Քիչ դիվանագետների է հաջողվել զսպել ԱՄՆ-ի հավակնություններն այնպիսի հաջողությամբ, ինչպես կարողանում է դա անել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը` գրում է Foreign Policy պարբերականը՝ անդրադառնալով երեկ Փարիզում կայացած բանակցություններին, որոնց մասնակցել են Լավրովը, ամերիկացի գործընկեր Ջոն Քերին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրաշալի ընդունակություն է ցուցադրում՝ աշխատելու մի մարդու հետ, որ հաճույքով բարդացրել է պետաքարտուղարի պաշտոնում իր նախորդի կյանքը: Քերին արեց հերթական ռոմանտիկ քայլը՝ նա ռուս գործընկերոջը երկու տպավորիչ կարտոֆիլ նվիրեց։ Զրույցներից մեկի ժամանակ Լավրովը խոսել էր Այդահո նահանգի կարտոֆիլի մասին։ Քերին հիշել էր և Փարիզ էր բերել կարտոֆիլ՝ ի նշան ռուս գործընկերոջ հանդեպ համակրանքի։ Ի պատասխան՝ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիին նվիրեց վարդագույն գլխարկ, որը պետք է պաշտպանի նրան ԱՄՆ-ին պատուհասած ցրտերից։
Կարտոֆիլը քաղաքականության համար միշտ չէ, որ լավ ավարտ է ունենում։
2006թ.-ին Գերմանիայի և Լեհաստանի միջև «կարտոֆիլային պատերազմ» սկսվեց, երբ գերմանական թերթը կարտոֆիլի հետ էր համեմատել Լեհաստանի հանգուցյալ նախագահ Լեխ Կաչինսկուն։ Զամբիայի ընդդիմության առաջնորդը ձերբակալվել էր, երբ կարտոֆիլ էր անվանել պետության ղեկավարին: