ԱՄՆ-ի Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ՀԴԲ-ն պատրաստ է աջակցել ռուս կոլեգաներին`օլիմպիական խաղերի անվտանգության վերահսկողությունը ապահովելու հարցում` ողջ պատասխանատվությունը, սակայն, թողնելով ռուսական կողմի վրա: ՀԴԲ-ի երկու տասնյակ աշխատակիցներ կտեղակայվեն Մոսկվայում, ևս 10-ը կուղևորվեն Սոչի: Կոմիի խոսքով, որոշ աշխատակիցներ արդեն տեղերում են: Նա ասել է, թե երկու երկրների հատուկ ծառայություններն ու նրանց ղեկավարները մշտական կապի մեջ են եղել , որպեսզի ապահովեն գործողությունների կազմակերպման ու համակարգման պատշաճ մակարդակը:
Հիշեցնենք, որ Սոչի- 2014 ձմեռային օլիմպիադան, որին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, կվերահսկեն ՌԴ ոստիկանության և ներքին զորքերի 40 հազար աշխատակիցներ: Օլիմպիական խաղերի օրերին Սոչիում հնարավոր է տեղի ունենան նաև տարատեսակ ակցիաներ` համաձայն ՌԴ նախագահի` վերափոխված հրամանագրի, որով Վլադիմիր Պուտինը փորձեց ժողովրդավարության շտրիխ ավելացնել օլիմպիադայի ընթացքի համար նախատեսված հատուկ կարգուկանոնի մեջ: Բողոքի ակցիաների կազմակերպիչները նախապես պետք է դիմեն տեղական իշխանություններին և վերջիններիս ու իրավապահների համաձայնության դեպքում կկարողանան ակցիաներ իրականացնել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ