը: Չի բացառվում և ՆԱՏՕ-ի միջամտությունը այդ պետութունների ներքին գործերին: Այսինքն՝ փոխադարձ անվստահության հիմքերը բավարար են: Այնուհանդերձ, ՀԱՊԿ-ի ներքին միասնության ամրապնդման հետ (այդ ճանապարհին կարևոր քայլ դարձան 2012-ի սեպտեմբերին անցկացված "Փոխգործակցություն 2012" զորավարժությունները, որոնց մասնակցեցին կազմակերպության բոլոր անդամների արագ արձագանքման զորախմբերը) հնարավորություն է ստեղծվում առավել սերտ գործընկերային հարաբերություններ զարգացնելու միջազգային կառույցների հետ, որոնք զբաղվում են անվտանգության խնդիրներով (այդ թվում ՆԱՏՕ-ի հետ):
Տարածաշրջանի իրավիճակի վրա ներգործում են ոչ միայն վստահության ցածր մակարդակով պայմանավորված հակասությունները ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի միջև, այլև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերությունների վիճակը, ավելի ճիշտ՝ նրանց տարաձայնությունները: Ընդորում, Աֆղանստանի անկայունության պատճառով ստեղծված պրոբլեմների նկատմամբ դիրքորոշումների տարբերությունը բացասաբար է ներգործում ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, որն իր հերթին սրում է հակասությունները Հարավային Կովկասում: Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև սկզբունքային տարաձայնություններ կան Աֆղանստանում խաշխաշի ցանքսերը վերացնելու վերաբերյալ: Բայց հույս ունենալ, որ Աֆղանստանում մնացող ԱՄՆ-ի զորքերը հանկարծ կսկսեն արդյունավետ պայքարել թմրանյութերի արտադրության ու թմրաբիզնեսի դեմ, անիմաստ է: ԱՄՆ-ը Աֆղանստանից դուրս եկող նարկոթրաֆիկը իր ազգային անվտանգության սպառնալիք չի համարում և անտարբեր է, որ այն սպառնալիք է մեծ թվով երկրների համար:

Թմրանյութերի ու հանցագործության գծով ՄԱԿ-ի Կառավարման զեկույցի համաձայն (2009 թ.) օպիումային կակաչի ցանքսը Աֆղանստանում գերազանցում է Կոլումբիայի, Պերուի և Բոլիվիայի պլանտացիաներին միասին վերցրած և կազմում է 193 հազար հեկտար: Ամեն տարի հերոինի արտադրությունը Աֆղանստանում գերազանցում է 800 տոննան (որոշ գնահատականներով՝ նվազագույնը մեկուկես անգամ ավելի է): Ըստ զեկույցի՝ Ռուսաստանն առաջին տեղում է աշխարհում հերոինի օգտագործման քանակով (ամեն տարի 70 տոննա կամ համաշխարհային օգտագործման 21%-ը), այսինքն՝ 3,5 անգամ ավելի, քան ԱՄՆ-ը և Կանադան (մոտավորապես 20 տոննա) և համարյա երկու անգամ ավելի Չինաստանից (45 տոննա):
ԱՄՆ-ի հասցեին ավելի ու ավելի հաճախ են մեղադրանքներ հնչում, որ հենց նա է աֆղանական նարկոթրաֆիկի գլխավոր օպերատորը, և թմրանյութերն օգտագործում է իբրև այն պետությունների գենոֆոնդի ոչնչացման զենք, որոնց համարում է իր հնարավոր աշխարհաքաղաքական մրցակիցներ, բացի այդ՝ նրկոթրաֆիկը հզոր ֆինանսական աղբյուր է ԱՄՆ-ի հեգեմոնիստական հվակնություները գլոբալ մասշտաբով իրականացնելու համար: Հնարավոր է՝ դա այդ բազմաչարչար երկրում ԱՄՆ-ի երկարատև ռազմական ներկայության ամրապնդման պատճառներից մեկն է: Աֆղանստանում անցկացված մեր միջոցառումների ընթացքում քանիցս լսել ենք այն աֆղաններից, ովքեր չեն ամաչում ներկայանալ իբրև սեփական երկրում «ժողովրդավարական Արևմուտքի» քաղաքականության ներկայացուցիչներ և կողմ են ռուսական զինված ուժերի ներգրավմանը աֆղանական ճգնաժամի ներկա փուլում. «Եթե դուք չգաք Աֆղանստան, Աֆղանստանը կգա ձեզ մոտ»:
Անկասկած, «Աֆղանստանը» կարող է Հարավային Կովկաս գալ, նախրառաջ, ապակառուցողական ուժերի տարածման շնորհիվ, որոնք իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են պայքարի էքստրեմիստական մեթոդներ: Առայժմ այդ ուժերը տարածաշրջանում էական սպառնալիք չեն ներկայացնում, բայց Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում կոնֆլիկտների զարգացմամբ (առավել ևս Իրանում ապակայունացման դեպքում) իրավիճակը անխուսափելի վատանալու է:
Առաջիկայում անխուսափելիորեն ուժեղանալու է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, որը անմիջականորեն կապված է Աֆղանստանից զորքերի մասնակի դուրսբերումից հետո աշխարհաքաղաքական էքսպանսիան տարածաշրջանում շարունակելու Վաշինգտոնի ձգտումների հետ: Ակնհայտ է, որ այդ գործընթացի հետևանքները անմիջաբար ներգործելու են տարածաշրջանի բոլոր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի: Մասնավորապես, մինչև այժմ չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի զորքերի մասնակի դուրսբերումից հետո փորձ կարվի այլ գործառնություններ տալ Ակտաուի (Ղազախստան) տարանցիկ կենտրոնին, արդեն չեմ ասում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ներկայությունն Ադրբեջանում ընդլայնելու ցանկության մասին՝ Կասպյան տարածքում ու Անդրկովկասում ամրապնդվելու համար:

Քչերն են հիմա մտածում, որ, օրինակ, անգամ Պակիստանը սեփական տեսակետն ունի հայ-ադրբեջանական սառեցված հակամարտության վերաբերյալ, որը չի բացառում նշանակալից թվով զինյալների ներմուծում, այդ թվում աֆղան, ղարաբաղյան հակամարտության սրման դեպքում: Այսպիսով, իրականում հնարավոր սպառնալիքները ավելի շատ են, քան երևում են այսօր:
Այդ առումով ՀԱՊԿ-ի ջանքերը Հարավային Կովկասում պետք է ուղղված լինեն առաջին հերթին կազմակերպությունը այնպիսի ուժ դարձնելուն, որը ի զորու է պաշտպանել տարածաշրջանի կայունությունը: ՀԱՊԿ-ի խնդիրները հիմնականում երկուսն են՝ թույլ չտալ էքստրեմիստական ուժերի ներթափանցումը տարածաշրջան (այդ թվում՝ նարկոթրաֆիկով հարստացողների) և կանխել տարածաշրջանի երկրների միջև կոնֆլիկտների զարգացումը, որի պատճառ կարող է դառնալ արտաքին խաղացողների միջամտության հետևանքով ուժերի հավասարակշռության փոփոխությունը Հարավային Կովկասում: Ակնհայտ է, որ այդ նպատակով պետք է արագ լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զարգացմանը:


Անդրեյ ՄԵԴՎԵԴԵՎ

«Պոլիտկոնտակտ»-ի գործադիր տնօրեն

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ