Սիրիայի հակամարտության կարգավորմանը միտված բանակցությունները դեռևս չեն կայանում ընդդիմադիր ուժերի` Սիրիաի ազգային կոալիցիայի պատճառով: Կոլաիցիայի ներսում որոշ ուժեր դեմ են հաջորդ շաբաթ Ժնևում տեղի ունենալիք հանդիպմանը մասնակցելուն: ԱՄՆ-ը և մեծ Բրիտանիան հայտարարել են, թե խաղաղ բանակցությունների ձևաչափը մերժելու դեպքում չեն աջակցի ընդդիմադիր ուժերին: Այս ուրբաթ կոալիցիայի ներսում քվեարկության կդրվի «Ժնև- 2» -ին մասնակցության հարցը և որոշում կընդունվի: BBC-ի` կոալիցիայի աղբյուրն ասել է, թե ամերիկյան և բրիտանական աջակցությունը մեծ նշանակություն ունի ընդդիմության համար, սակայն միաժամանակ կասկած է հայտնել, թե նրանց աջակցությունը կդադարի: Նա ասել է, թե Արևմուտքը այլընտրանք չունի` Բաշար Ասադի և «Ալ- Քաիդայի» ուժերի կողքին:
Նշենք, որ Սիրիայի ընդդիմության Ազգային միացյալ կոալիցիայի որոշ ուժեր մերժում էին Բաշար Ասադի իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ձևաչափը և Ասադից պահանջում հեռանալ իշխանությունից: Արևմուտքը, սակայն, պնդել է խաղաղ քննարկման առաջարկը: Բաշար Ասադի կառավարությունը հաստատել էր իր մասնակցությունը ժնևյան հանդիպմանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ