ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակիցը, ով հայրենիքում մեղադրվում է դավաճանության մեջ, կընդգրկվի ԱՄՆ «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի կազմում: Նա ընդունել է հիմնադրամի` իրեն ներկայացված առաջարկը: Կազմակերպության հիմնադիր Դանիել Էլսբերգն ասել է, թե ողջունում է Սնոուդենի որոշումը: «Ինձ համար նա հերոս է, ով հանդես է եկել հանուն սահմանադրական իրավունքների, և ես հպարտ եմ, որ նա համաձայնել է ընդունել մեր առաջարկությունը»,-ասել է Էլսբերգը:
Ինքը` Սնոուդենն ասել է, թե մտադիր է զբաղվել կապի պաշտպանված համակարգի ստեղծմամբ. «Լրագրությունը ապագա չունի, եթե լրագրողը զրկված է իր աղբյուրների հետ շփվելու հնարավորություններից ` չվախենալով հրապարակումից: Եթե այդ իրավունքը չի երաշխավորվում օրենքով, ապա այն կարելի է ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Դա բարդ խնդիր է, բայց ոչ անլուծելի, և ես հուսով եմ, որ, օգտագործելով իմ փորձը, կկարողանամ լուծում գտնել»: Էդվարդ Սնոուդենը նշել է, որ հիմնադրամում իր աշխատանքը կկատարի` չհեռանալով իրեն ապաստան տրամադրած երկրից ` Ռուսաստանից:
Նշենք, որ Դանիել Էլսբերգի «Ազատ մամուլի հիմնադրամը», ինչպես նշված է կառույցի պաշտոնական կայքում, կոչված է աջակցելու և պաշտպանելու լրագրության հասարակական հետաքրքությունը, որը կենտրոնացած է կառավարության անտնտեսվարության, կոռուպցիայի և իրավունքների խախտման ուղղությամբ: Այն ստեղծվել է 2012-ին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ