«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն ասել է. «Վիլնյուսում Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնության եկան ՀՀ-ԵՄ գործողությունների պլանի թարմացման անհրաժեշտության շուրջ: Կողմերը նաև համաձայնության եկան հարաբերությունների հիմքի վերանայման շուրջ` հիմնվելով համագործակցության ներկայիս շրջանակի վրա: Հաջորդ քայլով պետք է անդրադառնալ նրան, թե ինչպես առաջ մղել գործընթացը: Գագաթնաժողովում կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակել ապագայում էլ զարգացնել և ամրապնդել իրենց համապարփակ համագործակցությունը: Ըստ Վիլնյուսի միասնական հայտարարության՝ հետագա համագործակցությունը միտված է լինելու ժողովրդավարական ինստիտուտների շարունակական բարելավմանը, դատական համակարգի բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, ընդլայնված առևտրի ու ներդրումների զարգացմանը և համագործակցության ճկունության շարունակականությանն ու ընդլայնված ոլորտային համագործակցությանը»:
Պիտեր Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ն սպասում է, որպեսզի Հայաստանը հստակեցնի երկկողմ համագործակցության ոլորտները, որոնք համատեղելի կլինեն իր արտաքին քաղաքական ընտրության հետ՝ այնպես, որ ԵՄ-ն կարողանան արտացոլել այդ ոլորտներում համագործակցության ընդլայնումը: