Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ ՌԴ նախագահին կոչ են արել չեղյալ համարել այսպես կոչված` գեյ-քարոզչության մասին օրենքը: Նամակի հեղինակները նշել են, որ նման արգելքի հետևանքով աճում է ագրեսիան ԼԳԲՏ-ների նկատմամբ և օրենքին անհամաձայնություն հայտնելով հույս ունեն «ռուսական պետությանը հասկացնել տալ», որ ժամանակն է ընդունելու 21-րդ դարի մարդասիրական և քաղաքական սկզբունքները, հանուն որոնց հաստատման, իրենց իսկ բնորոշմամբ, աշխատել է ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:
Նշենք, որ ՌԴ-ում ընդունված հակալգբտական օրենքի պատճառով աշխարհի մի քանի ազդեցիկ գործիչներ հրաժարվել են փետրվարին մեկնել Սոչի` ներկա լինելու օլիմպիադայի բացման արարողությանը: Նույն օրենքն էր նաև պատճառը, որ ԵՄ-ը անցած տարվա դեկտեմբերին հայտարարեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը պահպանելու մասին` չնայած այն չեղյալ համարելու ճանապարհին գրանցած մի շարք հաջողությունների: Գեյ մարզիկների և մարզասերների մտահոգությանն ի պատասխան Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ ՄՕԿ-ը իրավունք չունի քննարկելու այն երկրի օրենքները, ուր անցկացվում է օլիմպիադան: Իր հերթին ՌԴ իշխանությունները հավաստիացրել էին, թե օրենքը միայն անհաչափահասների շրջանում տարվող գեյ-քարոզչության արգելքի մասին է, այն ոչ մի կերպ չի առնչվում ԼԳԲՏ իրավունքների խախտման հետ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ